Ֆրունզե Հայրապետյանը 37 տարի ղեկավարել է 1966 թվականին Մարտիրոս Սարյանի հիմնադրած Երեւանի գեղարվեստատեխնիկական թիվ 8 ուսումնարանը, որը վերջին տարիներին վերանվանվեց արհեստագործական թիվ 5 ուսումնարան: Անցած տարվանից նա թողել է աշխատանքըՙ թոշակի անցնելու պատճառով, բայց միջնակարգ մասնագիտական կրթության ներկայիս խղճալի վիճակը նրան ոչ մի պահ հանգիստ չի տալիս: «Նախկինում դա մի հզոր համակարգ էրՙ նյութատեխնիկական հարուստ բազայով, կենտրոնացված մատակարարման բաժնով, ստանում էինք այն ամենըՙ գործիքներ, նյութեր, սարքավորումներ, ինչ անհրաժեշտ էր հմուտ արհեստավորներ պատրաստելու համար: Միջնակարգ մասնագիտական կրթությունը պետության ուշադրության կենտրոնում էր, ուսանողների խնդիր չէինք ունենում, տարի էր լինումՙ նրանց թիվը հասնում էր 300-ի: Ստիպված 3 հերթով էինք պարապում: Իսկ հիմա ուսանողների թիվը նվազել է գրեթե 10 անգամ, առավելագույնը ունենում ենք 40-60 ուսանող: Այն ժամանակ ձգտում էին դեպի արհեստներ, աշխատանքի պահանջարկ կարՙ հատկապես մեր ուսումնարանի տված մասնագիտությունների գծովՙ խեցեգործություն, ձեռագործ, գորգագործություն, ոսկերչություն եւ այլն: Հիմա ուսանողներն ընդունվում են պետպատվերով, բայց պետությունը նյութական աջակցություն ցույց չի տալիս, աշխատանքի տեղավորման հարցերով չի զբաղվում: Մեր ուսանողների գերակշիռ մասն իր ձեռքի աշխատանքները վաճառքի է հանել Վերնիսաժում, մի ժամանակ այգին լի էր մեր ուսանողներով: Հիմա շատերը վարպետացել են ու վաճառքը հանձնարարել ուրիշներին», պատմում է Հայրապետյանը:
Ժողովրդական իմաստնությունն ասում էՙ «Լավ արհեստավորը մինչեւ կեսօր է սոված», այդպես է նաեւ այսօր, նույնիսկ մեր աշխատանքասուղ իրականության մեջ: Զավակին ամեն գնով բարձրագույն կրթություն տալու ծնողների ձգտումը հաճախ ուղեկցվում է նրան որեւէ արհեստի տեր դարձնելու ցանկությամբ: Հայրապետյանը նկատեց, որ ուսումնարանից հետո բարձրագույն կրթություն ստացած իրենց ուսանողներն այսօր ընտանիք են պահում արհեստով, այլ ոչ բարձրագույնի դիպլոմով ստացած աշխատանքով: Նա ցավով նշեց, որ նախկինում լայն թափով աշխատող Վարդաշենի գեղարվեստի կոմբինատը, հուշանվերների ֆաբրիկան, խեցու գործարանը չնչին տոկոսով են արտադրանք տալիս, մինչդեռ դրա պահանջարկը կա, եւ իրացումը ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի է ընդլայնել ու նոր աշխատատեղեր բացել:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջին եւ նախնական մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանի ասելով, Եվրոմիությունը կհատկացնի 15 մլն եվրո, 2008-2010 թթ. ընթացքում այդ հաստատությունները զարգացնելու համար: Նախ կարգի կբերվեն քոլեջների եւ ուսումնարանների շենքային պայմանները, դրանք կհագեցվեն նյութատեխնիկական բազայով, հետո կվերապատրաստվեն դասավանդող մասնագետները: Հանրապետությունում այսօր գործում է 81 միջին մասնագիտական պետական հաստատություն, եւս 22ՙ ոչ պետական, որոնցում սովորում է 27 հազար ուսանող: Ունենք արհեստագործական 27 ուսումնարաններՙ 65 հազար ուսանողով: Ընդհանուր առմամբ, միջին մասնագիտական եւ նախնական կրթական հաստատություններում պետպատվերով սովորում է մոտ 34 հազար ուսանող, որոնց ուսման համար պետբյուջեից տարեկան հատկացվում է 200-250 հազար դրամ: Նրանց դասավանդող մոտ 500 դասախոսների աշխատավարձը կազմում է 20 հազար դրամ, հաջորդ տարի նախատեսվում է բարձրացնել 5 հազարով, իսկ մինչեւ 2009 թ. հասցնել 90 հազարի: Այս ամենին դեռ պետք է սպասել, իսկ այս պահին ուսումնարանների տնօրեններից շատերը հայտնվել են ծանր վիճակումՙ մի քանի օրից սեպտեմբերի մեկն է, իսկ ուսանողների թիվը չափազանց քիչ է: Նրանց այս կացությունից հանելու համար կրթության ու գիտության նախարարը քննությունների ժամկետը երկարաձգել է մինչեւ սեպտեմբերի 20-ը, իրականում դրանց վերջին ժամկետը օգոստոսի 31-ն է, ըստ սահմանված կարգի:
Վարդաշենի արհեստագործական թիվ 9 ուսումնարանի տնօրեն Սաշա Խաչատրյանը դիմորդների պակասը բացատրում է այն հանգամանքով, որ դպրոցների տնօրենները եւ ուսուցիչները շարունակաբար աշակերտներին քարոզում են հեռու մնալ «խուլիգանանոց» ուսումնարաններից: «Քարոզչություն են տանում, թե ուսումնարաններում մասնագիտություն չեն սովորեցնում, խուլիգանանոց է: Տնօրենները խոստանում են աշակերտներ ուղարկել, բայց այդպես էլ չեն ուղարկում հայտնի պատճառովՙ դպրոցի ֆինանսավորումը կախված է աշակերտների թվից: Նրանց համար շահեկան է դպրոցում պահել դասերից խուսափող, քանդող եւ ավերող 8-րդ դասարանցիներին, քան նրանց ուսումնարան ուղարկելով նվազեցնել ֆինանսավորումը: Իմ կարծիքով, 8 -րդ դասարանում պետք է դասավանդվի մասնագիտական կողմնորոշում, որպեսզի բուհ դիմելու ցանկություն չունեցող աշակերտները կրթությունը շարունակեն ուսումնարաններում, միաժամանակ ստանալով իրենց նախընտրած մասնագիտությունը: Համոզված եմ, որ եթե նախկինի պես երեխաներին բացատրվեր մասնագիտական կրթության կարեւորությունը, 8-րդ դասարանի աշակերտների 30 տոկոսը կգնար ուսումնարաններ: Առաջիկա 10-15 տարիներին շինարարական գործի ահռելի պահանջարկ կլինի Հայաստանում, արդեն իսկ հմուտ արհեստավորներ են բերում Թուրքիայից, Չինաստանից, Իրանից, որովհետեւ այստեղ դրանց թիվը չափազանց քիչ է», ասում է Խաչատրյանը, նույնպես նկատելով, որ մեր օրերում արհեստով ընտանիք պահելը շատ ավելի դյուրին է, քան բարձրագույն դիպլոմով: Եթե վերջինս ստանում է ամսական 50-60 հազար դրամ, այսինքն օրական 1500-2000 դրամ, ապա լավ արհեստավորի (վարսավիր, ծեփագործ, խոհարար, ավտոնորոգող, ավտոէլեկտրիկ եւ այլն) օրավարձը նվազագույն 3 հազարից կարող է հասնել մինչեւ 10 հազար եւ ավելի:
Թիվ 9 ուսումնարանը պետպատվերով ընդունում է 80 ուսանողՙ 8-ամյա կրթության բազայի վրա, համակարգչային օպերատորի, խոհարարի եւ ավտոփականագործի մասնագիտությունների համար: Երեկվա դրությամբ լրացվել է պետպատվերի 50 տոկոսը միայն, ուսումնարանի տնօրենը թեպետ առանձնակի հույսեր չունի, որ դպրոցի տնօրենները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կփոխեն իրենց միտքն ու մի կերպ 9-րդ դասարան տեղափոխված աշակերտներին ուսումնարան կուղարկեն, բայց, այնուամենայնիվ, դեռ սպասում է:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ