«Սարգիս Խաչենց» հրատարակչատան «Արվեստի մատենաշարի» հերթական գիրքը (18-րդ) ներկայացնում է XX դարի ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ Ժորժ Բրաքի «Օր եւ գիշեր» «Տետրեր. 1917-1952» ժողովածունՙ հեղինակային գործերի իլյուստրացիաներով, կարճ նախաբանով եւ ժամանակագրությամբ: Գիրքը ֆրանսերենից թարգմանել է Արա Խաչիկօղլյանը: Լույս է տեսել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի բաժնի աջակցությամբ:
Բրաքն իր «Տետրերը»ՙ կարճ աֆորիստիկ խոհեր-խորհրդածություններ ու ասույթներ գեղանկարչության մասին, սկսել է գրի առնել 1917 թվականից, դրանց առաջին հրապարակումը եղել է «Նորդ Զյուդ» հանդեսում:
XX դարասկզբի գեղանկարչության մեջ հեղաշրջումների հասնող նորամուծությունների, գեղարվեստական մտաձեւերի, գեղագիտական չափանիշների նոր դրսեւորումների հորձանուտում յուրահատուկ եւ կարեւոր նշանակություն է ունեցել Ժորժ Բրաքի ստեղծագործությունը: Հավրի ու Փարիզի գեղարվեստի դպրոցների, Փարիզի Էմբերիի ակադեմիական կրթությունը, իմպրեսիոնիստական եւ պոստիմպրեսիոնիստական շարժումների, հին եգիպտական ու հունական արձանագործության ուսումնասիրություններըՙ իրենց ազդեցություններով ձեւավորել են Բրաքի աշխարհայացքը: Առաջին շրջանում ֆովիզմին էր հարումՙ դրան բնորոշ առանձնահատկություններով: Ինչպես շատերը, Բրաքը նույնպես զգաց Սեզանի ներգործության հզոր ուժը: Հեռանալով ֆովիզմից, ավելի ուշՙ առարկայականությունը, երկրաչափական պարզ ձեւերի արտահայտությունները նրան մոտեցնում են մի նոր ուղղության, որ կուբիզմ անվանվեց: Այդ շրջանում Բրաքը համագործակցում է Պիկասոյի հետ: Նրանց առաջին ծանոթությունից (1907 թ.) մեկ տարի անց Մոնմարտրում ձեւավորվում է նկարիչների ու բանաստեղծների մի խումբ (Անդրե Սալմոն, Ֆրանսիս Պիկաբիան, Ֆեռնար Լեժե, Գիյոմ Ապոլլիներ...): Նրանց դերը կուբիզմի ձեւավորման մեջ որոշակիորեն չզատորոշելովՙ անգլիացի արվեստաբան Հերբերտ Ռիդը, չնայած կուբիզմի ձեւավորման մեջ Պիկասոյին գերիշխող դեր չի վերագրում («Արդի նկարչության համառոտ պատմություն»), բայց իր շարադրանքում ըստ էության հաստատում է, որ Ժորժ Բրաքն ու Պիկասոն են եղել կուբիզմի հիմնադիրները: Նկարչության ընդունված սահմանների մեջ մնալովՙ կուբիստների նորարարությունը նախկինում անտեսված առարկաների ու ձեւերի ներմուծումն էր: Սա մի արվեստ էր Պիկասոյի ասելով, որ «նախեւառաջ գործ ունի ձեւերի հետ, երբ ձեւն իրականացված է, այն այստեղ է եւ ապրում է իր սեփական կյանքով»: Երկու արվեստագետներն էլ կուբիզմի իրենց տարբեր շրջաններում (անալիտիկ եւ սինթետիկ) ունեին գույնի, գծի ու ծավալի գեղագիտական նույն մոտեցումներն ու սկզբունքներըՙ կենտրոնացում լույսի ու ստվերի վրա, գույնի տարանջատում ձեւից: Ավելի ուշ կուբիզմից հեռանալովՙ Բրաքի ստեղծագործություններում (նատյուրմորտ, բնանկար, ծովանկար) պատկերային մոտիվներն իշխում են, շատ հատկանշական է սեւ թռչունը երկնքի ֆոնին պատկերը: Բրաքը զբաղվել է նաեւ քանդակագործությամբ, որմնանկարչությամբ (Լուվրի դահլիճներ), գրաֆիկայով:
Հայերենով առաջին անգամ ներկայացվող Բրաքի «Տետրերը» կարճ ասույթներ են, խոհեր արվեստի, արվեստագետի, հույզի, ստեղծագործության, գիտության, ժամանակի, գույնի, ձեւի, ծավալի մասին: Հետաքրքրական, բանաձեւային նշանակությամբ Բրաքի մի շարք ասույթներ աչքի են ընկնում իմաստային տարաշերտերով, հաճախ բանաստեղծականությամբ. «Հույզը չես ավելացնի, եւ ոչ էլ նմանակի. այն սաղմ է, իսկ ստեղծագործությունըՙ ծնունդ», «Գրել չի նշանակում նկարագրել, նկարել չի նշանակում պատկերել», «Սափորը ձեւ է տալիս դատարկությանը, իսկ երաժշտությունըՙ լռությանը», «Միտքդ ազատ պահիր, եղիր ներկա»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ