«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2007-08-25 | #154, 2007-08-28 | #155, 2007-08-29


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ 3,3 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺԵԼ Է

Մոնակոյում, Նիցցայում հանգստանալուց հետո կարճատեւ ներկայացում Գերմանիայումՙ երկրպագուների հետ մեկժամյա հանդիպում, այնուհետեւ գերմանական CDF հեռուստաալիքի կազմակերպած միջոցառում, որից հետո Մայնի Ֆրանկֆուրտ-Երեւան օդանավովՙ նորից հայրենիք: Երեւանում կայանալիք մամուլի ասուլիսի մասին գիտեինք, ուստի Արթուր Աբրահամի հետ մերՙ օգոստոսի 26-ին կայացած հեռախոսազրույցում մեր գործընկերների հնարավոր հարցերը չուղղեցինք:

- Արթուր, կարելի՞ է ասել, որ վերջին մրցամարտը ձեզ համար ամենադժվարն էր այն իմաստով, որ ձեր մրցակիցը Բեռլինում ձեր հայրենակից Խորեն Գեւորն էր:

- Ո՛չ, ինձ համար ամենադժվար խաղը չէր: Լավ կլիներ, անշուշտ, որ իմ հայրենակիցն ուրիշի դեմ դուրս գար: Արթուր Աբրահամի դեմ ռինգ դուրս գալը Խորեն Գեւորն ու նրա մենեջերն էին որոշել: Լավ կլիներ, որ ուրիշ ընտրություն անեին: Բայց որ չէին մտածել դրա մասին, ես էլ ցույց տվեցի, որ թույլ չեմ տա տիտղոսը խլել ինձնից: Խաղից առաջ մամուլի ասուլիսում Խորենը հայտարարեց, թե ինձ նոկաուտով արագ հաղթելու է: Դահլիճում ծիծաղեցին: Ինձ համար անսպասելի էր նաեւ, երբ ասաց, թե Հայաստանի հետ կապ չունի: Ինձ համար Հայաստանից ու Մոսկվայից 50 հոգի էին եկել. Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանը, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը, նաեւՙ շատ գերմանահայեր:

- Ի՞նչ եք կարծում, լավ բռնցքամարտիկի, թե՞ մարդու հանդեպ համակրանքն էր ձեր երկրպագուների թիվն ավելացրել:

- Բռնցքամարտիկը ռինգում է, բայց ռինգից հետո էլ կյանքը շարունակվում է, եւ շատ կարեւոր է մարդկային հատկանիշները չկորցնելը:

- Տեղյա՞կ եք, ուղեղի ցնցումից հետո Խորեն Գեւորն իրեն ինչպե՞ս է զգում:

- Կարծում եմ, լավ:

- Գերմանացի մեկնաբանները Խորենի մասին լավ կարծիք հայտնեցինՙ ապշեցնող կամք, վճռականություն, արագություն: Ի՞նչ եք կարծում, աշխարհի չեմպիոն կդառնա՞:

- Ես ցանկանում եմ, որ ինքը դառնաՙ բոլոր հայ մարզիկներն էլ արժանի են, հայ ազգի պատիվը կմեծանա: Ինչ վերաբերում է Խորենի արագությանը, չպիտի մոռանալ, որ բռնցքամարտն սկսվում է 6-րդ ռաունդից հետո, սպառված ուժով չես հաղթի, բռնցքամարտը խելքի մրցակցություն է:

- «Բիլդ» թերթը գրել է, որ տարեվերջում ավարտվում է ձեր պայմանագիրը Զաուերլանդի հետ: Համբուրգի «Արենա բոքս պրոմոլշընի» հետ Ահմեդ Բիոները ձեզ 3,3 մլն եվրո է տալիս հաջորդ երեք մրցապայքարների համար: Առաջարկն ընդունե՞լ եք:

- Նման առաջարկ եղել է, մերժել եմ, նորից շարունակում եմ աշխատել Զաուերլանդի հետ: Նա լավ մենեջեր է: 2008-ի երկրորդ կեսին ԱՄՆ-ում ռինգ դուրս կգամ:

- Ձեր մերժման մեջ դերակատարը նաեւ Ահմեդ Բիոների թուրք լինելու հանգամա՞նքն է:

- Այո, ինչքան էլ մեծ լինի գումարի չափը, ես դրանից ավելի շատ կվաստակեմ առաջիկայում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4