Կարճատեւ ընդմիջումից հետո վերսկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: 18-րդ տուրում կենտրոնականը երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ առաջնության աղյուսակը գլխավորող «Արարատի» մրցավեճն էր: Արարատցիները 4 միավորով գերազանցում էին «Փյունիկին» եւ հաղթանակի դեպքում կարող էին ամրապնդել առաջատարի դիրքերը:
Ֆուտբոլասերները համառ մրցակցություն էին ակնկալում, սակայն ցավոք նրանց հույսերը չարդարացան: Արարատցիներն այս անգամ չկարողացան լրջորեն դիմադրել չեմպիոնին: Նախ նրանց կազմում բացակայում էին առանցքային երեք ֆուտբոլիստներՙ Արթուր Մինասյանը, Վահագն Մինասյանն ու Վահե Մեհրաբյանը: Իսկ երբ 39-րդ րոպեին դաշտից հեռացվեց Հրայր Մկոյանը եւ արարատցիները մնացին 10 հոգով, դժվար էր դիմագրավել մրցակցի գրոհներին: Թեեւ հարկ է հիշեցնել, որ 2-րդ շրջանում նմանատիպ իրավիճակում, երբ թիմը կրկին 10 հոգով էր խաղում «Փյունիկի» դեմ, Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» 4-3 հաշվով կամային հաղթանակ էր տոնել: Բայց այս անգամ արարատցիներն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան ու 0-6 հաշվով խոշոր պարտություն կրեցին: «Փյունիկից» արդյունավետությամբ աչքի ընկավ Լեւոն Փաչաջյանը, որն իրեն լավ էր դրսեւորել Պորտուգալիայի հավաքականի հետ խաղում: Նա դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Մեկական գնդակ էլ իրենց օգտին գրանցեցին Արթուր Եդիգարյանը, Աղվան Մկրտչյանն ու Ռոբերտ Արզումանյանը:
3-րդ շրջանում իր հաղթարշավն է շարունակում Կապանի «Գանձասարը», որը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այս անգամ կապանցիները սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթեցին «Շիրակին»: Աչքի ընկավ Արթուր Քոչարյանըՙ խփելով 3 գոլ: Մեկ գոլ էլ իր հաշվին գրանցեց Վահե Դավթյանը: Շիրակցիներից աչքի ընկան Արարատ Հարությունյանն ու Արա Մկրտչյանը:
Իր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Ուլիսը», որը շնորհիվ Գորիկ Խաչատրյանի խփած միակ գոլի հաղթեց «Կիլիկիային»: «Բանանցի» եւ «Միկայի» հանդիպումը հետաձգվել է, քանի որ «Միկան» օգոստոսի 30-ին պատասխան հանդիպումը պետք է անցկացնի «Արտմեդիայի» հետ:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Արարատ | 18 | 12 | 2 | 4 | 32-17 | 38 |
2. Փյունիկ | 16 | 12 | 1 | 3 | 40-12 | 37 |
3. Միկա | 16 | 8 | 4 | 4 | 28-16 | 28 |
4. Բանանց | 17 | 8 | 4 | 5 | 27-20 | 28 |
5. Գանձասար | 18 | 8 | 4 | 6 | 19-14 | 28 |
6. Շիրակ | 17 | 5 | 5 | 7 | 17-20 | 20 |
7. Ուլիս | 18 | 3 | 2 | 13 | 9-37 | 11 |
8. Կիլիկիա | 18 | 1 | 2 | 15 | 5-41 | 5 |
Ռմբարկուները
Մարկոս | «Արարատ» | 16 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 8 |
Արտյոմ Բեռնեցյան | «Շիրակ» | 6 |
Գեւորգ Ղազարյան | «Փյունիկ» | 6 |
Արթուր Քոչարյան | «Գանձասար» | 6 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ