ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կուրյանովիչը գլխավոր դատախազությանը հղած հայցով խնդրել է բեմադրիչ եւ հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի նկատմամբ քրեական գործ հարուցել ՌԴ ՔՕ 282-րդ հոդվածով («Ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի հրահրում»): Ինտերֆաքս գործակալությունը Քեոսայանի փաստաբան Պավել Աստախովին վկայակոչելով հաղորդում է, որ երեկ բեմադրիչին հարցաքննության են կանչել Մոսկվայի Կենտրոնական շրջանի դատախազություն:
Կուրյանովիչի վրդովմունքն առնչվում է «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ» հեղինակային հաղորդման ժամանակ Քեոսայանի արած պատմությանը, ըստ որի մանկության տարիներին ազգային պատկանելության պատճառով տարեկիցներն իրեն ծաղրել են: Հայրըՙ «Անորսալի վրիժառուներ» ֆիլմի հեղինակ Էդմոնդ Քեոսայանը որդուն խորհուրդ էր տվել քարով խփել նրանց, ովքեր ավելի բարձրահասակ են եւ ուժեղ:
Տիգրան Քեոսայանն ընդգծել է, որ ինքը չի հետեւել հոր խորհրդին եւ հավանություն չի տալիս նման վարքագծին: Մինչդեռ Կուրյանովիչն այս պատմությունն ընկալել է որպես ռուսներին քարկոծելու կոչ: ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում փաստաբան Աստախովն ընդգծել է, որ օգոստոսի 29-ին պետք է լուծվի քրեական գործ հարուցել-չհարուցելու հարցը: Նրա խոսքերով, արդեն հարցաքննվել են REN-TV հեռուստաալիքի եւ ծրագիրը թողարկող պրոդյուսերական ընկերության ներկայացուցիչները:
Կուրյանովիչը 2006-ի հոկտեմբերին հեռացվել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից: Նա հայտնի է իր ազգայնամոլ հայացքներով եւ արմատական օրենսդրական նախաձեռնություններով: Մասնավորապես առաջարկել է օրինագիծ, ըստ որի պետք է ՌԴ քաղաքացիությունից զրկվեն օտարերկրացիների հետ ամուսնացած կանայք: Կուրյանովիչը գործակցում է «Շարժում ընդդեմ անօրինական ներգաղթի» խմբավորման ներկայացուցիչների հետ եւ եղել է «Ռուսական երթ» ազգայնական ձեռնարկման կազմակերպիչներից մեկը:
Տիգրան Քեոսայանը հայտնի է «Խեղճ Սաշան», «Արծաթագույն հովտաշուշան» ֆիլմերով եւ Չեչնիայի պատերազմի մասին պատմող «Տղամարդկային աշխատանք» ֆիլմաշարով:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ