«Չպայթած ռումբի» պատմությունը «հարստացվում» է լրտեսների, խաղաղապահների ձերբակալություններով
Վրաստանը կեղծել է օգոստոսի 6-ին տեղի ունեցած «ռումբի» միջադեպը: Թեեւ հերթական որակումներով ու անսպասելիությունից զուրկ, բայց յուրօրինակ խստությամբ ու հստակ մեղադրանք ներկայացնող նման հայտարարություն է արել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ավիացիոն սպառազինության գլխավոր ինժեներ Պավել Ակուլյոնոկը, որ աշխատում էր միջադեպի քննության ռուսաստանյան փորձագետների խմբում:
Իր հերթին, ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ-լեյտենանտ Իգոր Խվորովը հայտարարել էր, թե օգոստոսի 6-ին Վրաստանի տարածքում հայտնված ռումբը Գորիի շրջան չի հասել ռուսական կողմից: «Ամենից առաջ մեզ զարմացրեց հենց ռումբի նետման վայրը: (Արդեն քննության ընթացքում) այնտեղ ոչինչ չկար` ամեն ինչ հարթեցված էր, մաքրված: Մեզ խնդրեցին հավատալ իրենց խոսքերին, կողմնորոշեցին աշխարհի կողմերով ու ասացին, թե ռումբը բերվել է այստեղից, ընկել այստեղ, բեկորներն այսպես են ընկել... Բայց երբ մենք նայեցինք լուսանկարները, նաեւ թե ինչպես էր տեղադրված եղել ռումբը հողում, ապա դա վկայում էր, որ այն բաց է թողնվել ոչ թե հյուսիսային, այլ հարավային ուղղությունից», պաշտոնապես հայտարարել է Խվորովը:
ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի ղեկավարն իր խոսքում օգոստոսի 6-ի միջադեպը որակելով «կոպիտ սադրանք» Ռուսաստանի դեմ` ընդգծել է. «Այն ժամանակ, երբ Ռուսաստանը իրավունք է ստացել օլիմպիադա անցկացնել Սոչիում, երբ Ռուսաստանը շահագրգիռ է այդ տարածաշրջանում իրավիճակի կայունությամբ, մի՞թե Ռուսաստանը նման սադրանքի կգնար: Դրանում տրամաբանություն չկա»:
«Ազգն» արդեն գրել է օգոստոսի 6-ին Վրաստանի Գորիի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում երկու անհայտ ինքնաթիռների ի հայտ գալու եւ ռումբ նետելու մասին, որը չէր պայթել: Վրացական իշխանություններն անմիջապես հայտարարեցին, թե դրանք ռուսական ինքնաթիռներ են եղել, որոնք եւ նետել են ռումբը: Ռուսական կողմն էլ, իր հերթին, հայտարարեց, թե օգոստոսի 6-ի միջադեպը բեմականացում է, այն էլ վատ ռեժիսորական իրականացմամբ:
Նշենք նաեւ, որ ռուս-վրացական հարաբերություններում այսօրինակ «միջադեպերն» արդեն առնվազն մի քանիսն են, որ լուրջ բարդություններ են առաջացրել այդ հարաբերություններում` միաժամանակ վնասի մեծ բաժին «հանելով» Հայաստանին: Եվ եթե հաշվի առնենք, որ ռուս-վրացական հարաբերությունները կարգավորվելու առանձնակի միտումներ չեն դրսեւորում, ապա կարելի է հերթական դարձող այս «չպայթած ռումբի» պատմությունն էլ մինչեւ որոշակի ամսաթիվ հարաբերությունների չգոյության առիթ համարել:
Որոշ դեպքերում անգամ հայտնի ռեժիսորների ու բեմադրիչների Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների «ներկայացման» ընդհանուր տրամաբանության մեջ լիովին տեղավորվում է նաեւ վրացական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե երեկ առավոտյան վրաց իրավապահներն ազատ են արձակել աբխազական հակամարտության գոտում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորագնդի 15 խաղաղապահների, որոնք, վրացական կողմի ներկայացմամբ, ձերբակալվել էին իրենց առաքելության մանդատով նախատեսված տարածքից դուրս գտնված ժամանակ:
Ինչպես եւ սպասելի էր, այս միջադեպն էլ զերծ չի մնացել փոխադարձ մեղադրանքներով, սադրանքների ու դիվերսիաների մեջ մեղադրանքներով առավել «հետաքրքրական» դարձնելու նկրտումներից: Մյուս կողմից, ի ցույց այլ երկրների ու միջազգային կառույցների, երկկողմ այնպիսի ռեւերանսներ են փոխանակվում երկու երկրների տարբեր մակարդակի պաշտոնյաների` հանդիպման ու ռուս-վրացական հարաբերությունների խնդիրները քննարկելու պատրաստակամության արտահայտմամբ, որ անսկզբունքայնության որակում կարելի է տալ ինչպես ռուսների, այնպես էլ վրացիների բոլոր տեսակի հայտարարություններին (եթե, իհարկե, քաղաքականության մեջ ընդունելի կարող է լինել սկզբունքներ ունենալը կամ դրանց հավատարիմ լինելը):
Ամեն դեպքում, եթե ռուսական կողմը սեփական անմեղության վկայություն է համարում սեփական շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունություն ապահովելու հարցում Սոչիի օլիմպիական նախապատրաստությունների ընթացքում, ապա նույն կերպ վրացական կողմի համար աբխազական ներգրավվածությունը այդ խաղերի անցկացման կազմակերպմանը, մեղմ ասած, անցանկալի երեւույթների շարքից է: Սակայն, ինչպես ասում են, կարեւոր է մնում, թեկուզ միջազգային կառույցների` միջադեպը պարզելու մեծագույն ցանկության վկայությամբ հայտարարությունների ֆոնին, թե ով եւ ինչու է Գորիի շրջանում օգոստոսի 6-ին օդ բարձրացրել երկու ինքնաթիռ, ռումբ նետել, եւ այն էլ այնպես, որ չպայթի:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ