Մ. Շահգելդյանը բացառում է իշխանության հետ համագործակցությունը
«Ուրբաթ» ակումբում երեկ հյուրընկալված «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) փոխնախագահ Մհեր Շահգելդյանից լրագրողներս թեեւ շատ հարցերի պատասխաններ էինք ակնկալում, բայց այդուհանդերձ, ինչպես եւ ամբողջ քաղաքական դաշտը, ՕԵԿ-ը եւս դեռ մտորումների եւ բանակցությունների շրջանում է: Եթե շատ հարցերի պատասխաններ դեռ ենթադրությունների եւ կանխատեսումների մակարդակով էին, ապա ՕԵԿ-ի մարտական վիճակում լինելու հարցը հստակ էր այնպես, ինչպես որ ՕԵԿ-ի` մասնավորապես Մհեր Շահգելդյանի համար նախագահական ընտրությունների ամենաթեկնածուն Արթուր Բաղդասարյանն է:
Նախօրեին «Ժառանգություն» կուսակցությունը հանդես էր եկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը չի պատրաստվում պաշտպանել խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր կուսակցությունը: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ իրենք չեն պաշտպանելու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը, քանի որ խնդրի լուծումը բանակցային գործընթացի շրջանակներում է, եւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի այդ տեսանկյունից: Կուսակցության փոխնախագահն իհարկե չբացառեց ԼՂՀ խնդրի լուծման համար նորարարական մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով մետելիցյան հանդիպումներին` Մհեր Շահգելդյանն ընդգծեց, որ խորհրդակցություններն ու նախագահական ընտրություններից առաջ կազմակերպվող այդ հանդիպումներն իրենք կարեւորում են եւ փորձում են համաձայնության գալ գաղափարների եւ սկզբունքների հարցերում: ՕԵԿ փոխնախագահը շեշտեց, որ իրենք միշտ էլ պաշտպանել են միասնական թեկնածուի գաղափարը, բայց միեւնույն ժամանակ չի բացառվում, որ մարտավարական տեսանկյունից ընդդիմությունը ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածու ունենա: «Հասարակությունն ունի միասնական թեկնածուի ակնկալիք, բայց միաժամանակ տակտիկական տեսանկյունից հնարավոր է, որ չլինի մեկ միասնական թեկնածու, այլ լինի երկու, երեք բեւեռ: Երկու թեկնածուի առաջադրման խոսակցություն կա նաեւ իշխանական թեւում», ասաց Մհեր Շահգելդյանը` միաժամանակ կարեւորելով ընտրությունների երկրորդ փուլի դեպքում միավորվելու եւ մեկ միասնական թեկնածուով հանդես գալու հարցը:
Հարցին, թե պայմանների կամ հանգամանքների փոփոխման դեպքում ՕԵԿ-ը կհամագործակցի՞ իշխանությունների հետ, Մհեր Շահգելդյանը շեշտեց, որ իրենց կուսակցությունը ընդդիմության դաշտում պայքարող ուժ է եւ իշխանության հետ չի համագործակցի: Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ համագումարը հավանաբար կլինի հոկտեմբերի կեսերին կամ վերջում: Ինչ վերաբերում է քաղաքական կյանքի ակտիվացմանը, ապա ՕԵԿ փոխնախագահը դա ակնկալում է նոյեմբեր ամսից:
«Ազգի» հարցին, թե ինչպիսին է ՕԵԿ դիրքորոշումը նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ, ՕԵկ փոխնախագահը պատասխանեց, որ Հայաստանի առաջին նախագահի հնարավոր առաջադրման խնդիրն ավելի շատ վերաբերում է այն կուսակցություններին եւ քաղաքական ուժերին, ովքեր խոսում են այդ մասին: Մհեր Շահգելդյանը նշեց, որ դեռեւս չկա Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին պաշտոնական հայտարարություն, իրենք չեն կարող որեւէ դիրքորոշում ունենալ այդ հարցի վերաբերյալ: Ակումբի հյուրը խոստացավ իրենց կուսակցության դիրքորոշումն արտահայտել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման պաշտոնական հայտարարությունից հետո:
Տասը տարի առաջՙ օգոստոսի 29-ին կնքվել է հայ-ռուսական մեծ պայմանագիրը: Լրագրողների հետաքրքրությանը, թե ըստ ՕԵԿ-ի, ինչպիսին են հայ-ռուսական հարաբերությունները, Մհեր Շահգելդյանը պատասխանեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ավելի դինամիկ, բայց ակնկալելի է այդ հարաբերությունների տնտեսական հատվածի ակտիվացումը:
Մհեր Շահգելդյանի ասուլիսից հետո մեկ անգամ էլ պարզ դարձավ, որ մեծ հաշվով այս պահին մեր երկրի որեւէ կուսակցություն որեւէ հստակ ասելիք չունի: Բոլորը բանակցում են, պարզում շահերի բախման հնարավորություններն ու հաշվարկում սպասելիքները: Առերես մահացած քաղաքական կյանքը կուսակցությունների եւ քաղաքական ուժերի ներսում բավական եռուն է, իսկ թե արդյունավետ կլինի արդյոք ելքը, ժամանակը ցույց կտա:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ