Գլենդեյլից ժամանած Հրաչ Ջավադյանը երկրորդ անգամ էր մասնակցում Համահայկական խաղերին: Նա գլխավորում էր սեղանի թենիսի թիմը, միաժամանակ հանդես եկավ մրցումներում: Նրան խնդրեցինք իր տպավորությունները կիսել Համահայկական խաղերի մասին:
- Եթե համեմատելու լինենք նախորդ խաղերի հետ, ապա կազմակերպչական եւ մրցակցության առումով Համահայկական 4-րդ խաղերը գերազանցեցին նախորդին: Գնալով մրցակցությունն ավելի է թեժանում, սփյուռքահայերի մոտ հետաքրքրությունը խաղերի նկատմամբ աճում է, մրցավարության որակն էլ բարելավվում է: Սակայն շփվելով սփյուռքահայերից շատերի հետ, տեղյակ եմ նաեւ առանձին թերություններին ու դժգոհություններին: Երբեմն մրցումների ժամանակ հանդիպեցինք ոչ ազնիվ մրցավարության: Խաղերի հարատեւության համար ազնիվ մրցակցությունը շատ կարեւոր նախապայման է: Ընդհանրապես լավ կլիներ, որ խաղերի կազմակերպիչները հարցումներ անցկացնեին մասնակիցների, զբոսաշրջիկների շրջանում եւ տեղեկանային նրանց հուզող հիմնախնդիրների, դժգոհությունների մասին, որպեսզի հաջորդ խաղերում այդ հիմնահարցերը շտկվեին: Եթե հյուր եք հրավիրում, պետք է հյուրին պատշաճ մակարդակով ընդունել:
Ինչ վերաբերում է կոնկրետ սեղանի թենիսի մրցաշարին, ապա այն լավ էր կազմակերպված եւ բավական համառ մրցապայքարում անցավ: Մեր թիմի կազմում ընդգրկված էին չորս թենիսիստներՙ ես, Ռոբերտ Շահնազարին, Ժորժիկ Նազարյանը եւ Էրիկ Շահնազարին: Թիմային պայքարում 19 թիմերի մեջ զբաղեցրինք 6-րդ տեղը, իսկ անհատական պայքարում Ռոբերտ Շահնազարին դարձավ բրոնզե մրցանակակիր: Նշեմ, որ 10-ամյա Էրիկ Շահնազարին մինչեւ 10 տարեկանների ԱՄՆ-ի սեղանի թենիսի առաջնությունում վերջերս գրավել է 3-րդ տեղը, ինչը մեծ պարծանք է մեզ համար:
Ասեմ, որ մարզիչ եմ աշխատում Գլենդեյլի «Արարատ» ակումբում, որտեղ շաբաթական 2 օր պարապմունքներ ենք անցկացնում: Սեղանի թենիսի մեր խմբում 35 թենիսիստներ են մարզվում, բոլորն էլ հայեր են, որոնցից 20-ըՙ մինչեւ 18 տարեկան պատանիներ ու աղջիկներ են:
- Գլենդեյլի հայ համայնքն ի՞նչ թիվ է կազմում:
- Այսօր մոտ 190 հազար բնակչություն ունեցող Գլենդեյլում մոտ 70 հազար հայեր են բնակվում: Իհարկե, կան նաեւ հայ մարզիկներ, որ ամերիկյան ակումբներում են մարզվում, կատարելագործում են իրենց վարպետությունը սեղանի թենիսից, թենիսից, լողից, բասկետբոլից:
- Այս չորս տարվա մեջ Երեւանում զգալի՞ են փոփոխությունները:
- Այո, բավական փոփոխություններ են նկատվում: Նկատի չունեմ միայն շինարարության մեծ թափը: Ավելի են ջերմացել հարաբերությունները զբոսաշրջիկների նկատմամբ, ավելի լավ ու ջերմ հյուրընկալության ենք արժանանում: Երեւանում գիշերային կյանքն էլ ռեստորաններում ու ակումբներում զգալիորեն աշխուժացել է եւ ավելի հաճելի մթնոլորտ է ստեղծվել: Զբոսաշրջիկների համար նախատեսված ծրագիրն ավելի հետաքրքրական է դարձել:
- Օգոստոսի 22-ը մրցումներից ազատ օր էր: Որտե՞ղ անցկացրիք այդ օրը, ինչպիսի՞ տպավորություններ ստացաք:
- Գնացել էինք Սեւան, որտեղ բավական լավ ժամանակ անցկացրինք, իսկ երեկոյան ներկա գտնվեցինք Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը: Շատ հետաքրքրական խաղ էր, մեր ֆուտբոլիստները եվրոպական մակարդակի խաղ ցուցադրեցին: Իհարկե, հաճելի կլիներ, որ մերոնք հաղթեին, բայց ոչ-ոքին էլ իմ կարծիքով հավասարազոր էր հաղթանակի: Կարեւորը ցուցադրած խաղի բարձր որակն էր:
- Առաջին անգա՞մ էիք դիտում Հայաստանի հավաքականի խաղը:
- Հեռուստացույցով հետեւում եմ հավաքականի ելույթներին: Այս անգամ հայ ֆուտբոլիստներն ավելի մեծ տպավորություն թողեցին եւ եվրոպական մակարդակի խաղ ցուցադրեցին:
- Հնարավո՞ր է Համահայկական խաղերի անցկացումը ասենք Լոս Անջելեսում:
- Խաղերի կազմակերպման առումով ոչ մի խնդիր չկա, կան համապատասխան մարզակառույցներ: Ամեն տարի այստեղ անցկացվում են Նավասարդյան խաղեր: Բայց իմ կարծիքով Համահայկական խաղերը Հայաստանում անցկացնելը ճիշտ է: Դա հնարավորություն է ընձեռում սփյուռքահայերին այցելել իրենց պատմական հայրենիք, ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին, նոր կապեր ու ծանոթություններ հաստատել: Քիչ չեն դեպքերը, որ սփյուռքահայերն այդ այցելությունների ժամանակ Հայաստանում անշարժ գույք են գնում, այստեղ ամուսնանում ու բնակություն են հաստատում: Այնպես որ Համահայկական խաղերի դերն ու նշանակությունը չպետք է թերագնահատել, դրանք նպաստում են հայրենիք-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ