Թուրքական բանակին հասցեագրված բաց նամակում այս հարցադրումն է անում «Ենի շաֆաքի» հեղինակը
Օգոստոսի 28-ին ընտրությունների 3-րդ փուլի քվեարկության արդյունքներով Թուրքիայի նախագահ ընտրված Աբդուլլահ Գյուլի երդման արարողությանը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Բույուքանըթի գլխավորությամբ հրաժարվել էին մասնակցել բարձրաստիճան զինվորականները: Նրանք ոչ էլ «Չանքայա» պալատում շնորհավորել էին նորընտիր նախագահին, ինչը միանգամայն աննախադեպ էր Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ, նաեւ արարողակարգի կոպիտ խախտում:
Հաջորդ օրը Աբդուլլահ Գյուլը որպես նախագահ մասնակցել է GATA-իՙ Գյուլհանեի բժշկագիտական զինվորական ակադեմիայի շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսությանը: Հատկանշական է, որ նույն Բույուքանըթը, անտեսելով հանդիսությունների բացման համար զինվորական ակադեմիա ժամանած նախագահ Գյուլին, հրաժարվել է նրան պատիվ տալ: Ինչ վերաբերում է զորահրամանատարներին, ապա նրանք էլ նախընտրել են պատիվ տալ ոչ թե Թուրքիայի նախագահին, այլ գլխավոր շտաբի պետին, չմոռանալով ելույթներում հերթական անգամ ընդգծել իրենց հավատարմությունը Քեմալ Աթաթուրքի սկզբունքներին եւ բարեփոխումներին, ինչպես նաեւ երկրի հանրապետական աշխարհիկ կարգերին:
Բարձրաստիճան զինվորականության այս վարվելաձեւը, որն արդեն քաղաքավարության տարրական կանոնների ոտնահարում է նաեւ, բուռն հակազդեցություն է առաջ բերել Թուրքիայում:
Միաժամանակ առիթ է տվել միջազգային առաջնակարգ լրատվամիջոցներին, որ հետեւյալ հարցադրումն անեն. «Սա հուշագրի նո՞ր տարատեսակ է, թե՞ դիմադրություն ընդդեմ ժողովրդի»: Ինչ պատճառ էլ ունենա այս վարվելաձեւը, թուրքական բանակը դրանով ակամա խոստովանում է երկրում դիրքերի զիջման անխուսափելիությունը եւ ընդունում, որ «Չանքայայում» նախագահի աթոռին բազմելը, վարչապետ Էրդողանի դիպուկ արտահայտությամբ, չի կարող արտոնյալ ընտրախավի մենաշնորհը լինել:
Բանակի կամակորություններին ցուցաբերվող հակազդեցության առումով չափազանց ուշագրավ է «Ենի շաֆաքի» հեղինակ Ալի Բայրամօղլուի բաց նամակը, որը «Լավ, դուք ո՞վ եք» խորագրով հրապարակվել է այս թերթի օգոստոսի 30-ի համարում: Ահա թե ինչ է գրել Բայրամօղլուն. «Չմասնակցելով ընտրված նախագահի երդման արարողությանը, ոչ միայն ընդունված կարգն եք խախտում, այլեւ արհամարհում եք նախագահական ընտրություններն ու նախագահին: Երբ նորընտիր նախագահը մասնակցում է պաշտոնական արարողությանը, հակառակ ավանդույթին, նրան պատիվ չեք տալիս: Լինելով պետական կառույց, պետության ղեկավարի դեմ դիրքեր գրավելու մեջ որեւէ անհարմարություն չեք տեսնում: Պետական ավանդույթներին համապատասխան գործելը մի կողմ, դուք ոտնահարում եք «Չանքայայի» նստավայրին առնչվող արարողակարգը, անտեսում ընտրողի կամքը եւ չեք հարգում ժողովրդավարության սկզբունքները:
Լավ, ո՞վ եք դուք: Մի՞թե պատասխանատվություն չունեք: Սակայն, երբ ձեզ ձեռնտու է, չեք խորշում ճգնաժամ առաջացնելուց, ձեր հայտարարություններով խանգարում եք պետական կառույցների ներդաշնակ գործունեությունը երկրում: Ունե՞ք դրա իրավունքը: Իհարկե ոչ: Դրա լիազորությունն էլ չունեք: Նույնիսկ Լատինական Ամերիկայում արդեն պատմության գիրկն են անցել զինվորական վարչակարգերը եւ ոչ ոք այլեւս չի հիշատակում «զինվորական ժողովրդավարության» մասին: Նախ դուք պետք է սովորեք ժողովրդավարության անհրաժեշտ կանոնները, ապա եւ հասկանաք հասարակության հետ կռվելու եւ հասարակական պահանջներին մարտահրավեր նետելու կործանարար էությունը երկրի համար: Ձեր բնորոշած հասարակարգը որեւէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Եվ վերջապես հասկացեք, որ Թուրքիայի պես երկրները կառավարելու եւ նրա ամբողջականությունը պահպանելու միակ ուղին ժողովրդավարությունն է: Ժամանակն է, որ ձերբազատվեք ձեր նախապաշարմունքներից»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ