«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2007-08-29 | #156, 2007-08-30 | #157, 2007-08-31


Պ. ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԵԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԱՊԱ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՆՐԱ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ»

«Կոնգրես» հյուրանոցում օգոստոսի 28-ին ասել-լսելուՙ ջերմ մթնոլորտում մտքեր փոխանակելու նպատակով հանդիպել են ԱԻՄ, ԱՄ, ՀԺԿ, ՕԵԿ, ՍԴՀԿ, ԺՈՒԿ, ԱԺԿ առաջնորդները: Այս մասին «Հայացք» ակումբում երեկ տեղեկացրեց հանդիպումները նախաձեռնող ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հանդիպմանը մասնակցության թույլտվություն չի ստացել «Ժառանգություն» կուսակցության ֆորմալ ղեկավար Վարդան Խաչատրյանը, քանի որ կուսակցության իրական առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է: Ոչ առաջնորդների ներկայությունը հաջորդելիք հանդիպումներին չի բացառվի, եթե միայն լուրջ պատճառ կա առաջին դեմքի բացակայության եւ նախապես տեղեկացումն էլ արված է: Հայրիկյանի տեղեկացմամբՙ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չի մասնակցել իրեն անհայտ պատճառով, իսկ վերջինս մամուլին հայտնել է, որ չի մասնակցում Երեւանից բացակայելու պատճառով: Նույնն է հանդիպմանը Արամ Գասպարի Սարգսյանի չմասնակցելու պատճառը, ինչի մասին Սարգսյանը հայտնել է Հայրիկյանին, իսկ Արամ Զավենի Սարգսյանը մամուլի միջոցով հաղորդել է, որ չի մասնակցում սկզբունքորեն: Այս մոտեցումը Պարույր Հայրիկյանը «գժական» է համարում ու կարծում, որ այդ որակումը սազական է քաղաքական այն գործչի մոտեցմանը, ով զբաղվում է քաղաքականությամբ ու հայտարարում է, թե սկզբունքորեն չի հանդիպի իր գործընկերների հետ: Բայց այդ մոտեցումն, ըստ ԱԻՄ նախագահի, չի պատկանում Արամ Զավենի Սարգսյանին, այլ մամուլի խեղաթյուրում է:

Հավաքները նախաձեռնողի իրավունքով ԱԻՄ նախագահը հայտարարեց, որ չի ցանկանում դրանք անվանել ընդդիմադիրների հավաք, քանի որ դրանք ժողովրդավարական ուժերի հավաքներ են եւ արդեն այդպես էլ ընկալում են մասնակիցները: Հավաքներն, ի դեպ Հայրիկյանի հավաստմամբ, գաղտնիություն չեն կրում եւ լրագրողներին չհրավիրելը բացատրվում է մամուլում իրողությունները խեղաթյուրված ներկայացնելու մտավախությամբ:

Հանդիպումներում որեւէ գաղտնիքի առկայություն բացառելով հանդերձ, ԱԻՄ նախագահը խուսափեց խոսել մասնակիցների առաջարկներից, այդպես էլ չասելով, թե ով է հանդիպման ընթացքում առաջարկել մասնակցության հրավեր ուղարկել իշխանական թեւի կուսակցություններին:

ԱԻՄ նախագահն իրեն առնչվող տեղեկությունները մանրամասնեց ակտիվորենՙ Հայրիկյանն առաջարկում է Հայաստանը դարձնել աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը: Այս ծրագրի շուրջը քաղաքական ուժերի համախմբման դեպքում Հայրիկյանն իմաստավորված կհամարի նախագահի ընտրությանն իր մասնակցությունը, անգամ մեկ ուրիշ լիդերի աջակցելու եղանակով: Հակառակ դեպքում նախագահի ընտրությունն, ըստ ԱԻՄ առաջնորդի, կդառնա մանր-մունր գզվռտոց, որին ոչ իրՙ Պարույր Հայրիկյանի, ոչ էլ ԱԻՄ մասնակցությունը իմաստ չի ուենա: Համարելով, որ իր առաջարկած Ժողովրդավարացման ծրագիրը եթե ընդունի Սերժ Սարգսյանը, ապա ինքը պատրաստ է պաշտպանելու անգամ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս կերպ պատասխանելով կպաշտպանի՞ արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

ԱԻՄ ղեկավարի տեսանկյունից քաղաքական ուժերի առաջնորդները հավաքներին մտքեր են փոխանակում եւ հեռանում հարստացած: Հավաքներին մասնակցության ձեւաչափը ստվերային կառավարություն համարելը, որն ունի ընդդիմության քննարկվող նախընտրական պլատֆորմ եւ ֆինանսական աջակցություն, Պարույր Հայրիկյանի կարծիքով, վաղաժամ է, սակայն զարգացումները կարող են տանել հենց դրան: Ֆինանսական հարցերի լուծումն էլ հաղթահարելի է, ըստ բանախոսի, չնայած դեռ ուղղակի քննարկումներ չեն եղել, բայց ժողովրդավար ուժերի բեւեռի ձեւավորումից հետո շատերը ներդրումով կաջակցեն այդ բեւեռին:

«Քննարկումների փուլում ենք: Այդ քննարկումների նպատակն այն չէ, որ հավաքվածներն անպայման հանդես գան միասնական: Ես այդ ամենը նախաձեռնել եմ, որպեսզի չկրկնվի խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը: Բոլորը ուզում էին միասնական թեկնածու, բոլորը իրար հետ իբր թե ժողովներ էին անում առանձին-առանձին, վերջում պարզվեց ոչինչ, ըստ էության, ոչինչ չմնաց: Եվ պարզվեց, որ բոլորն ուզում էին, բայց մեղավորն ով էր, ոչ ոք չիմացավ», լրագրողների հետ հանդիպման ավարտին կրկին ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

Անդրադառնալով Ժողովրդավարական ուժերի երրորդ հանդիպման ժամկետին, բանախոսը հայտնեց, որ այն արդեն իսկ կարելի է սկսված համարել, քանի որ «Կոնգրեսի» հանդիպումից հետո արդեն իսկ ընթանում են փոքր ձեւաչափով հանդիպումներ: Հանդիպման ժամկետը ընդհանուր որոշելիք է, ըստ հանդիպման նախաձեռնող Պարույր Հայրիկյանի, որը հոգում է նաեւ դահլիճի վարձակալության ծախսերը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4