ՏՏ ոլորտի զարգացումը միայն հռչակելով չէ, կոնկրետ քայլեր են պետք
Հայաստանում ժամանակակից կապի համակարգի արդյունավետությունը երեկ քննարկման թեմա էր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) ոլորտի մի շարք ընկերությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հրավիրյալների մի զգալի մասը թերեւս չէր կարեւորել թեման կամ էլ ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնում դրա քննարկումը, ուստի բացակայում էր: Սկզբից եւեթ շտապ զանգի «պատճառով» ինչպես եկել էր, այնպես էլ հեռացավ սեմինար-քննարկման առաջին բանախոսը` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կապի վարչության պետ Գեւորգ Բալոյանը, որ պիտի ներկայացներ կապի համակարգը Հայաստանում եւ պետական քաղաքականությունն ու զարգացման հեռանկարները:
Կապի ոլորտում ձեռքբերումների առնչությամբ երանելի սովետական ժամանակների հիշատակումից հետո ներկայացվեց առավել հետաքրքրական, թեեւ մեթոդաբանության առումով անհասկանալի պահեր պարունակող վերլուծություն Հայաստանում հեռախոսակապի սակագների ցուցանիշների առնչությամբ, որ իրականացրել է ՌԱՀՀԿ-ը` հավաքելով եւ մշակելով հեռախոսակապի սակագներին առնչվող տեղեկություններ ինտերնետային բաց աղբյուրներից ու լրատվամիջոցների հաղորդագրություններից: Համեմատվել են հայաստանյան եւ Վրաստանում, Ադրբեջանում, Մոսկվայում` որպես առանձին միավոր եւ Միացյալ Նահանգներում նույն սակագների ցուցանիշների հետ:
Որոշ հետաքրքրական դիտարկումներ արժանի են ուշադրության: Մասնավորապես, նշված երկրներից միայն Հայաստանում է ամսական բաժանորդային վճարի կտրվածքով տարբերակում դրվում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ: Ինչ վերաբերում է ֆիքսված ցանցում րոպեավճարին, ապա վերլուծության համաձայն, այդպիսի ցուցանիշ չկա ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Վրաստանում, իսկ Մոսկվայում եւ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը նվազագույնը երեք անգամ փոքր է Հայաստանում կիրառվող րոպեավճարի չափից:
Ֆիքսված ցանցից դեպի շարժական ցանց մեկ րոպեի արժեքով, դժբախտաբար, ռեկորդակիր ենք ընտրված երկրների համեմատությամբ: Դիտարկված ցուցանիշները առավել լավ են արտահայտում իրավիճակը միջին աշխատավարձի համեմատությամբ: Հայաստանում միջին աշխատավարձի` 197 ԱՄՆ դոլարի 19,5 տոկոսն են կազմում ֆիզիկական անձի ֆիքսված հեռախոսակապի ծախսերը, Վրաստանում` 115 դոլարի 22 տոկոսը: Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է 196 դոլար, որի 8,9 տոկոսն են ֆիզիկական անձի ֆիքսված հեռախոսակապի ծախսերը, իսկ Մոսկվայում 500 դոլարից այդ նպատակով ծախսվում է միայն 4 տոկոսը: Միացյալ Նահանգների ցուցանիշները երազային կատեգորիայից են` միջին 3120 դոլար աշխատավարձից այդօրինակ ծախսերի համար հատկացվում է 0,7 տոկոս:
Մի խոսքով, սակագների ցուցանիշների վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ անգամ տարածաշրջանի երկրների համեմատությամբ Հայաստանը դեռ անելիքներ շատ ունի:
Պարզվում է, անելիքների մեծ մասը դեռ չենք սկսել նաեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում: Տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանի վկայությամբ, որպես տնտեսական անվտանգության մի հատված` տեղեկատվական անվտանգության առումով էլ Հայաստանը խոցելի երկիր է: Ըստ Մանասերյանի, դա առավել կարեւորվում է նաեւ այն պատճառով, որ ներկա պայմաններում բոլոր երկրները մի կողմից լինելով բաց, մյուս կողմիցՙ մշտապես մտահոգ են սեփական անվտանգության հարցերով:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գերակա է հռչակվել պետականորեն, սակայն, Թաթուլ Մանասերյանի կարծիքով, որեւէ քայլ չի ձեռնարկվում այդ գերակայությունը ապահովելու համար: Մինչդեռ մեր հարեւան երկրներում հենց այս ոլորտի վրա շեշտադրումները հստակ գծագրվում են նաեւ պետական քաղաքականության, աջակցության, պետբյուջեից հատկացումների ձեւով:
Ինչեւէ, Մանասերյանի խոսքերով, որեւէ ֆիլտրի կամ նման մեխանիզմի կիրառությունից զուրկ է, օրինակ, Ազգային ժողովի ցանցը, որ ամենայն հանգստությամբ կարող է տեղեկատվության աղբյուր ծառայել` վտանգելով ընդհուպ ազգային անվտանգությունը: Նմանօրինակ անմխիթար վիճակում է նաեւ Հայաստանի կառավարության ցանցը:
Սեմինարի քննարկման վերջին ասպեկտը վերաբերում էր Հայաստանում ինտերնետի ներկա վիճակին, զարգացման ուղղություններին, որ ներկայացրեց «Արմինկո» ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Այսպես որակված «հունական Արմենտելի» անորակ ծառայությունների հիշատակումից զատ Ալեքսանյանը նշեց, որ նման իրավիճակը Հայաստանը հետ գցեց մի տասը տարով: Միեւնույն ժամանակ, այդ պայմաններում էլ ինտերնետը Հայաստանում զարգացել է, քանի որ կային խելացի մարդիկ, բայց եւ կարող էր զարգացման ավելի բարձր մակարդակի վրա լինել, եթե չլինեին արմենտելյան սակագներն ու անորակությունը: «Արմինկո» ընկերության տնօրենի վկայությամբ, դեռեւս մեկ տարի առաջ ինտերնետի սակագները Հայաստանում աշխարհում ամենաբարձրներից էին:
Ինչ վերաբերում է այդ ոլորտի մասնագետներին, ապա Ալեքսանյանի մատուցմամբ, Հայաստանում կան մոտ 5000 մասնագետներ, որոնք տեղափոխվում են մի ընկերությունից մյուսը, իսկ նոր կադրեր շատ քիչ են պատրաստվում: Ուստի պետք է կարեւորել բարձրակարգ ուսուցիչներ ունենալու խնդիրը, մասնագետների ապահովման հարցի լուծումը սկսել դպրոցից, այդպիսով ապահովել մրցակցություն, այլապես ինչպես ներկայումս, այդպես էլ հետագայում Հայաստանից կհեռանան նորմալ մասնագետները:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ