Դասագրքերի շրջանառու հիմնադրամը նոր ուսումնական տարեսկզբի նախաշեմին հանրակրթության միջին դպրոցի համար հրատարակել է 12 անուն նոր դասագիրք, որոնցից երկուսըՙ «Հայերենագիտություն» եւ «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերն առաջին անգամ են մուտք գործում դպրոցՙ 12-ամյա կրթության ծրագրային պահանջով: Փաստորեն կարելի է ասել, որ միջին դպրոցի նոր դասագրքերի փաթեթը գրեթե ամբողջական էՙ անցած տարի հրատարակված մաթեմատիկա, մայրենի լեզու եւ ինֆորմատիկա առարկաների դասագրքերին այս տարի ավելացել են բնագիտական ու հասարակագիտական առարկաների դասագրքերը, հաջորդ տարի դրանց կավելանան օտար լեզվի դասագրքերը, ինչպես նաեւ ձեռքի աշխատանքի եւ ռազմագիտության ձեռնարկները: Դրանով միջին դպրոցի նոր դասագրքերի ստեղծման գործը կհամարվի ավարտված եւ մրցույթ կհայտարարվի ավագ դպրոցի նոր դասագրքերի հրատարակման համար:
Հիմնադրամի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանի համոզմամբ, նոր դասագրքերը լիովին համապատասխանում են այսօրվա պահանջներին, գրավիչ են, գունազարդ, տպագրված բարձրորակ թղթի վրա, գեղեցիկ շարվածքով: Իսկ թե որքանով են մատչելի բովանդակային առումով, դեռեւս վաղաժամ է ասել, չնայած դրանք փորձարկվել են դպրոց-կենտրոններում, դասընթացների ժամանակ քննարկել ուսուցիչների հետ եւ նրանցից ստացած առաջարկներն ու դիտողությունները ներկայացրել հրատարակիչներին: «Կարծում եմ, նոր դասագրքերը բեռնաթափված են ակադեմիական ոճից, դա այնքան զգալի չէ, ինչպես նախկին դասագրքերում: Պահպանել ենք այլընտրանքային դասագիրք ունենալու մոտեցումըՙ եթե անցած տարի 2 տարբերակ ուներ 3 դասագիրք, այս տարիՙ 7 դասագիրք: Օրինակ, հայրենագիտություն նոր առարկայի 2 դասագրքերից մեկի հեղինակը Էդուարդ Դանիելյանն է, մյուսինըՙ Արմեն Հովսեփյանը: Ժամանակը ցույց կտա, թե դրանցից որը քննություն կբռնի եւ կընդունվի որպես լավ դասագիրք:
Տարիներ հետո գուցե այդ դասագրքերը որոշակի փոփոխության ենթարկվեն, եթե իհարկե, դրա անհրաժեշտությունը առաջանա: Կան դասագրքեր, որոնք այլընտրանքային տարբերակ չունեն, ինչպես, օրինակ, Խլղաթյանի 7 - 9 դասարանի հայոց լեզվի դասագիրքը, նաեւ հանրահաշվի եւ պատմության դասագրքերը: Դա նշանակում է, որ կամ այլ տարբերակ չի ներկայացվել առարկայական հանձնաժողովին, կամ ներկայացվել է, բայց չի հաղթահարել պահանջվող շեմը», ասում է Գարեգինյանը: Առարկայական հանձնաժողովները ստեղծվում են կրթության եւ գիտության նախարարի հրամանով, դրանում ընդգրկված մասնագետների մեջ այժմ կան նաեւ ուսուցիչներ, որպեսզի դասագրքերը քննության ենթարկվեն նաեւ նրանց հայացքով եւ սուր քննադատությունները նվազեն: «Վերջին 5-6 տարիների ընթացքում միայն մի դեպք է եղել, երբ դասագիրքը կտրականապես չի ընդունվել դպրոցներում, խոսքս 3-4-րդ դասարանների անգլերենի դասագրքի մասին է: Որեւէ այլ դասագրքի մասին խիստ բացասական կարծիք չի եղել, այլ միայն դիտողություններ, առաջարկներ, որոնք հաշվի առնելով տվյալ դասագիրքը զգալիորեն փոխվել է», նշում է Գարեգինյանը, հավելելով, որ ուսուցիչներին հնարավորություն է տված ազատորեն արտահայտելու իրենց դժգոհությունները 4 տարին մեկ նրանց բաժանվող հարցաթերթիկներում:
Խնդիրն այն է, որ նույն դասագրքի վերաբերյալ ուսուցիչները հաճախ արտահայտում են իրարամերժ կարծիքներ, որի դեպքում անիմաստ է դառնում նոր մրցույթ հայտարարելն ու շտկումներ անելը:
Դասագրքերի շրջանառու հիմնադրամը պատրաստ է հրատարակելու բոլոր այն դասագրքերը, որ պատվիրում է դպրոցը: Մեր այն հարցին, թե «Միջին դպրոցի համար չի՞ նախատեսվում հրատարակել բարեկիրթ վարվեցողության ձեռնարկ, որի կարիքը մեր հասարակությունն իրոք ունի», Գարեգինյանը պատասխանեց. «Հանրակրթական ծրագրում այդպիսի առարկա չկա, հետեւաբար չկա նաեւ այդպիսի դասագիրք: Սակայն կրթության ազգային ինստիտուտը կարող է հրատարակել, եթե, իհարկե, դպրոցը ցանկություն հայտնի այդպիսի դասագիրք ունենալու: Մենք դասագրքերի մրցույթը անցկացնում ենք պատվերի համապատասխան, իսկ 4 տարին մեկ հարցում ենք կատարում գրքի մատչելիության, բովանդակային փոփոխությունների անհրաժեշտության մասին, քանի որ դասապրոցեսում ամենակարեւորը դասագիրքն է: Այն պետք է լինի պարզ ու հստակ, որպեսզի սովորողը գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ունենա առանց ուսուցչի կամ որեւէ մեկի օգնության: Ցավոք, դասագիրք գրողները այս հանգամանքի մասին երբեք չեն մտածում: Այդ բացը մենք իրոք ունենք»:
Միջին դպրոցի նոր դասագրքերի շապիկները բավականին գրավիչ են, տրամադրող գիրքը ձեռքն առնելու եւ թերթելու: Դրանք թեթեւակի աչքի անցկացնելով կարելի է ասել, որ շարադրանքը բավականին հստակ է, դյուրըմբռնելի, զերծ ավելորդաբանությունների, երկարաշունչ նախադասություններից: Դասագրքերը հրատարակել են հիմնադրամի անցկացրած մրցույթում հաղթած 9 հրատարակչություններըՙ «Տիգրան Մեծ», «Անթարես», «Լույս» «Մաքմիլան Արմենիա», «Զանգակ», «Աստղիկ», «Էդիտ պրինտ», «Արեւիկ» հրատարակչությունները: «Նախկինում այդ մենաշնորհը տրված էր միայն «Լույս» հրատարակչությանը, հիմա այդ հնարավորությունը տրված է բոլոր նրանց, ովքեր ունեն բարձրորակ դասագրքեր հրատարակելու համար անհրաժեշտ միջոցները»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ