«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2007-08-30 | #157, 2007-08-31 | #158, 2007-09-01


ՆՈՒՌՆՈՒՍՑԻՆԵ՞ՐՆ ԵՆ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԴԱՌՆԱԼՈՒ, ԹԵ՞ ԱՎՍՏՐԻԱՑԻՔ` ՆՈՒՌՆՈՒՍՑԻ

Նուռնուս գեղեցիկ անունով գյուղը Կոտայքի մարզում է, հայտնի է իր ընկույզով, ծիրանով ու գազարով, իսկ նրա անասնապահական արտադրանքը` մածունը, կաթն ու պանիրը նուռնուսցի կանանց ձեռքով ամեն առավոտ հասնում են Երեւանի` Կոտայքի մարզին մերձ թաղամասերը, իրենց մշտական գնորդներին: Ճիշտ է, այս տարի Նուռնուսում ծիրանը եղանակի քմահաճույքների պատճառով փչացավ, եւ բերքի առումով նուռնուսցին մնաց միայն ընկույզի հույսին, բայց դե եղանակի հետ վիճել մարդը դեռեւս անկարող է, եւ գյուղացին փորձում է իր ընտանեկան բյուջեն լրացնելու հնարներ մտածել: Գյուղ է` ինչպես Արարատյան դաշտի ու նրան մերձ բարեբեր շրջանների մյուս գյուղերը, այստեղ հյուր կած մարդուն նուռնուսցիք իրենց կյանքից բողոքում են, ինչպես Հայաստանի բոլոր գյուղերում` բողոքելն այժմ ապրելու ձեւ է, ու ուզում ես տեսնել տարբերությունն, ասենք, Գեղարքունիքի մարզի Սեւանի արեւելյան ափի գյուղացու եւ աստվածահաճո-արեւ տարածքի գյուղի գյուղացիների բողոքների միջեւ: Այնտեղ, Սեւանի արեւելյան ափին 7-8 ամիս ձմեռ է, ու երեք-չորս ամսում գյուղացին պետք է ամբողջ տարվա իր ապրուստի մասին հոգա, այստեղ Նուռնուսում ու նրա շրջապատի գյուղերում, ընդհակառակը, 7-8 ամիս տաք է, հանգիստ կարելի է ձմեռվա մասին մտածել: Բայց արի ու տես, որ այստեղ էլ գյուղացին նույնքան դժգոհ է իր կյանքից, տարբեր խանգարող հանգամանքներից` տնտեսությունն ընդլայնելու եւ չարքաշ վիճակից դուրս գալու համար դրամի պակասից: Երեւում է` վաղուց արդեն ժամանակն է մտայնությունը փոխելու, չսպասելով այս ու այն միջազգային կազմակերպության, այս ու այն բարի քեռիների օգնությանը, բայց ինչպե՞ս դուրս գալ մոգական շրջանակից. այ էդ դուրս գալու համար արժե մտածել: Ու կոնկրետ այս գյուղի մտածելն արժե ներկայացնել: Կարող էինք մեկիկ-մեկիկ պատմել գյուղի ունեցած-չունեցածի մասին, խորանալ նրա պրոբլեմների մեջ, ու դա մի թեթեւ անելու ենք, բայց նաեւ մի փոքր այլ կողմից ենք ուզում մոտենալ դրանց, քանի որ Նուռնուսն, իսկապես, հեռանկար ունի զարգանալու:

Նուռնուսը հող ունի, բայց չի մշակում

Պատկերացրեք մի գյուղ, որը գյուղապետ Գրիշա Մկրտչյանի իսկ վկայությամբ ունի 250 հեկտար վարելահող, 220 հեկտարըՙ ջրովի, 130-ըՙ անջրդի, սակայն այս պահին հացահատիկ է ցանված միայն 6 հեկտարի վրա: Պատկերացրի՞ք: Սա աբսուրդ է թվում, բայց միայն առաջին հայացքից: Իրականում պատճառներն ավելի քան հիմնավոր են. ժողովուրդը չի ցանկանում ցանել, տարիներ շարունակ ցանել է, բերք չի ստացել, հիմա էլ չի ցանում. այդ տարածքների վրա բնական խոտ է աճում, այդ խոտը բերում-անասնակեր են անում, եթե կարողանում են: 2 բեռնատար մեքենա ունեն գյուղում, մեկ տրակտոր` մասնավորի ձեռքին, նրանցից էլ վարձում են, մի կերպ խոտին տիրություն անում: Բայց... պատկերացրեք աբսուրդի աստիճանը` 250 հեկտար հարստության վրա... աճում է խոտը: Չէ, կամ ես բան չեմ հասկանում գյուղատնտեսությունից, կամ էլ մեր գյուղացին այնքան է հեռացել նախաձեռնողականությունից, այնքան հեռու է բիզնեսի ոգուց, այնքան խեղճ, չարքաշ ու անփող, որ հաշտվում է այս վիճակի հետ ու պատճառաբանում. «Մի տրակտոր կա գյուղում. հող մշակելը մեր գյուղում շատ դժվար է, օգուտ չի մնում. 50 հազար դրամ մի հեկտարի վրա ծախսում ես` սերմացուն չհաշված, մի հեկտարին կիլոն 100 դրամով սերմացուն անում է 50-70 հազար դրամ, 100 հազար դրամն անցնում է` վարել- ցանելը: Մի տոննա բերք ես ստանում` էլի 100 հազար է անում, ոչ մի օգուտ. կարող ես, իհարկե, կերակրվել, բայց այդ 100 հազարով 10 պարկից ավելի ալյուր կգնես ու ողջ տարին լիուբոլ հաց կթխես, էլ ո՞ւր ես իզուր տանջվում», պատճառաբանում են գյուղապետարանի մոտ հավաքված ամենատարբեր ունեցվածքի տեր գյուղացիները` միատեսակ եզրահանգմամբ: Ուրեմն` ցորեն-գարի ցանելն անարդյուավետ է: Այդ դեպքում ինչո՞ւ ուշացնել, եւ ունեցած 250 հեկտարի գոնե կեսը այգիների չվերածել կամ մի այլ բան չմտածել, ախր աշխարհը գյուղի ու գյուղատնտեսության վրա է հիմնվում, ո՞վ կփոխի մեր գյուղացու մտածողությունը` որ մի քիչ արագաշարժ լինի, արագ հաշվարկի` ինչից ու ինչ ցանելուց եկամուտն ավելի է, իսկ մնացած ամեն ինչն այդ եկամուտով կգնի :

Այս գյուղը նաեւ մարդկային ռեսուրսից դժգոհելու պատճառ չունի, այստեղ ծերերն այնքան շատ չեն, 625 բնակչից միայն 77-ն են թոշակառու, էլի ի տարբերություն Գեղարքունիքի` Սեւանի արեւելյան ափերի ծերացող բնակչության, նուռնուսցիների գերակշիռ մասը միջին տարիքի աշխատունակ մարդիկ են, երիտասարդությունն էլ առանձնապես չի հեռանում, թեեւ աշխատանք որոնում է գյուղից դուրս` Աբովյանում, Երեւանում եւ այլուր: Անցած շաբաթ ամուսնացած եւ Աբովյանում մինչեւ այժմ մսավաճառ աշխատած Արայիկ Պետրոսյանը մեղրամիսը պրծնելուց հետո շինարարության վրա է աշխատելու, քանի որ մսավաճառությունից մի օգուտ չեղավ, իսկ անասնապահությունից էլ մեծ եկամուտ դուրս չի գալիս. 2 կով, 5 ոչխար ունեն, 27-ամյա քույրը դպրոցում ուսուցիչ է: Նա հեռանկարը տեսնում է աշխատելու, աշխատավարձ ստանալու մեջ: Նույն կերպ մտածում են մյուս երիտասարդները, մեզ հանդիպած երիտասարդ մարդկանցից միայն 25-ամյա Հայկն էր որոշել էր անասունների քանակը մեծացնել:

Ենթակառուցվածքներ իսկապես պետք են

Գյուղացիներից մեկի (ափսոսում եմ` ձայնագրիչս դավաճանել է ինձ, անունը հիշատակել չեմ կարող, բայց այս դեպքում դա այնքան էլ կարեւոր չէ) ասածը մնաց հիշողությանս մեջ. ասաց` մեր կանայք հոգնել են թեւով կաթ ու մածուն քաղաք կրելուց ու վաճառելուց: Եթե այստեղ, գյուղում կաթի վերամշակման մի փոքրիկ ձեռնարկություն մեկը հիմներ, կաթը կհանձնեինք ու առանց կորուստների մեր ընտանիքը կպահեինք: Գյուղի ընտանիքների գլխավոր կերակրողներից մեկն անասնապահությունն է, ու այստեղ էլ գյուղացիք չեն կարող ծավալվել, որովհետեւ նախ արդյունքն առանց փոխադրականների հնարավոր չէ բավարար քանակությամբ իրացնել, եւ էլի` խոտի ինքնարժեքն է շատ բարձր դուրս գալիս, եւ անասունին կերակրելու ու նրանից ստացված արդյունքի գները հավասարվում են: Անցած տարի խոտի մեկ տուկի գինը հասավ 1200 դրամի, այս տարի դեռ 700-800 դրամ է, բայց ձմեռվա մոտենալու հետ կբարձրանա. « Հիմա տրամադրված ենք անասնապահության վրա, ուրիշ ոչ մի բան` սալյարկան-բենզինը շատ թանկ են, մենք չենք կարողանում վարուցանք անենք: Հողերը 5-6-րդ կարգի են, բայց դրել են երկրորդ կարգի, 4-րդ կարգի, մենակ հարկն ենք շատ տալիս, բերք չենք ստանում», ասում են գյուղացիք: «Երկու հեկտար հող ունեմ` 40 տուկ խոտ եմ ստացել, ես ինչ անեմ, մնացած խոտն առնում եմ, 200 տուկ էլ պետք է», խոսակցությունն առարկայացնում է գյուղացիներից մեկը: Ու այստեղ է, որ ուզում ենք պատմել գյուղին հյուր եկած ավստրիացիների մասին, որոնք ուզում են կոնկրետ այս գյուղին օգտակար լինել` ստեղծել ենթակառուցվածքներ, փոքր ձեռնարկություններ, որոնց օգնությամբ գյուղացու վաստակը եկամտաբեր կդառնա: Սակայն մինչ այդ տեղական մասշտաբի 5-6 հաջողված տնտեսություն վարողներից մեկի օրինակով կարելի է ներկայացնել այլընտրանքը, իհարկե վախենալով «ձայնը տաք տեղից է գալիս»-ով մտածող չապահովված գյուղացիների քննադատությունից: Մեղվաբույծ Էդիկ Դավթյանն, օրինակ, գտնում է, որ ձեռնտու չէ կաթի վերամշակման գործարան հիմնելը, շատ մեծ ներդրում է պահանջում. «Անասնապահությունը թույլ է, գյուղացին չի կարողանում 1-ի տեղ 5 կով պահի` հողերի, անասնակերի հարցն է, եկամտաբեր չէ, ես իմ բիզնեսն ունեմ», եւ հպարտանում է, որ փեթակից 50 կգ մեղր է ստանում, իսկ 50 եւ ավելի փեթակի դեպքում սա կարող է դառնալ բիզնես: «Եթե մի քիչ ջահել լինեի` ռիսկով ողջ գյուղը կշինեի մեղվաբուծական տնտեսություն. հիմա 50-100 հատով փեթակ ունեն մի 6 տնտեսություն, մեղվաբուծությունն իմ մասնագիտությունն է` ես հասկանում եմ, որ հնարավոր է տեղափոխող մեքենաներով, ձմեռանոցներով-բանով մեղվաբուծություն ունենալ, եկամուտ ստանալ, շատ մարդ աշխատեցնել` վարորդներ, շինարարներ` էդ ռիսկ անողը պետք է գտնվի, մի քանի մլն դրամ է պետք»: Իսկ գյուղացիներից շատերը խոսում են սեզոնին ստացած միայն 300-400 հազար դրամ եկամուտի մասին ու վերջ:

«Մեծ վարկ վերցնել չի լինում, էնպիսի բան են գրավ ուզում, որ չես կարողանա` տուն են ուզում, իսկ փոքր վարկը մի 300 հազար դրամ է, որից 20 հազարը պահում են: Ճիշտ է, գյուղում այդ փոքր վարկերից վերցնողներ կան, բայց դրանց տոկոսն է բարձր, ու էլի մի բան դուրս չի գալիս», լրացնում են զրույցը լսող գյուղացիք: Մի խոսքով, եթե իսկապես այնպես նայենք գործին, որ ամեն մի գյուղացիական տնտեսություն ունեցող փոքր բիզնեսով է զբաղվում, պիտի ուրեմն նախ գյուղացին փոխվի, գործարարի պես մտածի, արագ կողմնորոշվի` եթե եկամտաբեր չէ, արագ փոխի գործունեության ոլորտը, եւ զբաղվի եկամտաբեր գործ զարգացնելով. բայց մեր գյուղացուն այդպես տեսնելու համար դեռ շատ ժամանակներ պետք է հոսեն, որպեսզի անխոս-անփաստարկ դարձնող ու համրացնող «փող չկան» երկրորդ տեղում լինի` նախ բան փոխելու, անընդհատ նույն տեղում չդոփելու ցանկությունից հետո:

Իսկ կոնկրետ Նուռնուսի դեպքում` ուրիշ այլընտրանք էլ կա. այստեղ ավազի եւ բազալտի լքված հանքեր կան, առաջներում մարմարի գործարան կար, ո՞նց կարելի է այդ հնարավորությունը չօգտագործել, երբ Նուռնուսը նաեւ կայարան է` իր նուռնուսցի կայարանապետով-բանով:

Հասանք ավստրացիներին

Երկու անուշիկ տիկին` Եվան եւ Քրիստինան, ովքեր կապ ունեն Հայաստանում ավստրիացիների կողմից հաջողությամբ հիմնված Քինդերդորֆի հետ, հիմա էլ կուզեին Հայաստանի գյուղերում ծրագրեր իրականացնել եւ այդպիսի հնարավորությունը նախ եկել էին ուսումնասիրելու Նուռնուս գյուղում: Իհարկե, նրանց ուղղորդում եւ աջակցում են հայ մարդիկ` Վիեննայից Մխիթարյան միաբանության վարդապետ հայր Ներսես Զաքարյանը, ծրագրի տեղական պատասխանատու Հրանտ Իսաջանյանը, որոնցից առաջինը հատկապես սիրով կուզենար հայրենիքին օգուտ բերող ծրագրին նպաստել. «Եթե կարենամ նաեւ ավստրիացիներու օգնությամբ Հայաստանին օգտակար ըլլալ», փափագում է նա:

Հրանտ Իսաջանյանի խոսքով` տեղական ինքնակառավարման մարմինների ենթակառուցվածքների զարգացման ծրագիր ունի Վիեննայի քաղաքապետարանի «Քաղաքների խորհուրդ» կազմակերպությունը` Մխիթարյան միաբանության հետ համատեղ, եւ Հայաստանում առաջինն այն ուզում են իրականացնել Նուռնուս գյուղում: Այդ ծրագրերի մեջ կան ջրատարների, գազատարների, դպրոցների նորոգում, գյուղացներին անհատական օգնություն` իրենց տնտեսությունը զարգացնելու համար, ասֆալտապատում, իսկ հեռահար նպատակը երիտասարդությանն իր հող ու ջրի վրա պահելն է: Այժմ ուսումնասիրվում են Նուռնուսի կարիքները, ծրագրի պատասխանատուները զրուցել են համայնքի բնակիչների, գյուղապետի, նրա տեղակալի եւ ավագանու անդամների հետ, երկու օր առաջ էլ մեծ հանդիպում էր համայնքի բնակիչների հետ: Իսկ գյուղի կարիքները շատ են. սա Կոտայքի 67 գյուղերից այն 7-ի մեջ է մտնում, որոնք չեն գազիֆիկացվել, 60-ամյա դպրոցը խարխուլ է, ընդամենը մի քանի դասասենյակով` պետք կառուցվի, ծայրահեղ դեպքում` գոնե հիմնանորոգվի, ճանապարհները կարգին չեն, երիտասարդությունը զբաղմունք չունի: Երկու ավստրիացի տիկնայք ցուցադրում էին Քրիստինայի` Եվրոպայում լավագույնը դարձած գյուղը, պատմում` ինպե՞ս կարելի է սեփական ուժերով ամեն ինչ անել, գեղեցկացնել, խոսում էին կանանց իրավունքներից...խեղճ նուռնուսցի կանայք, որոնց իրավունքն այն կլիներ, որ օրվա ապրուստը հոգալու համար օրական 20-30 լիտր կաթ ու մածուն ձեռքով չկրեին Երեւան ու Աբովյան, մի կարգին աշխատատեղում մաքուր աշխատեին ու տուն գնային...

Երեւի վերջը ավստրիացիք կհասկանան նուռնուսցիներին ու մի փոքր վայր կիջնեն, իսկ նուռնուսցիք էլ ընդառաջ կգնան ավստրիացիներին ու մի փոքր կնմանվեն նրանց:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4