«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2007-08-30 | #157, 2007-08-31 | #158, 2007-09-01


ՇԱՄՊԱՅՆ ՍԱՌԵՑՆԵՆՔ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

Կյանքում այդքան ներդաշնակ քիչ բան է ուրվագծվում իմ մտքի պաստառին:

Անունը-դեմքը-ձայնը-խոսքը-կերպարը այնքան համերաշխ, որ թվում է, թե մեծ բեմերն էլ բնականոն շարունակությունն են այսպիսի գոյության: Իսկ դրանք Հասմիկ Պապյանի կյանքում որքան հաճախ են վարագույր բացում, այնքան աշխարհի ազդեցիկ լրատվամիջոցներում հաջողություն բառի հոմանիշներն են շատանում:

Ամեն ինչ չէ, որ նրա կյանքում ժամացույցի ճշգրտությամբ է աշխատում: Ուղարկած փոստն ու խոստումները երբեք չեն ուշանում, բայց ժամանակացույցը մեկ էլ տեսար հանգստի պատուհանը փոխարինեց բեմական հրավառությամբ: Այսպիսի օրինակ էր տարիներ առաջ Ամստերդամի նրա Նորման, որի տպվածՙ DVD օրինակը կարող է փաստելՙ քանի՛ երգչուհի կարող է առանց փորձի բեմ մտնել, խաղընկերների հետ երգել այնքան դաշն, որ արվեստի քննադատներին առիթ տա զարմանալու: 2007-ի հունիսին հարավֆրանսիական Մոնպելիեում էլ հիվանդ երգչուհուն փոխարինելու նրա այդպիսի «ցատկը» տեղական մամուլըՙ «Midi Libre»-ն անկրկնելի հաջողություն որակեցՙ շեշտելով առանց փորձի գերազանց երգելու նրա կարողությունը:

Նրա ընթացքին հետեւողները կհակադարձենՙ ի՞նչ կա զարմանալուՙ չէ՞ որ խոսքը «առաջնակարգ վոկալ» ունեցող երգչուհու մասին է, ինչպես նրան բնութագրել էր 2007-ի ապրիլյան համարում գերմանական «Opernwelt» ամսագիրը: Բայց միայն սա չէ, որ զարմացնում է..

Հայաստանը, հայրենիքը սիրելու այդքան մեծ շնչառություն դեռ ոչ մի երգչից չեմ զգացելՙ ամենամեծ ապացույցը թերեւս հայերենի այն բացառիկ բառագանձն է, որի կրողն է աշխարհի որ անկյունում էլ լինիՙ հարցազրույցներում, թե առօրյա խոսքում, նամակներում, թե հեռախոսային կարճ զրույցում դրա հենքն այնքան ամուր է, այնքան լի թաքուն շերտերով, որ թվում է, թե օտար միջավայրումՙ հյուրանոցներում, օդանավերում ու գնացքներում «Հայկազյան բառգիրքը» նրա սեղանի պարտադիր առարկան է:

Միշտ մեզանից հեռու էՙ մենք դահլիճում ենք, ինքը բեմում է, մենք ծափահարողն ենք, ինքը խոնարհվողը: Ի դեպ վերջինի մասին. տեսե՞լ եք, թե մեր հոտնկայս կեցվածքին ինքն ինչպիսի՛ ծես է մատուցում..

Անդիմադրելի մի ցանկությամբ ուզում ես գոնե տարեդարձի օրըՙ սեպտեմբերի 2-ին իր կողքին լինել. որտե՞ղՙ Ամստերդամի Concertgebouw-ում, ուր փորձում է Օդաբելլայի դերերգըՙ սեպտեմբերի 8-ին կայանալիք «Աթիլլայի» համերգային տարբերակում, ինչը հեռասփռվելու է ուղիղ եթերով: Գրեթե անկարելի էՙ փորձից հետո գնացք է նստելու, հասնելու Վիեննա, բոլորովին նոր ու տարբեր դերակատարմանՙ սեպտեմբերի 3-ին իր 6-ամյա Սիրանույշին առաջ անգամ դպրոց կուղեկցի, հետո էլի գնացք կնստի ու Ամստերդամ կվերադառնա:

Ուրեմն լույսի արագությունը գերազանցող մեր միտքըՙ բազում պահապան օրհնանքներով ու դեռ չարտասանած բառերով թող վահան լինեն նրա ճանապարհներինՙ դեբյուտների սեպտեմբերն էլ շամպայնի շատրվանով թող ցողվի:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4