«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2007-08-30 | #157, 2007-08-31 | #158, 2007-09-01


«ՄԻԿԱՆ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

Աշտարակի «Միկայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց պահպանել Սլովակիայի «Արտմեդիայի» նկատմամբ Երեւանում հասած առավելությունը (2-1): Պատասխան խաղում «Միկան» անհաջող հանդես եկավ եւ մրցակցին զիջելով 0-2 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից: Արդեն 5-րդ րոպեին օգտվելով մեր պաշտպանների ու դարպասապահի անհամաձայնեցված խաղից, Օբժերան բացեց հաշիվը: 1-0 հաշիվը ձեռնտու էր «Արտմեդիային», ուստի դաշտի տերերը խփած գոլից հետո հիմնականում մտահոգված էին սեփական դարպասի պաշտպանությամբ: Իսկ ահա «Միկան» ցավոք այդպես էլ չանցավ վճռորոշ գործողությունների: Ճիշտ է, ողջ խաղի ընթացքում գնդակով ավելի շատ «Միկայի» ֆուտբոլիստներն էին գրոհում, սակայն դրանք զարգացնում էին դանդաղ եւ փոքր ուժերով: Դա էր պատճառը, որ «Միկային» այդպես էլ չհաջողվեց լրջորեն սպառնալ մրցակցի դարպասին:

Հյուրերը միայն մեկ անգամ գոլային իրական պահ ստեղծեցին, երբ 64-րդ րոպեին Արմեն Շահգելդյանը հիանալի փոխանցումով մենմենակ դուրս բերեց Կլեբեր Նասիմենտոյին, սակայն վերջինս չկարողացավ գրավել դարպասը: Պաշտպանն ու դարպասապահը համատեղ ուժերով սպառնալիքը չեզոքացրին:

Իսկ ահա դաշտի տերերը կարողացան զարգացնել հաջողությունը: 72-րդ րոպեին կոպիտ սխալ թույլ տվեց «Միկայի» դարպասապահ Ֆելիքս Հակոբյանը, որը չկարողացավ որսալ մրցակցի հարվածը` անհաջող հետ մղելով գնդակը: Առաջինը գնդակին հասավ Օբժերան եւ կրկնապատկեց հաշիվը:

Ցավալին այն է, որ «Միկան» պարտվեց իրեն ոչնչով չգերազանցող մրցակցին: Դեռեւս Երեւանում «Միկան» հիանալի հնարավորություն ուներ լուծելու հաջորդ փուլի ուղեգրի հարցը եւ խոշոր հաշվով հաղթանակ տոնել, սակայն ավելորդ զգուշավորություն դրսեւորելով, չօգտագործելով գոլային մի շարք պահերը, սեփական հարկի տակ կարողացավ հաղթել ընդամենը 2-1 հաշվով: Իսկ հյուրընկալվելիս «Միկայի» գործողություններում պակասում էր հաղթանակի հասնելու վճռականությունը:

Թեեւ թիմը պարտվում էր, սակայն այդպես էլ «Միկայի» գործողություններում չտեսանք համարձակ ու վտանգավոր գրոհների կազմակերպում, հարվածներ դարպասին, առանց որի դժվար է գոլ խփել: Այնպիսի տպավորություն էր, կարծես «Միկան» շահում էր հանդիպումը: Նման խաղաոճով, իհարկե, դժվար էր հաջողություն ակնկալել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4