Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը
Իտալիայի Պավիա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականին 2-րդ արծաթե մեդալը պարգեւեց 17-ամյա Հեղինե Եփրեմյանը, որը Սմբատ Մարգարյանից (50 կգ) հետո դարձավ հայազգի Եվրոպայի երկրորդ փոխչեմպիոնը:
13 ծանրորդուհիներ էին դուրս եկել մրցահարթակՙ վիճարկելու մինչեւ 58 կգ քաշային կարգում առաջնության պարգեւները: Հայաստանը ներկայացնող Հեղինե Եփրեմյանը հաջող հանդես եկավ եւ դարձավ մրցանակակիր: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 82 կգ, իսկ հրումում իրեն ենթարկեց 100 կգ-անոց ծանրաձողը: Երկու վարժություններում էլ Հեղինեի արդյունքը երկրորդն էր եւ նա արժանացավ արծաթե մեդալների: Երկամարտի 182 կգ արդյունքով էլ հայ մարզուհին գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսին:
Իսկ ուժեղագույն ճանաչվեց ռուսաստանցի Նատալիա Կավերինան, որը երկամարտում ցույց տվեց 192 կգ (87+105) արդյունք: Բրոնզե մեդալը 170 կգ (80+90) արդյունքով նվաճեց հույն մարզուհի Կոնստանտինա Լապոուն:
Մինչեւ 63 կգ քաշային մարզուհիների մրցավեճն ավարտվեց գերմանուհի Քրիստին Ուլրիխի հաղթանակով: Նա երկամարտում ցույց տվեց 191 կգ (85+106) արդյունք: Երկրորդ տեղը գրավեց Օքսանա Կուլովան (Ռուսաստան)ՙ 183 կգ (83+100): Բրոնզե մրցանակակիր դարձավ բելառուսցի Մարինա Շերմանկովանՙ 180 կգ (82+98):
Մինչեւ 69 կգ քաշային ծանրորդների մրցավեճի մասնակիցների թվում էր Հոլանդիան ներկայացնող 17-ամյա Կարեն Թովմասյանը: Նա 21 ծանրորդների մրցավեճում գրավեց 13-րդ տեղըՙ ցույց տալով 222 կգ (102+120) արդյունք: Իսկ չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ալբերտ Սայախովը, որը երկամարտում ցույց տվեց 290 կգ (128+162) արդյունք: Նրան ընդամենը մեկ կգ-ով զիջեց լեհ ծանրորդ Կրժիստոֆ Զվարիչը: Իսկ ահա բրոնզե մեդալակիր, բուլղարացի Կրասիմիր Ռենկովը բավական զիջեց առաջատարներինՙ ցույց տալով 265 կգ (115+150) արդյունք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ