Սաակաշվիլին պահպանում է կառավարության «թիմը», բայց փոխում նախարարների գործունեության ոլորտը
Երեկվանից Վրաստանի խորհրդարանը ծանոթանում է երկրի կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխություններին, նոր նախարարներին ու ըստ այդմ ներկայացված ծրագրին: Վրաց օրենսդիրները 4-օրյա ժամկետ են սահմանել կառավարության նոր կազմի հետ ծանոթանալու, այդ կազմում ընդգրկված նախարարների թեկնածությունը հաստատելու համար:
Եթե հայաստանյան իրականության համար նախարարական պորտֆելների փոփոխությունը հազվադեպ է տեղի ունենում, պատահելիս էլ գրեթե միշտ խնդրահարույց իրավիճակների հետեւանք է դիտարկվում, ապա Վրաստանում երկրի նախագահ Մ. Սաակաշվիլին այնքան հաճախ է այսօրինակ ռոտացիաներով ու նոր պաշտոնավարողներով նշանակումներ անում, որ հերթական անգամ փոխատեղումները զարմանքի տեղիք չեն տալիս:
Բացի այդ, ակնհայտորեն տարբեր են Վրաստանի ղեկավարության մոտեցումները նախարարական պորտֆելներին, քանի որ որպես հիմք չի դիտարկվում կրթական որակավորումը կամ զուտ աշխատանքային, մասնագիտական փորձը: Այն, ինչ մեզանում զգալի հիստերիա կառաջացներ, Վրաստանում բավականին հանգիստ է ընդունվում: Օրինակ, վրացական կառավարության նոր նշանակումների համաձայն, շրջակա միջավայրի պահպանման եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնում Դավիթ Տկեշելաշվիլիին կփոխարինի նրա առաջին տեղակալ Դավիթ Շանտլաձեն, իսկ Տկեշելաշվիլին կղեկավարի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը: Առողջապահության նախկին նախարար Վլադիմիր Չիպաշվիլին Վրաստանը դիվանագիտական առաքելությամբ կներկայացնի Չեխիայում:
Հայաստանի կառավարության կազմում որեւէ փոփոխության հիմքում միշտ էլ փնտրում են մասնագիտական ինչ-որ համապատասխանություն, եւ այսօրինակ նշանակումը մեզ համար լիուլի քննադատության թեմա կդառնար, քանի որ բնապահպանական հարցերում մասնագիտացողին դժվար թե հանդուրժեինք որպես առողջապահության ոլորտում քաղաքականություն որոշողի: Ինչ վերաբերում է առողջապահության նախարարին որպես դեսպան Չեխիա ուղարկելուն, ապա այս հարցում մենք այնքան էլ չենք տարբերվում մեր հարեւաններից, քանի որ երբեմն դեսպանական առաքելության «բեռը» ստանձնում են մարդիկ, որոնց աշխատանքի լավագույն նկարագրությունը միայն դեսպանության երկրում Հայաստանի պաշտոնական պատվիրակություններին մասնակից լինելով է սահմանափակվում:
Հետաքրքրական է, որ, մասնավորապես, Վրաստանը այսուհետեւ երկրի համար կարեւոր նշանակություն ունեցող այնպիսի մի պաշտոնում, ինչպիսին հակամարտությունների կարգավորման հարցով պետնախարարն է, կունենա նոր նախարար: Դավիթ Բակրաձեն կղեկավարի այդ գերատեսչությունը` թողնելով Վրաստանի խորհրդարանում եվրոինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Ֆինանսների նախկին նախարար Ալեքսի Ալեքսիշվիլին կզբաղեցնի Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնը, իսկ այդ պաշտոնը մինչ այդ զբաղեցրած Ռոման Գոցիրիձեն կդառնա Վրաստանի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական, նաեւ նախագահին կից տնտեսական խորհրդի քարտուղար:
Ֆինանսների նոր նախարար կլինի Վրաստանի էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած Նիկա Գիլաուրին, որն, ի դեպ, վրացական մյուս նախարարների համեմատությամբ, բավականին երկար է զբաղեցրել էներգետիկայի նախարարի պաշտոնը: Իսկ նրա փոխարեն էներգետիկայի նախարար կլինի Վրաստանի նավթագազային կորպորացիայի նախագահ Ալեքսանդր Խեթագուրին:
Արդարադատության նախարար Գեորգի Կավտարաձեն հեռանում է` զբաղվելու իրավական գործունեությամբ, նրան կփոխարինի Վրաստանի վերաքննիչ դատարանի նախագահ Էկա Տկեշելաշվիլին:
Ընդհանուր առմամբ, վրացական կառավարության կազմում վերջին 13 ամիսներին երեք նախարարներ զրկվել են պաշտոններից, բայց հիմնականում պահպանվել են նույն անունները` որոշակի փոխատեղումներով: Ընդ որում, Վրաստանի նախագահ Սաակաշվիլու հավաստմամբ, չնայած փոփոխություններին երկրի կառավարությունը «կայուն, միասնական թիմ» է: Սաակաշվիլու խոսքերով. «Վրաստանի կառավարության տարբերությունն այլ երկրների կառավարություններից այն է, որ մեր կառավարությունը միասնական թիմ է: Նա կայուն խումբ է, որ խոսում է մեկ ձայնով եւ կողմնորոշված է դեպի արդյունքը»: Միեւնույն ժամանակ, «նոր արյունը» միշտ անհրաժեշտ է, իսկ հաջողակ մարդիկ միշտ պաշտոնի բարձրացում կունենան:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Ավելորդ է նշել, որ նմանօրինակ փոխատեղումները կամ որոշակի պարբերականությամբ նոր նշանակումներով կառավարության կազմի փոփոխությունը մեծ նշանակություն ունեն հակակոռուպցիոն իմաստով: Որոշ առումով ուղղակի հրաշալի է կառավարության ներսում ունենալ մի վիճակ, երբ վաղվա օրվա առնչությամբ սեփական պաշտոնում մնալու վստահություն չունի եւ ոչ մի պաշտոնյա, քանի որ այդ դեպքում դժվար կլինի խոստումներ տալն ու «համարժեք վարձատրություն» վերցնելը: Թեեւ, մյուս կողմից, դժվար է խոսել պրոֆեսիոնալիզմի մասին: