«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2007-08-31 | #158, 2007-09-01 | #159, 2007-09-04


ԱԶԳՈՎԻՆ ՄԵԿ ԵՐԳ ԵՐԳԵԼՈՒ ՄԵՐ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ

Համահայկական որեւէ միջոցառում կազմակերպելիս, ուզենք թե չուզենք, անկարող ենք թաքցնել մեր այսօրվա երգարվեստի խեղճությունը, կամ ինչպես երեկ դիպուկ բնութագրեցին երգչուհի Աննա Մայիլյանն ու հեղինակային երգիչ Ռուբեն Հախվերդյանըՙ «համատարած ռաբիսացումը»: Բոլորովին անսպասելի էր, որ համահայկական 4-րդ խաղերի բացմանն ու փակմանը հրավիրվել էր երգելու նաեւ Աննա Մայիլյանը, սակայն կատարելու ոչ թե Կոմիտաս, այլ «Մեր հայրենիքը»: Տպավորությունն այնպիսին էր, թե փորձ էր արվել երգչուհու զմայլելի ձայնով «փրկել» այս հիմնը եւ այլեւս հրաժարվել նորն ունենալու գաղափարից: «Երբ ինձ զանգահարեցին եւ առաջարկեցին երգել 4-րդ համահայկական խաղերի բացմանը, իսկույն սկսեցի թվարկել այն երգերը, որոնք կցանկանայի երգել, բայց քիչ անց հասկացա, որ ինձ առաջարկվում էր կատարել միայն «Մեր հայրենիքը», մեզ հետ առանձնազրույցում երեկ ասաց Մայիլյանը:

Այս միջոցառման համերգային մասը եկավ վերստին ապացուցելու, որ միակ երգը, որ կարող ենք մի կերպ միասին երգել «Մեր հայրենիքն» էՙ իր ոչ հայկական հնչողությամբ եւ էությամբ: Եթե որեւէ մեկը փորձի հակառակն ապացուցել, թող նորից դիտի Ազատության հրապարակում տեղի ունեցած 4-րդ համահայկական խաղերի փակման համերգը, որի ժամանակ, իհարկե, եղան նաեւ լավ կատարումներ, բայց հիմնականում երգեցին բոլոր «աստղիկներն» ու «չերգիչիկները», մի քանիսը նույնիսկ մեկից ավելի երգեր: Հնչեցին բազում երգեր, հայերեն ու նույնիսկ հնդկերեն, բայց այդպես էլ չհնչեց այն երգը, որին կձայնակցեր նաեւ համերգին ներկա բազմությունը, այսինքն` տեղի չունեցավ հայկական երգի համահայկական կատարում:

Ռուբեն Հախվերդյանը «Հայելի» ակումբում երեկ ասաց, որ ինքը վաղուց մշակել է հայկական ժողովրդական մի շարք երգեր, սակայն դեռեւս չի հանդգնում դրանք ներկայացնել հանրությանը: Դրանցից մեկը հայտնի «Հանիման, ջանիմանն է», որը մեզանից շատերը առաջին անգամ լսել են հենց նրա կատարմամբ, սիրել ու միանգամից անգիր արել: Երգարվեստի միջոցով սերունդ կրթելու խնդիր մեր պետությունը կարծես թե չունի: Անկեղծ լինելու համար ասենք, որ այդ ձգտումը հատուկ է առողջ ու խելամիտ, այլ ոչ սնապարծ ժողովուրդներին: «Կարո՞ղ եք նշել ազգային 3 երգ, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է իմանալ», մեր հարցը անակնկալի բերեց թե՛ Ռուբեն Հախվերդյանին, թե՛ Աննա Մայիլյանին: Չնայած երկուսն էլ իրենց գործունեությամբ տարածում են ճշմարիտ արվեստ ու կրթում հասարակությանը, սակայն դժվարացան նույն պահին թվարկել գոնե 2 երգ, որ համահայկական հավաքների ժամանակ կարող են երգել բոլորը:

Հայտնի խոսք է, որ լեզուն եւ ազգային երգը մաքրում են մարդու միտքն ու հոգին, առանց դրանց ամեն մի սրբություն ենթակա է ապականության: «Մեր մեծերից մեկն ասել է, որ մեր լեզուն է մեր հայրենիքը, իսկ եթե նայենք մեր լեզվին, ուրեմնՙ հայրենիք չունենք: Երգը նույնպես լեզվի տարածման ու պահպանման միջոց է, իսկ այսօր մենք լավ երգ չունենք: Դրանք գրված են ոչ բանաստեղծական տեքստերով եւ արժեք չեն ներկայացնում, մեր երգիչները կարծես նույն երգն են երգում», ասաց Հախվերդյանը:

«Ձեր երգերից ո՞րն եք ամենից շատ հավանում» հարցին, նա պատասխանեց. «Ես իմ երգերը երբեք չեմ սիրել ու չեմ սիրում: Միայն տխմար, ինքնասիրահարված մարդն է գոհ լինում ինքն իրենից եւ իր արածից»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ նրանք զրուցեցին մեր իրականության մեջ աչք ծակող բազմաթիվ գորշ երեւույթների մասին, դրանց լուծումը փնտրելով պետական մարմինների, մասնավորապես մշակույթի նախարարության գործունեության ընդլայնման մեջ: «Մեր երգարվեստում այսօր խառնիճաղանջ վիճակ է, իսկ դրանով զբաղվելը ոչ թե արվեստագետի, այլ մշակույթի նախարարության գործն է», ասաց Աննա Մայիլյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4