«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2007-08-31 | #158, 2007-09-01 | #159, 2007-09-04


ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

Բազմակողմանի մտահոգություններ Հայաստանի ամերիկյան համալսարանում

Հայաստանի ամերիկյան համալսարանը մեր նորանկախ հանրապետության հասակակիցն էՙ խորհրդանշական առումովՙ ազատ մտածողական կրթական համակարգի սկզբնավորողը, որով հայաստանյան այս դաշտում որակական փոփոխություններ փորձեց մտցնել: Եվ առաջին կրթական հաստատությունն էՙ արեւմտյան մոդելով, հետխորհրդահայ իրականության մեջ: Արեւմտյան մոդելի կրթության գլխավոր սկզբունքն ուսուցման անկախ գործընթացներն են: Եվրոպական եւ ամերիկյան կրթական համակարգերի գլխավոր տարբերությունը ՀԱՀ-ի նախագահ Հարություն Արմենյանը տեսնում է դավանած մտայնությունների, հոգեբանության ու փիլիսոփայության միջեւ: (Հանդիպումը կայացավ երեկ «Ուրբաթ» ակումբում): Ամերիկյանն ի սկզբանե ուսանողին ներարկում է ազատ եւ անկախ մտածողություն, որը հիմնական գրավականն է դառնում ուսման որակի: Եթե մեր հաջողությունները պայմանավորենք միջազգային որակիՙ մեր ձգտումով, ապա դրա մեջ գլխավոր դերը կարելի է վերապահել կրթական հաստատություններին: Դրանց պահանջը հասարակությունը զգում է մասնագիտական կարողականություն ունեցող շրջանավարտի ակնկալիքով:

Հ. Արմենյանը բերեց Սթենֆորդի եւ Բերկլիի համալսարանների օրինակը, որոնք եղան ստեղծողները «Սիլիկոնային հովտի»: Ոչ ուղղակիորեն, իհարկե, ՀԱՀ-ի հիմնադիրներն ու բարերարներն այդպիսի տեսլական են ունեցելՙ նոր գաղափարների, նոր ձեռնարկումների: Այս 15 տարիների ընթացքում համալսարանի 1500 շրջանավարտների շուրջ 80 տոկոսը մնացել է հայրենիքում եւ իր որոշակի նպաստն է բերել երկրի տնտեսության զարգացմանը տարբեր ճյուղերում: Համալսարանն ուսումնականին զուգահեռ բազմաթիվ այլ ծրագրեր է իրականացնումՙ մշակութային, սոցիալական, առողջապահական: Դրանցից կարեւոր է հայ մատենագրության (V-XVII դդ.) թվայնացումը, որի հիման վրա Անթիլիասում Գ. Գյուլբենկյան հիմնարկության միջոցով իրականացվեց «Մատենագիրք Հայոց»-ի (առայժմ 5 հատոր) տպագրությունը: Այժմ թվայնացվում է կորստյան վտանգի տակ գտնվող XIX-XX դարերի արեւմտահայ գրականությունը:

7-ամյա հավատարմագրման (ԴՔԱԱ-ին) գործընթացի հաջողությունը համալսարանական կյանքի մեջ նոր փոփոխությունների ժամանակաշրջան է բացում: Հատկապես դրանց նպաստելու է համալսարանական նոր մասնաշենքի գոյությունը, որի շինարարական աշխատանքներն ամենայն հավանականությամբ կավարտվեն հաջորդ տարի: Վերջինս որպես գիտաուսումնական կենտրոն, լավագույնս կազմակերպելու պարագայում ձեռք կբերի տարածաշրջանային նշանակություն: Խնդիր է դրված համալսարանական կրթության մեջ ներգրավել արտաքին կամ շրջանային ուսանողների (Եվրոպայից, Ամերիկայից, Ռուսաստանից), որը նաեւ բազմակարծության մթնոլորտ կապահովի: Այս ուղղությամբ ՀԱՀ-ը համագործակցում է Երեւանի պետական, պոլիտեխնիկական եւ բժշկական համալսարանների հետ:

Մյուս ուղղությունը հասուն տարիքի կրթության ծրագիրն է, որ իրականացվում է դեռ համալսարանի հիմնադրման տարիներից, շուրջ 1000 ուսանող անգլերենի եւ համակարգչային ծրագրեր է ուսանել եւ շարունակում է ուսանել երեկոյան ժամերի: Դասընթացներն իրականացվում են նաեւ Գյումրիում ու Արցախում:

Ուսումնական ծրագրերին զուգահեռ համալսարանում ամերիկահայ բարերար Ջերրի Թրփանջյանի հովանավորությամբ իրականացվում է գյուղական համայնքային զարգացման ծրագիր, որը նպատակ ունի կրթության, ֆինանսական եւ խորհրդատվական աջակցության միջոցով խթանել գյուղական համայնքներում գործարարության զարգացումը:

Ներկայացված ծրագրերից լավագույն գաղափարները վերածվում են բիզնես ծրագրի: Բիզնես ծրագրերում կարեւորությունը տրվում է նոր գործատեղեր ստեղծելուն (ըստ որում դա ամրագրվում է պայմանագրային պարտավորությամբ): Առավելությունը տրվում է, այսպես կոչված, ալիքավորվող ծրագրերին, որոնք հարակից նպաստներ կարող են բերել համայնքի բնակչությանը (կամրջի կառուցում, կից հանգստավայր եւ այլն): Ծրագիրն աջակցում է Աշոցքի շրջանի Ձորաշեն գյուղի պանրագործարանին: Շիրակի մարզի Կարմրաքար գյուղում իրականացվելու է էկոլոգիապես մաքուր մեղրի արտադրություն եւ Ախուրյան գյուղում կազմակերպվելու է համակցված կերի արտադրություն. այս ամենի հետեւանքով բնականաբար նոր աշխատատեղեր են ստեղծվելու:

Հետաքրքրական է գյուղական շրջաններում փոքր հյուրանոցների ստեղծման գաղափարը: Մասնավորապես դա ծրագրված է Արցախում, որը կօժանդակի տուրիզմի զարգացմանն Արցախիՙ շատերին անհայտ, բայց բավականին տեսարժան հատվածներում: Նվազագույնը, որ շահեկան կարող է լինել, այդ գյուղերում կենցաղային նոր մակարդակների ստեղծումն է, սանիտարահիգիենիկ վիճակների ապահովումը, որը կարող է վարակիչ լինել դրացիների համար:

Որեւէ երկիր իր առաջընթացը պայմանավորում է բարձր կրթության, զարգացած հասարակության առկայությամբ. «Ստեղծագործական միտումը կա մեր մշակույթի մեջ: Խնդիրը, թե ինչ ձեւով կրնանք գունավորել մեր ազգային հումքը: Հաջողություն կարձանագրվի անկեղծության, ազնվության պարագային...»: Հարություն Արմենյանը հիշեց հետպատերազմյան տարիների Նորվեգիայի վիճակը: Այդ դժվարին շրջանում ժողովրդիՙ զարմանալիորեն բարեկեցիկ կյանքի երաշխիքն ըստ այս երկրի բնակիչների, «ղեկավարների անբասիրությունն է եղել»:

Որտե՜ղ ենք մենք...

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4