Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հերթականՙ 19-րդ տուրն աչքի ընկավ անակնկալ արդյունքներով: Ամենամեծ ու տհաճ անակնկալն իրենց երկրպագուներին մատուցեցին «Արարատի» ֆուտբոլիստները: «Բանանցի» հետ խաղում արարատցիները կրկին իրենց հնարավորություններից շատ ցածր հանդես եկան, չդրսեւորեցին իրենց հատուկ մարտունակությունը: Եթե առաջին խաղակեսում արարատցիները հավասար պայքար մղեցին մրցակցի հետ, ապա ընդմիջումից հետո նրանց խաղը լրիվ կազմալուծվեց: «Արարատը» ինչպես եւ նախորդ խաղում, այս անգամ էլ 0-6 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց: Նման բան «Արարատի» ողջ պատմության ընթացքում չէր պատահել: «Բանանցի» կազմում արդյունավետ խաղով աչքի ընկավ «Փյունիկից» թիմ տեղափոխված Գեւորգ Ղազարյանը, որը 3 գոլ խփեց: 2 անգամ աչքի ընկավ Արսեն Բալաբեկյանը, մեկ գնդակ էլ խփեց Ռոմեո Ջենեբյանը:
«Արարատի» վերջին երկու ջախջախիչ պարտություններն իրոք մտահոգության տեղիք են տալիս: Սերբ մարզիչ Դուշան Միհիչի գլխավորությամբ անցկացրած 6 հանդիպումներից 3-ում թիմը պարտվել էՙ զգալիորեն իջեցնելով խաղամակարդակը: Թեեւ առայժմ արարատցիները շարունակում են գլխավորել աղյուսակը, սակայն անհաջողությունների շարքը չընդհատվելու դեպքում «Արարատը» նույնիսկ կարող է զրկվել մրցանակային տեղից:
«Արարատի» անհաջողությունից կարող էր օգտվել «Փյունիկը», որին լավ հնարավորություն էր ընձեռվել շրջանցելու առաջատարին: Սակայն չեմպիոնին դա չհաջողվեց: Եվ դրա հիմնական մեղավորը «Գանձասարն» էր, որը «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ 3-րդ շրջանում պարզապես գերազանց է հանդես գալիս: Մինչեւ «Փյունիկի» հետ հանդիպումը «Գանձասարը» 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Չեմպիոնի հետ մրցախաղում էլ «Գանձասարն» իրեն լավագույն կողմերով դրսեւորեց: Արդեն առաջին խաղակեսում Արթուր Քոչարյանն ու Գագա Թբիլաշվիլին 2 անգամ գրավեցին «Փյունիկի» դարպասը: Ընդմիջումից հետո չեմպիոնին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը:
Վերջին հանդիպումներում անհաջող հանդես եկող «Շիրակը» վերջապես հաղթանակ տարավՙ Գյումրիում 2-1 հաշվով պարտության մատնելով «Կիլիկիային»: Այդ խաղում 13-րդ րոպեին հաշիվը բացեց շիրակցի Արա Մկրտչյանը, ապա 6 րոպե անց Արտյոմ Բեռնեցյանը 11մ հարվածով 2-րդ գոլը խփեց: Հյուրերից աչքի ընկավ Ռաֆայել Մկրտչյանըՙ 64-րդ րոպեին կրճատելով հաշիվը:
«Ուլիսը», որ վերջին երկու խաղում հաղթանակ էր տոնել, հյուրընկալել էր «Միկային»: Գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: 48-րդ րոպեին հաշիվը բացեց ուլիսցի Ադոֆեն, իսկ 77-րդ րոպեինՙ Արտյոմ Ադամյանը խփեց պատասխան գոլը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Արարատ | 19 | 12 | 2 | 5 | 32-23 | 38 |
2. Փ յունիկ | 17 | 12 | 1 | 4 | 41-14 | 37 |
3. Բանանց | 18 | 9 | 4 | 5 | 33-20 | 31 |
4. Գանձասար | 19 | 9 | 4 | 6 | 21-15 | 31 |
5. Միկա | 17 | 8 | 5 | 4 | 29-17 | 29 |
6. Շիրակ | 18 | 6 | 5 | 7 | 19-21 | 23 |
7. Ուլիս | 19 | 3 | 3 | 13 | 10-38 | 12 |
8. Կիլիկիա | 19 | 1 | 2 | 16 | 6-43 | 5 |
Ռմբարկուները
Մարկոս | «Արարատ» | 16 |
Գեւորգ Ղազարյան | «Բանանց» | 9 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 8 |
Արտյոմ Բեռնեցյան | «Շիրակ» | 7 |
Արթուր Քոչարյան | «Գանձասար» | 7 |
Արսեն Բալաբեկյան | «Բանանց» | 7 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ