«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2007-08-31 | #158, 2007-09-01 | #159, 2007-09-04


ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՅՐՑԱՄԱՔԻ ՌԵԿՈՐԴՈՎ

Հայ ծանրորդները նվաճեցին 4-ական ոսկե եւ արծաթե մեդալ

Իտալիայի Պավիա քաղաքում իրենց մրցավեճն ավարտեցին ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության պարգեւները վիճարկող ծանրորդները: Մրցումների վերջին օրը պարզապես գերազանց ելույթ ունեցավ գերծանրքաշայինների (94 կգ-ից բարձր) մրցավեճին մասնակցած Ռուբեն Ալեքսանյանը: 127,5 կգ անձնական քաշ ունեցող 17-ամյա դյուցազնը վստահ մոտեցումներով պարզապես հիացրեց մարզադահլիճում գտնվողներին: Նա ոչ միայն նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսըՙ երկամարտում ցույց տալով 386 կգ (170+216) արդյունք, այլեւ սահմանեց Եվրոպայի պատանեկան 3 ռեկորդ երկամարտումՙ հաջորդաբար ցույց տալով 374, 380 եւ 386 կգ: Ռուբենի գերազանցությունը մրցակիցների նկատմամբ ակնհայտ էր: Նա 12 կգ-ով առաջ անցավ արծաթե մեդալը նվաճած ռուսաստանցի Յուրի Տեգկաեւից: Իսկ բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Սերգեյ Բոյարչուկը հայ ծանրորդին զիջեց 41 կգ-ով: Ընդ որում, հարկ է նշել, որ Բոյարչուկն անձնական քաշով մոտ 7 կգ-ով գերազանցում էր Ալեքսանյանին: Իսկ մրցումների ամենածանրաքաշ ծանրորդը (150,31 կգ) հունգարացի Ռոբերտ Գաբորը երկամարտի 290 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը:

Մինչեւ 85 կգ քաշային կարգում Գոռ Հակոբյանը երկամարտի 280 կգ (128+152) արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց բելառուսցի Ալեքսանդր Մակարանկանՙ 308 կգ (135+173): Արծաթե մեդալը նվաճեց լեհ ծանրորդ Պավել Կոժալկանՙ 300 կգ (135+165): Բրոնզե մրցանակակիր, ուկրաինացի Կոնստանտին Կոշլյակը ցույց տվեց 294 կգ (130+164) արդյունք:

Հայաստանից երկու մարզիկ մասնակցեց մինչեւ 77 կգ քաշային ծանրորդների մրցավեճին, սակայն նրանցից եւ ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Նարեկ Մուրադյանը 265 կգ (115+150) արդյունքով գրավեց 8-րդ տեղը 25 ծանրորդների մրցավեճում: Նույնպիսի արդյունքով Վլադիմիր Սարգսյանը (120+145) 9-րդն էր: Իսկ լավագույն ցուցանիշին հասավ բելառուսցի ծանրորդ Կազիմիր Ֆիտսներըՙ 310 կգ (145+165): Արծաթե մեդալը նվաճեց լեհ Թոմաշ Զելինսկինՙ 305 կգ (139+166): Բրոնզե պարգեւ բաժին հասավ մոլդովացի Գեորգի Կեռնելինՙ 302 կգ (140+162):

Մինչեւ 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացված չէր: Այստեղ 13 ծանրորդների մրցավեճում լավագույնը ռուսաստանցի Զաուրբեկ Նանիեւի արդյունքն էրՙ 326 կգ (150+176): Արծաթե մեդալակիր դարձավ լեհ Թոմաշ Վիլեբսկինՙ 319 կգ (146+173): Բրոնզե մրցանակակիրը մոլդովացի Անդրիան Զբիրնեան էրՙ 318 կգ (146+172):

Կանանց մրցավեճում, ըստ քաշային կարգերի, Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին արժանացան գերմանուհի Քրիստին Ուլրիխը (մինչեւ 63 կգ)ՙ 191 կգ (85+106), ռուսաստանցի Յուլիա Զավգորոդնայան (մինչեւ 69 կգ)ՙ 182 կգ (77+105) եւ Հունաստանը ներկայացնող Վիկտորյա Մավրիդոսը (69 կգ-ից բարձր)ՙ 221 կգ (100+121):

Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի պատանեկան առաջնությունում ներկայացրին 8 ծանրորդներ (6 պատանի, 2 աղջիկ), որոնք ընդհանուր առմամբ նվաճեցին 4-ական ոսկե եւ արծաթե մեդալ: Հիշեցնենք, որ բացի Եվրոպայի չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանից, փոխչեմպիոններ դարձան Սմբատ Մարգարյանը (50 կգ) եւ Հեղինե Եփրեմյանը ( 58 կգ): Սմբատը հրում վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր, իսկ երկամարտում արժանացավ արծաթե պարգեւի: Իսկ Հեղինե Եփրեմյանը բացի երկամարտից, արծաթե մեդալներ նվաճեց նաեւ առանձին վարժություններում:

Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի պատանիների հավաքականը 31 ընտրանիների մեջ գրավեց 6-րդ տեղը: Մեր 6 ծանրորդները թիմին 373 միավոր պարգեւեցին: Առաջին տեղը զբաղեցրեց Լեհաստանի հավաքականը, որի 8 մարզիկները թիմին հաշվարկային 541 միավոր էին բերել: Լավագույն հնգյակում են նաեւ Ռուսաստանի (480 միավոր), Թուրքիայի (455), Հունաստանի (401) եւ Իտալիայի (383) հավաքականները: Մեր աղջիկների հավաքականը 22 թիմերի մրցավեճում 136 միավորով 13-րդ տեղը զբաղեցրեց: Հարկ է հաշվի առնել, որ մեր հանրապետությունից մրցահարթակ դուրս եկան միայն 2 մարզուհիներ, մինչդեռ լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած թիմերի կազմում մրցումներին մասնակցել էին 4-7 ծանրորդներ: Առաջին տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականը, որի կազմում ընդգրկված էին 7 մարզուհիներ, վաստակեց 519 միավոր: 2-րդ ցուցանիշն ունեն թուրքերը (508), 3-րդըՙ իսպանացիները (407):

Իսկ ահա մեդալների հաշվարկով Հայաստանի պատանեկան հավաքականը եզրափակեց լավագույն եռյակըՙ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե մեդալ: Մեր հավաքականին գերազանցեցին միայն ռուսները (9 ոսկե, 3-ականՙ արծաթե եւ բրոնզե մեդալ) եւ բելառուսները (5 ոսկե, 1 բրոնզե մեդալ): Կանանց պայքարում Հայաստանի հավաքականը 7-րդն է (3 արծաթե մեդալ): Առաջին տեղում թուրքերն են (7+5+1), որոնց հաջորդում են ռուսները (6+6+5), գերմանացիները (3+1+2), բելառուսները (2+2+4):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4