«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2007-09-01 | #159, 2007-09-04 | #160, 2007-09-05


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԿԱՇԽԱՏԻ ԲԱՎԱՐԱՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Թե նախորդ տարի ՀՀ քանի քաղաքացու ոտնահարված իրավունքներն են վերականգնվել, չհրապարակվեց, բայց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ նախորդ տարի 6500 քաղաքացի է դիմել: Աճել է ոչ միայն այդ ինստիտուտին դիմող անձանց թիվը, այլեւ հաստիքներըՙ 7-ով, եւ պետբյուջեից հատկացված գումարը: 2006 թվականին 130,3 մլն դրամ հատկացվել է հիմնարկի պահպանման համար, դրամավարկային ծախսը կազմել է 126,1 մլն դրամ, տնտեսումըՙ 4,1 մլն դրամ: Բյուջեի կատարումն էլ 96 տոկոս է:

Այսօր մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ապահովված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, տեխնիկական զինվածությունը հանրապետությունում լավագույններից մեկն է եւ այդ տեսանկյունից աշխատանքում խոչընդոտ չունի: Աշխատավարձերն էլ հայկական իրականությանն ու հնարավորություններին համապատասխան են: Այս մասին փաստեց ինքըՙ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նախորդ տարվա ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Ազգային ժողովում ներկայացնելիս: Տեխնիկական զինվածության առումով դժգոհելը մեղք կլիներ, ըստ Արմեն Հարությունյանի, բայց աշխատակազմի առումով մտահոգություն կա, որ երկրի ողջ պետական ապարատի խնդիրն է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն էլ լուսնից չի իջել եւ ՀՀ պետական մարմին է, աշխատավարձերն էլ չեն տարբերվում մյուս պետական մարմիններում եղածներից: Մեր բարձրակարգ երեք փորձագետներ այս տարի գնացել ենՙ մեկըՙ Բելգիա, երկուսըՙ Միացյալ Նահանգներ: Միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներին պահել չենք կարողանում»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այլեւս վարձակալված շենքում չի աշխատի, քանի որ նոր շենքի վերանորոգման համար հատկացվել է 50 մլն դրամ եւ գործընթացը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի տեղեկացմամբ, շարունակական է լինելու:

Ի դեպ, ավելացված հաստիքներում մեկը զինված ուժերի կտրվածքով մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականինն է: Իսկ ծախսերի տնտեսումը 2006 թվականի տարեսկզբին աշխատակազմի հարկադիր պարապուրդի շնորհիվ է եղել: Պարապուրդի պատճառն էլ նախկին օմբուդսմենի հեռացումից հետո նոր նշանակումը եղավ փետրվար ամսին, մինչդեռ հունվարն էլ աշխատանքային պետք է լիներ:

Արմեն Հարությունյանի հավաստմամբՙ ներկայացված բյուջեի հաստատման դեպքում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կկարողանա իր գործառույթները բավարար մակարդակով իրականացնել: Խնդիրների մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կխոսի տարեկան զեկույցը խորհրդարանում ներկայացնելիս:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4