Առջեւում Չեխիայի եւ Ուկրաինայի հետ ընտրական մրցախաղերն են
Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները Երեւանում սկսել են նախապատրաստությունն առաջիկա պատասխանատու հանդիպումներին: Հատկապես լուրջ քննություն է սպասվում Հայաստանի երիտասարդական հավաքականին, որը Եվրո-2009-ի ընտրական մրցաշարի շրջանակներում սեպտեմբերի 8-ին եւ 12-ին Երեւանում հյուրընկալելու է Չեխիայի եւ Ուկրաինայի իր հասակակիցներին: Այդ հանդիպումներին երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է նոր գլխավոր մարզչիՙ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ:
Երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաքը սկսել է սեպտեմբերի 3-իցՙ երեկոյան առաջին մարզումն անցկացնելով «Փյունիկի» մարզադպրոցում: Երեկ մեր ֆուտբոլիստները եւս երկու պարապմունք անցկացրին: Այսօր 17.30-ին «Բանանցի» մարզադպրոցում նախատեսված է երկկողմանի խաղ հավաքականի ֆուտբոլիստների միջեւ, ինչը հնարավորություն կընձեռի մեր ընտրանու մարզիչներին ավելի լավ պատկերացում կազմել իրենց սաների ներկայիս մարզավիճակի ու խաղային որակների մասին: Վերջին պարապմունքը երիտասարդական հավաքականը կանցկացնի Չեխիայի հետ հանդիպման նախօրեինՙ «Հանրապետական» մարզադաշտում: Տեղեկացնենք, որ չեխերի եւ ուկրաինացիների հետ ընտրական մրցախաղերը կսկսվեն ժամը 17-ին:
Հայաստանի երիտասարդական հավաքականն ընդգրկված է ընտրական 2-րդ խմբում: Առաջին խաղում մեր ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել են Լիխտենշտեյնի հավաքականին, իսկ հաջորդ հանդիպմանը հյուրընկալվելիս զիջել են ուկրաինացիներին (0-4): 2 խաղից հետո մեր ֆուտբոլիստները վաստակել են 3 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ ուկրաինացիները, որոնք գլխավորում են աղյուսակը: 2-րդ տեղում թուրքերն են, որոնք հաղթել են ուկրաինացիներին (2-1):
Ընտրական մրցախաղերին նախապատրաստվելու համար Վարուժան Սուքիասյանն ուսումնամարզական հավաքի է հրավիրել հետեւյալ 23 ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ- Գեւորգ Պրազյան («Արարատ»), Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»):
Պաշտպաններ- Արթուր Ստեփանյան («Անապա»), Արտակ Անդրիկյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Արարատ»), Վահե Մեհրաբյան («Արարատ»), Կարեն Խաչատրյան («Փյունիկ»), Միխեիլ Սիմոնյան (առանց ակումբի), Արտակ Անտոնյան («Փյունիկ»):
Կիսապաշտպաններ- Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Արտակ Խաչատրյան («Փյունիկ»), Նորայր Սահակյան («Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»), Արթուր Եդիգարյան («Փյունիկ»), Էդուարդ Կակոսյան («Բանանց»), Արամ Բարեղամյան («Բանանց»), Արսեն Բալաբեկյան («Բանանց»), Գուրգեն Մելիքսեթյան («Գանձասար»), Սարգիս Կարապետյան («Բանանց»):
Հարձակվողներ- Սեմյոն Մուրադյան («Բանանց»), Վարդան Պետրոսյան («Փյունիկ»), Գեւորգ Ղազարյան («Բանանց»), Գեւորգ Նռանյան («Արարատ»):
Սեպտեմբերի 8-ին եւ 12-ին մրցասպարեզ դուրս կգան նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Ինչպես հայտնի է, այդ օրերին նախատեսված են Եվրո-2008-ի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումները: Խաղացանկով Հայաստանի ընտրանին պետք է մրցեր Ադրբեջանի հավաքականի հետ, սակայն ինչպես հայտնի է, ՈւԵՖԱ-ն չեղյալ է համարել այդ խաղերը: Ուստի այդ օրերին մեր հավաքականը Կիպրոսում եւ Մալթայում ընկերական հանդիպումներ կանցկացնի տեղի հավաքականների հետ: Ինչ խոսք, այդ մրցախաղերը մեր ֆուտբոլիստների համար ուժերի հիանալի ստուգատես կդառնան հոկտեմբերի 13-ին Երեւանում Սերբիայի հավաքականի հետ կայանալիք ընտրական մրցախաղից առաջ: Հավաքականի գլխավոր մարզիչ Իան Պորտերֆիլդը հավաքի է հրավիրել 20 ֆուտբոլիստի:
Դարպասապահներ- Մայիս Ազիզյան («Ուլիս»), Ֆելիքս Հակոբյան («Միկա»):
Պաշտպաններ- Ռոբերտ Արզումանյան («Փյունիկ»), Կարեն Դոխոյան («Փյունիկ»), Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Եղիշե Մելիքյան («Փյունիկ»), Ալեքսանդր Թադեւոսյան («Փյունիկ»), Արարատ Առաքելյան («Բանանց»), Վահագն Մինասյան («Արարատ»), Հովհաննես Գրիգորյան («Բանանց»):
Կիսապաշտպաններ- Ռոմիկ Խաչատրյան («Ունիվերսիտատյա», Կլուժ), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Արտավազդ Քարամյան («Պոլի Տիմիշոարա»), Լեւոն Փաչաջյան («Փյունիկ»), Արթուր Ոսկանյան («Արարատ»), Աղվան Մկրտչյան («Փյունիկ»), Արթուր Մինասյան («Արարատ»):
Հարձակվողներ- Արման Քարամյան («Պոլի Տիմիշոարա»), Արա Հակոբյան («Զիմբրու»), Արսեն Ավետիսյան («Փյունիկ»):
Հայաստանի ազգային հավաքականն իր մարզումները կսկսի այսօրվանիցՙ առաջին պարապմունքն անցկացնելով ժամը 18-ին «Փյունիկի» մարզադպրոցում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ