Այս հարցը ճարտասանություն ցուցադրելու թեմա չէ
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում զարգացում չի տեսնում: Մինչդեռ «Հայելի» ակումբում հյուրընկալված մյուս բանախոսը` Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Արմեն Աշոտյանը իր դիտարկմամբ մի քանի եզրակացություն ներկայացրեց:
Ըստ այդմ, ամենից առաջ, ԼՂ հիմնախնդիրն առանձին դիտվելու լուրջ հնարավորություն չունի, այլ միայն միջազգային զարգացումների տրամաբանության մեջ: Երկրորդ, ղարաբաղյան հարցի կարգավորումը չունի նախադեպերի կարիք: Երրորդ, Աշոտյանի տրամաբանությամբ ու վստահ խոսքի մատուցմամբ, Արցախը դե ֆակտո ճանաչել են բանակցային գործընթացի մասնակից գրեթե բոլոր կողմերը (ինչո՞ւ գրեթե, ո՞վ է դե ֆակտո ճանաչել կամ ո՞վ չի ճանաչելՙ չմանրամասնվեց), ընդ որում, ճանաչման հարցը միջազգային հարթակ պիտի նետվի պատեհ մի պահի:
Որքան էլ տարօրինակ է, բայց Աշոտյանը հայտարարեց, թե ԼՂ հարցի կարգավորման գործընթացում ժամանակն աշխատում է ԼՂՀ-ի, Ղարաբաղի ժողովրդի, նաեւ Հայաստանի օգտին, մինչդեռ չզարգացող Լեռնային Ղարաբաղը բնավ էլ չի կարելի դիտարկել որպես բանակցային գործընթացում ժամանակային դադարներից շահող կողմ:
Լրատվամիջոցներին ներկայացված Աշոտյանի վերջին դիտարկում-եզրակացությունը վերաբերում է տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներին, որոնք, ըստ նրա, բնավ էլ չեն բախվում ղարաբաղյան հարցի պարագայում: «Լեռնային Ղարաբաղի հարցը որեւէ աղերս չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ», նշեց Աշոտյանը:
Ենոքյանը նախ չհամաձայնեց վերջին դիտարկմանը: Ըստ քաղաքագետի, իրավական տեսանկյունից հենց այդպես է, բայց միջազգային իրավունքը աշխատում է մեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության դեպքում, իսկ այդպիսին դեռ չի հաստատվել: Ուստի, Ենոքյանի մոտեցմամբ, ով կլինի ուժեղի կողմում, ըստ այդմ էլ կգործի հարմար միջազգային սկզբունքը:
Ժամանակը Արցախի օգտին աշխատելուն էլ Ենոքյանը համամիտ չէ, քանի որ 1988-ին ԼՂՀ բնակչությունը 180 հազար էր` 20 տոկոս ադրբեջանցիներով, իսկ ներկայումՙ 50-60 հզ.: «Այդ առումով իր ժամանակի խնդիրը, որ Ղարաբաղում ապրեն շատ հայեր եւ ապրեն բարեկեցիկ, չի կատարվում, մինչդեռ սահմանների եւ կարգավիճակի հարցը հենց այդ բարեկեցությանը պիտի նպաստի», կարծիք հայտնեց Ենոքյանը:
Բերված թվերին Աշոտյանի անհամաձայնությունը փաստվեց ԼՂՀ ներկայիս բնակչության 100 հազար թվով` ավելացրած 20 հազարանոց պաշտպանության բանակի զորամիավորումների թիվը: Ամեն դեպքում, Աշոտյանն էլ համաձայնեց, որ այդ թվով անգամ հպարտանալու առիթ չունենք:
Հյուրերը վիճարկեցին նաեւ նավթային գործարքների պատճառով Ադրբեջանի` արտաքին քաղաքական կուրսը ինքնուրույն որոշելու հարցը: Մասնավորապես, ըստ Աշոտյանի, Ադրբեջանը ԼՂ հարցում քաղաքականություն վարելու ինքնուրույնությունը կորցրել է հենց մեծ նախագծերի հիմքով: Մինչդեռ Ենոքյանի խոսքերով, այդ նախագծերը տնտեսական աճ են ապահովում Ադրբեջանին, իսկ Հայաստանը իրեն փակուղու մեջ է դրել արտաքին քաղաքականության առումով` կախված մնալով Ռուսաստանի շահերից:
«Հայաստանի քաղաքականությունն ամբողջությամբ, շուտով նաեւ տնտեսությունը, կախված է Ռուսաստանից», գնահատեց Ենոքյանը: Աշոտյանի հակափաստարկը բավականին թույլ ստացվեց առ այն, որ եթե Հայաստանը դիտվեր որպես Ռուսաստանի ֆորպոստ, Եվրոմիությունը կամ Միացյալ Նահանգները միջոցներ չէին տրամադրի մեր երկրին:
Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հարցի քննարկումները որեւէ մակարդակում մեծ նշանակություն ունեն, սակայն երբ այս հարցն անգամ շահարկելի ու, ավելին, զուտ սոփեստական փաստարկներով մատուցվող թեմա է դառնում, մնում է միայն ափսոսալ, որ մոտեցումն այդքան անլուրջ է: Հենց նման իրավիճակներում է պետք լավ հիշել, որ չնայած բոլոր թերություններին` ադրբեջանական քարոզչամեքենան չի դադարում գործելուց, օգտագործվում են բոլոր հնարավոր միջոցները` չխորշելով սուտ ու ակնհայտորեն կեղծված տվյալների ու որակումների շահարկումից:
Իսկ մեր դեպքում որեւէ տեսակի աչքակապություն, թե այս կամ այն հարցում հաղթանակներ ունենք կամ դեռ հաղթաթղթեր կան մեր «զինանոցում», կարող է անդառնալիորեն վատացնել իրավիճակը` եւս մեկ ապացույց դառնալով, որ ժամանակն աշխատում է միայն հավերժության օգտին, այլ ոչ թե որեւէ կողմի:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ