«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2007-09-04 | #160, 2007-09-05 | #161, 2007-09-06


«1915-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷԻՆ»

«Հետեւաբար պետք է համոզել Հայաստանին, որ ընդունի համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկը»

Այդ մասին «Վաշինգտոն թայմսի» երեկվա համարում, ինչպես նշում է «CNN-Turk»-ը, գրել է նույն թերթի հեղինակ Բրուս Ֆեյնը: Նա քննադատել է նաեւ այս իրադարձություններն իբրեւ ցեղասպանություն բնութագրող ԱՄՆ-ի հրեական ազդեցիկ կառույցներից «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպությանՙ ADL-ի տնօրեն Աբրահամ Ֆոքսմանին: Ֆեյնը կոչ է արել Ֆոքսմանինՙ ուսումնասիրել Բեռնար Լուիսի, Ջասթն Մակքարթիի, Հիթ Լաուրիի, Գյունթեր Լեւիի եւ Նորման Սթոնի պես պատմաբանների աշխատանքները, որոնք հերքում են Հայոց ցեղասպանության փաստը:

Բրուս Ֆեյնն ընդգծել է, որ 1915 թ. իրադարձությունները կատարվել են պատերազմական իրավիճակում, իսկ հայերըՙ համագործակցել են թշնամու հետ, եւ տեղահանությունը իբր չի տարածվել երկրի արեւմտյան շրջաններում բնակվողների վրա: Ֆեյնի կարծիքով, թուրքական կառավարությունն իբր բացել է երկրի արխիվները, համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու առաջարկով դիմել է հայերին, սակայն վերջիններս մերժել են առաջարկը: Հետեւաբար, ըստ Ֆեյնի, «Ֆոքսմանը ոչ թե պիտի ծառայի հայերի մութ նպատակներին, այլ համոզի նրանց, որ մասնակցեն 1915-ի իրադարձությունները համատեղ ուսումնասիրելու Թուրքիայի նախաձեռնությանը»:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ADL-ի տնօրեն Ֆոքսմանը կհետեւի «Վաշինգտոն թայմսի» հեղինակ Բրուս Ֆեյնի անգնահատելի խորհրդին: Խնդիրն այդ առումով Հայոց ցեղասպանության հարցում հրեական վերոհիշյալ կառույցի տնօրեն Աբրահամ Ֆոքսմանի տատանողական դիրքորոշումը չէ, այլ նրա ընդգծված բացասական մոտեցումն ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձեւին:

Որքան էլ Ֆոքսմանը ցեղասպանության նկատմամբ երեք անգամ փոխի իր դիրքորոշումը, ընդ որում ընդամենը երեք օրում, օրինագծի հարցում օրինակելի հաստատակամություն է ցուցաբերել եւ հարկ է համարել ընդգծել, որ դա ապակառուցողական է, ուստի չի նպաստի թուրքերի եւ հայերի հաշտեցմանը:

Դեռեւս օգոստոսի 25-ի համարում «Ազգը», ելնելով այս հանգամանքից, կարծիք էր հայտնել, որ «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության եւ նրա տնօրեն Ֆոքսմանի առաջադրանքը ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելն է, այլ հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկի հարցում Հայաստանին համոզելը:

Այլ կերպ, «Վաշինգտոն թայմսի» հեղինակն առաջարկում է այն, ինչ իբրեւ առաջադրանք արդեն կատարում է «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության տնօրենը, քաջ գիտակցելով, որ ցեղասպանության հարցում ժխտողականության դիրքերից հանդես գալը միանգամայն հակադարձ ներգործություն կունենա հայկական կողմի վրա:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4