ԱՀՀ ուսանողական ծրագիրը ամերիկահայերի մեջ Հայաստանում ապրելու ցանկություն է առաջացնում
«Ամառային ուսանողական ծրագիր» նախաձեռնությունը Հայաստանում գործում է 1998-ից Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) իրագործմամբ: Մ. Նահանգներում ծրագիրը գոյություն ունի վաղուց հենց հայ ուսանողների համար, որոնց հնարավորություն է տրվում ուսանողական պրակտիկա անցնելու Վաշինգտոնում: Ընտրությունն էլ կատարում է Ամերիկայի հայկական համագումարի վաշինգտոնյան գրասենյակը` համայնքի ակտիվ ներկայացուցիչներից: Երկամսյա ծրագիրը սկսվել է 2-3 մասնակցից, այս տարի ընդգրկվել են 11 ուսանողներ: Բնակարանային ծախսը հոգում են ուսանողները, մնացյալ ծախսերը` ԱՀՀ-ն:
ԱՀՀ Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի ներկայացմամբ, 1998-ին ՀՀ արտգործնախարարը ԱՀՀ միջոցառումներից մեկին մասնակցելիս նշել է, թե Վաշինգտոնում իրականացվող ծրագրի նման նախագիծ էլ ցանկալի է ունենալ Հայաստանում, որ ամերիկահայերը կարողանան գալ Հայաստան, աշխատանքային փորձ ձեռք բերեն, ծանոթանան երկրին: Հայաստանում իրականացվող ծրագիրը նման է վաշինգտոնյանին: Արդեն 49 ամերիկահայ ուսանող է մասնակցել ծրագրին:
Ինչ վերաբերում է հայաստանյան փորձի նշանակությանը, ապա, ըստ Արփի Վարդանյանի, Միացյալ Նահանգներում այն բարձր է գնահատվում, ամերիկյան համալսարանները կողմ են նման ծրագրերին եւ ուսումնասիրություններին: Միեւնույն ժամանակ, Հայաստանում ոչ միայն փորձ է ձեռք բերվում, այլեւ ճանաչում են Հայաստանը եւ այդուհետեւ որեւէ կերպ զարգացմանը մասնակից լինելու պատրաստակամություն են դրսեւորվում: Ընդ որում, արդեն կան օրինակներ, երբ Հայաստանում եղած ամերիկահայ ուսանողները փոքր, բայց հայաստանյան բնակավայրերի համար նշանակալի օգնություն են կազմակերպում:
Վարդանյանի հույսն է, որ այս ծրագրով երիտասարդների կապը Հայաստանի հետ ամրապնդվի, որ ուսանողները մտածեն, թե ինչ կարող են անել հօգուտ Հայաստանի: Ի դեպ, հենց ինքը` ԱՀՀ Հայաստանի տարածաշրջանային տնօրենը մասնակցել է ուսանողական ծրագրին ու այդուհետեւ որոշել վերադառնալ ու ապրել Հայաստանում:
Մարկ Բերբերյանը տնտեսագիտական կրթություն է ստացել Չիկագոյի համալսարանում: Իր ուսանողական ծրագիրը Մարկն անցնում է Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնում (AEPLAC): AEPLAC-ում պրակտիկան Մարկին հնարավորություն է տալիս ծանոթանալու հատկապես Հայաստանի տնտեսական ցուցանիշներին, առկա մոդելներին եւ ուսումնասիրություններին: «Մասնագիտական առումով ես առավել հետաքրքրված եմ ԵՄ ինտեգրացիայի եւ տնտեսական զարգացման հարցերով»:
Բայց քսաներկուամյա ամերիկահայ ուսանողի համար հետաքրքրական է կյանքը գյուղում, թեկուզ Երեւանից այնքան հեռու, որքան Աշոցքում գտնվող Զույգաղբյուր գյուղն է, ծանոթանալու, թե ինչպես են Հայաստանում զբաղվում հողագործությամբ ու անասնաբուծությամբ: Ըստ Մարկի, կարեւոր է, որ մարդիկ տեսնեն, թե Երեւանից դուրս ինչ կա, ինչ խնդիրներ ունեն գյուղերն այսօր Հայաստանում: Նույն մոտեցմամբ կարեւորվում են Արցախ այցելությունները: «Ես ուզում եմ հնարավորինս երկար ժամանակ անցկացնել Երեւանից դուրս` հասկանալու, թե ինչ են անում մարդիկ հայկական գյուղերում, այդ լեռների մեջ ինչպես են զբաղվում անասնաբուծությամբ ու հողագործությամբ»:
Հայաստանում է արդեն երրորդ տարին անընդմեջ: «Առաջին անգամ եկել եմ ընտանիքիս հետ, բավականին կարճ տեւեց, եւ ես ոգեւորված էի նորից Հայաստան գալու համար: Անցյալ տարի էլի եկել էի Հայաստան ու առիթ ունեցա Երեւանից դուրս գնալու: Այնտեղ այլ արժեքներ են, մարդիկ էլ այլ են, ես մի քիչ աշխատեցի գյուղացիների հետ, անգամ առանց լեզուն իմանալու լավ էինք շփվում: Կա լեզվի պատնեշ. բայց ժպիտը մնում է ժպիտ, եւ հայ գյուղացիների բաց գիրկն ու հյուրասեր սեղանները վերացնում են պատնեշները»:
Հունական ազգանուն կրող Սամանտա Կիրկոստանին Հայաստանին կապող օղակը հայուհի հայրական տատն է եղել: Օբերլինի համալսարանը որպես անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների մասնագետ ավարտած Սամանտան առաջին անգամ է Հայաստանում, իսկ տատից լսածը Հայաստանի ու հայության մասին լրացնում է իր կրթական ուղղվածությամբ` ուսումնասիրելով ամերիկահայ գրականություն: «Հայաստան գալու ցանկությունն ամենից առաջ պայմանավորված է ավելի շոշափելի հաղորդակցվելու, առավել մոտիկից ժողովրդին ու հայաստանյան իրականությանը ծանոթանալու հնարավորությամբ»:
Քսաներկու տարեկան Սամանտայի գնահատմամբ, զարմանալիորեն հեշտ է շփվել երեւանցիների հետ եւ բավականին հաճելի հաղորդակից լինել հայ մշակույթին, ինչը չէր սպասում, երբ ամերիկյան իր տնից այսքան հեռու էր գալիս: Եվրոպական երկրներ այցելությունների ժամանակ զգացվել է մշակութային որոշակի ընդհանրությունը, բայց Հայաստանում է, որ ընտանիքն ու ընկերությունը մեծապես կարեւորվում են, ինչը Սամանտայի արժեքային համակարգում մեծ տեղ է զբաղեցնում: Նրա գնահատմամբ, հայերը շատ ջերմորեն են վերաբերվում ընկերներին ու ընտանիքի անդամներին, այլ ոչ թե ամերիկյան ոճով խոստանում «հետո զանգել ու երբեք չեն զանգում»: Հայաստանում մարդկային շփումն ու հարաբերություններն, ըստ Սամանտայի, առավել կայունություն ու որոշակիություն ունեն, մարդիկ բարյացակամ են օտարերկրացիների հանդեպ:
Սամանտան գիտի հայերեն այբուբենը: Իսկ երեւանյան հայերենն ու այն լեզուն, որ լսել է տատից, բավականին տարբեր են ու դժվարացնում են տեղացիներին հասկանալը: «Ես սովորում եմ հայերեն ամեն օր», հենց հայերենով ասում է Սամանտան: Բայց, ըստ նրա, հայերենը բավականին դժվար արտասանություն ունի:
Հայաստանում Սամանտան իր ուսանողական պրակտիկան անցկացնում է Տուրիզմի զարգացման հայկական գործակալությունում: Այս առնչությամբ էլ Սամանտան Հայաստանն իր համար բացահայտել է, ասենք, որպես Գոշավանք մենաստան, որ նաեւ իր ժամանակին բավականին հարուստ գրադարան է ունեցել եւ բնավ էլ չի սահմանափակվել միայն հոգեւոր նշանակությամբ: «Ես հիմա պատրաստ եմ ինքս գովազդելու ամենուր, որ Հայաստանն իսկապես հրաշալի է եւ ոչ միայն սփյուռքահայության կամ ուղղակի զբոսաշրջիկների համար, այլեւ բոլոր նրանց, ում հետաքրքրում է պատմությունը, յուրօրինակ մշակույթը»:
«Սիրում եմ հայերենը, ինձ դուր է գալիս, որ հայերենը բացարձակապես տարբեր այբուբեն ունի, քան եվրոպական լեզուներինն է, հնչողությունն է շատ տարբեր», հիացմունք է արտահայտում Սամանտան: Ինքը հայերեն է սովորում եւ սեփական նախաձեռնությամբ «Օրրան» կենտրոնում անգլերենի անվճար դասընթացներ է իրականացնում:
Միշել Բեգլարյանը Կալիֆոռնիայի համալսարանի կենսաքիմիայի բաժնի ուսանողներից է, պրակտիկան անցկացնում է ՀՀ կրթության ու գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնում: Քսանամյա Միշելը բաժնում օգնում է ուսումնասիրել, թե ամերիկյան որ համալսարաններն ունեն հայ ուսանողների փոխանակման կամ պրակտիկայի կազմակերպման ծրագրեր: Միշելը կազմում է իր ուսումնասիրության առարկայի արխիվային, համակարգված կատալոգ: Բացի դրանից, նրա օգնությամբ փորձում են էլեկտրոնային տարբերակների վերածել այն ամենը, ինչ նախարարության այդ բաժնում դեռ թղթերի վրա է:
Միշելը հայերենին ծանոթ է եւ որոշ առումով տիրապետում է շնորհիվ Դավիթյան-Մարիանյան կրթական հիմնադրամի, որի աջակցությամբ առաջինից մինչեւ վեցերորդ դասարան շաբաթական երկու օր երկուսուկես ժամ սովորել է մայրենի լեզուն: «Բացի դրանից, մեծ մայրս ու մեծ հայրս միշտ պնդում էին, որ պիտի իմանանք հայերեն: Ի դեպ, նախ հայերեն եմ սովորել, հետո անգլերեն: Ցավոք, հիմա ծնողներս մեզ հետ խոսում են հայերեն, պատասխանում ենք անգլերեն»:
Մինչ այս այցելությունը Հայասատանում Միշելը չէր եղել եւ հայտարարում է. «Ամեն ինչ եմ սիրում, ամեն ինչ ինձ դուր է եկել: Այստեղ բոլորը հայերեն են խոսում, իմ բնակության երկրի համեմատությամբ տարբերությունները շատ են: Մարդկանց մեծ մասը Գլենդեյլում Հայաստանից է, դպրոցում, ուր ես հաճախել եմ, մեծ մասը հայաստանցի է, բայց այստեղ մարդիկ շատ բարեկամաբար են տրամադրված: Հարցնում ես, թե որեւէ տեղ ինչպես հասնել, պատրաստ են քեզ ուղեկցելու: Ես եղել եմ ԱՄՆ տարբեր նահանգներում, Մեքսիկայում, Կանադայում, ոչ մի տեղ այսքան մտերմիկ մոտեցում չեմ տեսել»:
Միշելը եզրափակում է իր տպավորությունները. «Հայաստանում մի քանի տեսարժան վայր ենք այցելել, հենց սահմանից տեսել եմ Անին: Տեսածս թեեւ լուսանկարել եմ, բայց անհնար է պատկերել զգացածս: Ինչ անկյունից էլ նկարես, միեւնույն է, պետք է լինել այնտեղ: Եվ ես հիմա շատ եմ ցանկանում, որ Հայաստան գան ծնողներս, եւ եթե հնարավոր է` ապրենք այստեղ»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ