Վարդան Օսկանյանը պատմում է բրյուսելյան հանդիպումների մասին
Սեպտեմբերի 3-ին Բրյուսելում Եվրոպական միության եւ ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման առնչությամբ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ հրավիրած ասուլիսում կարեւորեց նախ եւ առաջ Նոր հարեւանության ծրագրի` գաղափարական առումով կիրառության մեջ լինելը եւ ֆինանսական փաթեթի մինչեւ տարեվերջ հավանական առկայությունը:
Ըստ այդմ, ծրագրի ընձեռած հնարավորություններից Օսկանյանն ընդգծեց հայկական ապրանքների` եվրոպական շուկա մուտքի ակնկալիքը, որոշ ժամանակ անց նաեւ վիզաների ռեժիմի հեշտացումը, նաեւ լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունը` կրթական ոլորտում դրամաշնորհներ տրամադրելու համար: Բացի դրանից, այդօրինակ փաստաթուղթն արդեն մոտ մեկ ամիս հնարավորություն է տալիս Հայաստանին միանալու Եվրոմիության հայտարարություններին` դրանց ծանոթանալով ոչ թե արդեն հրապարակային դառնալուց հետո, այլ նախապես:
Հանդիպումների հիմնական թեմաներն են եղել Եվրոմիության, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն ու համագործակցությունը, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկման նյութը բնականաբար վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
Բրյուսելում սեպտեմբերի 4-ին Օսկանյանը հանդիպել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ: Այս կապակցությամբ երեկ արտգործնախարարը նշեց, որ քննարկվել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որի ներկա շրջանակներում իրագործվող բարեփոխումներին տրվել է դրական գնահատական: Այնուամենայնիվ, դեռ խնդիր է մեր պաշտպանական համակարգում քաղաքացիական ծառայության ներդրումը: Հանդիպմանն, Օսկանյանի խոսքերով, քննարկել են նաեւ Կոսովոյում խաղաղապահ առաքելության կազմում հայ խաղաղապահների թվի կրկնապատկման հարցը` 50-ից հասցնելով մոտ 100-ի:
Բրյուսելյան հանդիպումների շարքում է նաեւ Վարդան Օսկանյանի խորհրդակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սեպտեմբերի 4-ին համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) հետ հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ նախատեսվածներից չի եղել: Օսկանյանի մեկնաբանությամբ, համանախագահների նախաձեռնությամբ եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կայացած խորհրդակցության կարիքը թերեւս պայմանավորված է այն բանով, որ ԵԱՀԿ ՄԽ-Օսկանյան հանդիպում եղել է բավականին ժամանակ առաջ` դեռեւս հունիսին:
Ամեն դեպքում, միակ որոշակի պայմանավորվածությունն այդ հանդիպումից այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շուտով կայցելեն տարածաշրջան: Նախնական տվյալներով, այդ այցը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 15-17-ը, ընդ որում, ըստ Օսկանյանի տեղեկության, համանախագահները կայցելեն նաեւ Լեռնային Ղարաբաղ, կհանդիպեն նորընտիր նախագահի հետ:
Ի պատասխան լրագրողների հարցերի Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ նախՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի` Զեյնո Բարանի հետ ամուսնության առնչությամբ հայկական կողմը որեւէ նախաձեռնություն հանդես չի բերում համանախագահի փոփոխության առումով, եւ ընդհանրապես որեւէ փոփոխություն ակնկալելու մասին ոչինչ չի ասվել:
Ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավման հարցի առնչությամբ Օսկանյանը նախ նշեց, որ ներգրավման դեպքում դրական լրացում կլինի գործընթացին, նաեւ տեղեկացրեց. «Այդ հարցի վրա աշխատում են, մինչդեռ Ադրբեջանը դիմադրում է չհիմնավորված պատճառով»: Իսկ հրադադարի պայմաններում շփման գոտում հնչող կրակոցներն ու դիպուկահարների գործողությունները, Օսկանյանի կարծիքով, կարող են ինչ-որ մակարդակով հրադադարի պայմանագրի թարմացում ենթադրել, ինչը օգտակար կլինի, քանի որ այդ կրակոցներից զոհեր են լինում:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ.- 2008-ի նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունը դնելու կապակցությամբ Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարեց. «Այնքան ժամանակ, որ ես չեմ ասել, որ թեկնածու եմ, ուրեմն թեկնածու չեմ»: Եվ քանի որ, Օսկանյանի խոսքերով, ինքը դեռ չի հայտարարել թեկնածու լինելու մասին, ուրեմն եւ չէ: Իսկ թե ինչ է անելու Վարդան Օսկանյանը, եթե չլինի արտգործնախարար, պարզվեց, դեռեւս որոշված չէ: