Հովհ. Այվազովսկին կտակում Թեոդոսիայի իր պատկերասրահը` կտավներով, քանդակներով եւ արվեստի մնացած բոլոր գործերով նվիրել է ծննդավայր Թեոդոսիա քաղաքին: Դա 1900 թվականն էր. այդ կտավները Այվազովսկու վերջին շրջանի գործերն էին: Տարիների ընթացքում թանգարանը հարստացրել է իր հավաքածուն, ինչպես նվիրատվությունների շնորհիվ, այնպես էլ սեփական միջոցներով:
Պատկերասրահը 1880-ին իր արվեստանոցին կից հիմնադրել էր ինքը` Հ. Այվազովսկին: Լինելով առաջին պերիֆերային պատկերասրահը` այն դարձավ մշակույթի կենտրոն, որտեղ երաժշտական միջոցառումներ, համերգներ էին կազմակերպվում նշանավոր վարպետների ներկայությամբ եւ մասնակցությամբ: Այստեղ այցելել է հայ մեծ երաժիշտ Ալ. Սպենդիարյանը, ելույթներ են ունեցել Մարիինյան եւ Ալեքսանդրյան թատրոնի արտիստները:
Ապակյա վիտրաժներով պատկերասրահի տանիքը երկար ժամանակ հուսալի էր ու ապահով եւ վտանգ չէր սպառնում: Սակայն անցնող տարիների հետ այդ վիտրաժները սկսեցին «տեղի տալ» եւ անձրեւաջրերն իրենց գործն արեցին: Թանգարանի աշխատակիցները փորձեցին օգտվել պաշտպանության ամենահեշտ միջոցներից... նրանք դույլեր դրեցին անձրեւի կաթոցների տակ: Արդեն հասկանալի է թանգարանային խոնավության պայմաններում կտավների վիճակն ու անհանգստությունը:
Հ. Այվազովսկու գործերը վտանգված են: Թեոդոսիայի քաղաքապետարանի ֆինանսական հատկացումները չեն բավարարում թանգարանի տանիքի վերանորոգման աշխատանքներին, մանավանդ որ բարվոք վիճակում չեն նաեւ ցուցասրահները, պահոցները եւ մյուս հատվածները: Հովհ. Այվազովսկի պատկերասրահ-թանգարանը Թեոդոսիայի կոմունալ սեփականությունն է եւ չի ենթարկվում ո՛չ Ղրիմի, ո՛չ Ուկրաինայի մշակույթի նախարարություններին, որով եւ զրկված է հնարավորություններով եւ միջոցներով առավել ուժեղ կառույցների աջակցությունից:
Թանգարանի տնօրեն Տատյանա Գայդուկն ասում է, որ չնայած վերանորոգման աշխատանքները սկսել են, բայց այնքան էլ արդյունավետ չեն, որովհետեւ շարունակական չեն` ֆինանսների պատճառով: Ամռան սկզբին վերանորոգվել է ցուցասրահային բաժնի մեծ մասը, որ կոչվում է «Վիլլա-Մաեստրո»: Այս մասին տեղեկացնում էСтрана.Ru էլեկտրոնային թերթը եւ իրավացիորեն նշում, որ մշակույթի այդ արժեքավոր հաստատության կիսատ-պռատ կամ կտոր-կտոր վերանորոգումը բավարար չէ, չնայած որ չեղածից ընդունելի է: Մինչ շարունակվում է շենքի մի մասի վերանորոգումը, մի ուրիշ տեղ փլվում է: Տեմպերն այնքան դանդաղ են, եւ մինչեւ ավարտվելը այնքան ժամանակ կանցնի, որ առաջինները կրկին կզգան վերանորոգման կարիք: Չնայած դրան, աշխատանքները պետք է արվեն եւ արվեն խնամքով` առանց վնաս պատճառելու աշխարհահռչակ հայ նկարչի կտավներին:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ