Մի՞թե դա պայմանավորված է առանձնաշնորհյալ ընտրախավին թուրք հասարակության հակազդեցությունից պաշտպանելու նկրտումով
Օգոստոսի 18-ին «հայ դյոնմեների» վերաբերյալ Թուրքական պատմական ընկերության նախագահ, պրոֆ. Հալաչօղլուի Կեսարիայում արած հայտարարությունը բուռն հակազդեցություն էր առաջացրել երկրի գիտական, հասարակական եւ քաղաքական շրջանակներում: Թուրքական մամուլի լայն արձագանքն ստիպել էր նրան, որ օգոստոսի 21-ին ճշգրտում կատարի. «1915-ի տեղահանությունից խուսափելու համար հայերը, որոնք սկսել էին ներկայանալ իբրեւ ալավի-քուրդ, մահմեդականություն են ընդունել: 1920-ականներին «հայ դյոնմեների» թիվը շուրջ հարյուր հազար էր երկրում: 1936-37 թթ. պետությունը տունառտուն բացահայտել է նրանց: Ցուցակներն իմ ձեռքի տակ են»:
Հալաչօղլուի ճշգրտումն ավելի սուր բնույթ հաղորդեց հակազդեցության դրսեւորումներինՙ անհամեմատ ընդարձակելով արձագանքների շրջանակը: Կարեւորը, սակայն, դրանք չէին, այլ այն խոստովանությունը, որ 1915-ի տեղահանությունը հայերի համար սպանություն էր ենթադրում:
Թուրքական պատմական ընկերության նախագահը, շրջանցելով տեղահանության ընթացքում առեւանգման միջոցով բռնի մահմեդականացած հայ կանանց, աղջիկներին եւ երեխաներին, միաժամանակ խոստովանում է, որ մահմեդականացումը նրանց չի փրկել նաեւ իթթիհատականների իրավաժառանգորդ քեմալականների հետապնդումից, այլապես վերջիններս 1936-37 թթ. տունառտուն չէին կազմի «հայ դյոնմեների» ցուցակը:
Այս խոստովանությունը պատճառ է դառնում, որ Նեվզաթ Օնայանը սեպտեմբերի 3-ին «Էվրենսել.նեթ»-ի կայքէջում բացահայտի 1935-ին Թուրքիայում բաց եւ գաղտնի մարդահամարների անցկացման փաստը: Բաց մարդահամարն, ըստ հեղինակի, անցկացվել է 1935-ի հոկտեմբերին, իսկ գաղտնինՙ 1935-ի հունիսին, որի անցկացման մասին օրենքն ընդունվել էր 1934-ի մայիսի 3-ին:
Հատկանշական է, որ իշխանություններն արգելել էին նաեւ այս օրենքի հրապարակումը եւ դա, ի տարբերություն մյուս օրենքների, ուժի մեջ էր մտել առանց «Պաշտոնական թերթում» հրապարակվելու: Ավելին, 1934-ի հունիսի 14-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում ներքին գործերի նախարար Շուքրյու Քայան, որը Քեմալ Աթաթուրքի մերձավորներից էր եւ սալոնիկյան ծագումով հրեա, հայտարարել էր. «Մեծարգո պարոնայք, սա այն օրենքն է, որը երկրում ապահովելու է թերեւս ամենակենսական խնդրիՙ լեզվի հիմնահարցի լուծումը»:
Ի դեպ, ինչպես օգոստոսի 22-ին նշել է «Բիա» լրատվական գործակալությունը, Ռագըփ Զարաքոլուի վկայությամբ, երիտթուրքերի Իթթիհատ վե թերաքքի կուսակցությունը ճշտելու համար, թե կարելի՞ է ձուլել, դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին հայերի շրջանում ուսումնասիրություններ անցկացնելու հանձնարարական է տվել Էսաթ Ուրասին, որն էլ հանգել է հետեւյալ եզրակացության. «Քրդերին կարելի է ձուլել, իսկ հայերինՙ անհնար է, ուստի պետք է նրանց չեզոքացնել»:
«Ռադիկալի» սեպտեմբերի 7-ի համարում Ֆուաթ Դյունդարը լրացնում է Զարաքոլուին, ընդգծելով. «Հատկապես 1915-ի աշնանը, երբ Անատոլիայի հայերի գերակշռող մեծամասնությունը ենթարկվել էր տեղահանության, Թալեաթ փաշան սկսեց կրոնափոխ հայերի հետապնդումը: Գրեթե ամեն ամիս պարտադրվում էր շրջանների վիճակագիրներին, որ կրոնափոխների թվաքանակի մասին տվյալներ հաղորդեն կենտրոնական իշխանություններին: Հրամայված էր ճշտել ոչ միայն նրանց թվաքանակը, այլեւ յուրաքանչյուր ընտանիքի անդամներինՙ ղեկավարներով հանդերձ, ինչպես նաեւ այն փողոցը, որտեղ նրանք բնակվում էին, եւ տան համարը»:
Դյունդարը նշում է, որ 1915-ի ամռանն արձակվածՙ «անխտիր բոլոր հայերին տեղահանության ենթարկելու» հրահանգն ստիպել էր վերջիններիս զանգվածաբար կրոնափոխ լինել, որովհետեւ դա կյանքը փրկելու միակ միջոցն էր: Հեղինակի վկայությամբ, Թալեաթ փաշան նախ կարգադրում է կրոնափոխներին զերծ պահել տեղահանությունից, սակայն երեք շաբաթ անց, տեսնելով, որ խիստ աճում է կրոնափոխության ձգտողների թիվը, հրամայում է այդ առումով այլեւս չընդառաջել հայերին եւ տեղահանել անկախ դրանիցՙ նրանք մահմեդականություն ընդունե՞լ են, թե՞ ոչ: Չնայած հրամանին, տեղական իշխանությունները շարունակում են ընդառաջել կրոնափոխության ձգտողներին, որից հետո Թալեաթը պատրաստում է «կրոնափոխության» հատուկ կարգադրություն: Դրանով տեղահանությունից փրկվում են մահմեդականների հետ ամուսնացած հայ կանայք միայն:
Ելնելով Թալեաթի վերոհիշյալ հրամաններից, Գյունդարը եզրակացնում է. «Գյուղերն ու թաղերը մի կողմ, նույնիսկ հայկական ընտանիքի բոլոր անդամների համատեղ կրոնափոխությունն անգամ բացառվում էր: Հայերը կարող էին իրենց գոյությունը պահպանել ապստամբ քրդերի շրջաններում, որոնցից էին Դերսիմն ու Սինջարը: Հետեւաբար հայերն ամբողջ գյուղերով չէին կարող ալավի դառնալ, որովհետեւ անձնագրային բաժիններում նախապես հայտնի էր տվյալ գյուղի պատկանելությունը: Այսինքն, որպես հայկական գրանցված գյուղի բնակիչների ալավի ձեւանալը նրանց տեղահանությունից չէր փրկում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ալավի քրդերին հայկական ծագում վերագրելը կամ կրոնափոխ հայերի թիվը հարյուր հազարի հասցնելը որեւէ առնչություն չունի գիտության հետ»:
Խոսքը տվյալ դեպքում պրոֆ. Հալաչօղլուի մասին է: Եթե նա գիտության հետ որեւէ առնչություն չունի, ապա ինչով բացատրել նրա հայտարարությունը: Հարցին Դյունդարը տալիս է հետեւյալ պատասխանը. «Ներկայումս Թուրքիայում կան շրջանակներ, որոնք հետադիմական հայացքներով գերազանցում են իթթիհատականներին, որքան էլ «Նոր իթթիհատականներ» կոչվեն: Երկրի քուրդ բնակչության թվաքանակը նվազեցնելու համար վերջիններս առաջ են քաշում քրդերի հայ կամ հրեա լինելու վարկածը: Հալաչօղլուի վերջին հայտարարությունը դրա վառ օրինակն է: Ընդ որում, ինքը քրդերի թիվը նվազեցնելիս միաժամանակ փորձում է հերքել 1915-ի կոտորածների փաստը, ակնարկելով, թե «ոչնչացված» հայերն իրականում ալավի են դարձել»:
Այնուհետեւ Դյունդարը կասկածի տակ է դնում հարյուր հազար «հայ դյոնմեների» մասին Հալաչօղլուի հայտարարած ցուցակների առկայությունն, ընդգծելով, որ իր ողջ կյանքը ժխտողականության հիմնավորմանը նվիրած անձը, ինչպիսին է Հալաչօղլուն, այսպիսի ցուցակներ ունենալու դեպքում ոչ միայն իսկույն կհրապարակեր, այլեւ կայծակնային արագությամբ կթարգմաներ անգլերեն, որպեսզի իբրեւ ճշմարտություն հրամցնի ԱՄՆ-ի եւ համաշխարհային հասարակական կարծիքի ուշադրությանը:
Թերեւս կարելի էր բավարարվել Գյունդարի ասածներով, սակայն «հայ դյոնմեների» այն ցուցակները, որոնց մասին Հալաչօղլուն նոր է հայտարարում, կազմվել են 1936-37 թթ.: Որքան էլ դրանց մասին հիշատակումը հնչի որպես սպառնալիքի եւ շանտաժի բնույթ կրի, այնուամենայնիվ, ցուցակների գոյության բացահայտումը պետք է ունենա այլ պատճառներ: Չմոռանալ, որ Թուրքիայում իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունն առանձնաշնորհյալ ընտրախավին դեռեւս չի զրկել Քեմալ Աթաթուրքի օրոք ձեռք բերված արտոնություններից, սակայն նախադրյալներ է ստեղծել, որ երկրում ակտիվորեն վերարծարծվի այդ ընտրախավի առանցքը կազմող «դյոնմեների», այսինքնՙ սալոնիկյան ծագումով առերեւույթ կրոնափոխ հրեաների հարցը:
Օգոստոսի 29-ի համարում «Էլ Ազիզ» թերթը Հալաչօղլուի նշված հայտարարությանը մոտենում է հենց վերջինների տեսանկյունից, պայմանավորելով դա թուրք հասարակության ուշադրությունը կրոնափոխ հայերով զբաղեցնելու միջոցով նշված վերարծարծումները կանխելու առանձնաշնորհյալ ընտրախավի նկրտումներով: «Էլ Ազիզի» հոդվածը չափազանց ուշագրավ է, պահանջում է, որ առանձին անդրադառնանք դրան:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ