«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2007-09-06 | #162, 2007-09-07 | #163, 2007-09-08


ԳԻՏԻ՞ ԱՐԴՅՈՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հարցադրումներՙ պատասխանի ակնկալությամբ

Մեկ անգամ չէ, որ ես գրել եմՙ մեր ժողովուրդը ճառ չի սիրում, զեկույց-զեկուցումներից, այն էլ հաշվետո՜ւ, զզվել է վաղուց, չափված-ձեւված հայտարարությունները նրան բնավ չեն հետաքրքրում, որքան խորշում է ճառից ու ճառ ասողից, այնքան սիրում ու գնահատում է զրույցըՙ կենդանի, անմիջական, անկեղծ: Այո, անկեղծ: Ի բնե կասկածամիտ, ամեն բառի տակ ենթատեքստ փնտրող մեր համաքաղաքացին չի ուզում կրկին ու նորից խաբվել, հետեւաբար նախընտրում է պատասխանատու պետական մարդկանց հետ անմիջական շփումը, որպեսզի անձամբ ստուգի, իր համար ճիշտ եզրակացություն կազմի: Ո՛չ, նա խոստումներ չի ուզում լսել այլեւս, իրարահաջորդ ընտրություններում այդպիսիք շատ է լսել:

Չգիտեմ, վարչապետական պաշտոնի թելադրա՞նքն է, թե՞ դեպի նախագահական աթոռ հաստատակամ քայլերի տրամաբանությունը Սերժ Սարգսյանին մղում մարդկանց հետ ավելի լայն շփումներիՙ դրանք լինեն տաքսու վարորդներ, գյուղացիներ, թե... Աշոտ Բլեյան: Երկու դեպքում էլ վարչապետը ճիշտ է վարվում, նույնիսկ եթե դրանք նախավարժանքներ լինեն նախագահական առաջիկա ընտրարշավից առաջ: Հատկապես սեպտեմբերի 1-ին նրա «անակնկալ» այցը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրՙ ինձ թվում է խիստ հատկանշականՙ դա անխտրականություն է հաղորդում նրա շփումներին: Սակայն, միաժամանակ, այդ շփումները, մարդկանց ավելի լայն շրջանակների հետ հանդիպելու այդ առիթները, գոնե այնքանով, որ ցույց են տալիս մեր հեռուստաընկերությունները, խիստ անբավարար են եւ էպիզոտիկ բնույթ ու տպավորություն են թողնում: Կարծում եմ, խիստ անհրաժեշտ է, որ վարչապետը, որի, ի դեպ, ներկա պաշտոնում իշխանության 100-րդ օրը լրանում է առաջիկա շաբաթ, պետք է ավելի լայն, հաճախակի եւ անմիջական շփումներ ունենա հասարակության տարբեր խավերի հետ եւ չխորշի ամենասուր, անգամ, այսպես ասած, «թույն» հարցերից, ոչ միայն անպայման պատասխանելու, այլեւ դրանք լսելու համար:

Ու ես կուզենայի, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հասարակ մարդկանց, մտավորականության ու երիտասարդության հետ իր շփումների ծիրը լայնացներ ու զրուցեր ժողովրդին շահագրգիռ հրատապ բոլոր հարցերի մասին: Այդ հարցերը քիչ չեն, ընդհակառակն: Այդ հարցերը հեշտ լուծելի չեն, ընդհակառակն:

Առաջին հերթին կուզենայի, որ նա պատասխաներ հետեւյալ հարցինՙ ինքն իսկապե՞ս լավատեղյակ է երկրում տիրող իրավիճակին, քաղաքացիների հոգսերին, առկա բազում խնդիրներին: Տիրապետո՞ւմ է ողջ կացությանը, իր անմիջական շրջապատում թե տեղերում իշխաններն ու իշխանիկները չե՞ն խաբում իրեն: Անցնող 3 ամիսների ընթացքում հասցրե՞լ է իրազեկ դառնալ ողջ կացությանը եւ, ամենակարեւորը, գիտի՞ ինչպես եւ երբ լուծել ծառացած հարցերը:

Վարչապետն ասում է, որ Հայաստանում չպետք է լինեն աղքատ, չքավոր մարդիկ, բոլորը պետք է աշխատանքով ապահովվեն, վարձատրվո՛ղ աշխատանքով: Սրանք բարի ցանկություններ չե՞ն միայն: Աշխատանքի շուկայում առկա վիճակը, թերեւս բացառությամբ բարձրագույն տեխնոլոգիաների եւ շինարարական ոլորտների, ինչպես նաեւ աշխատանքի ընդունվելու հին, ծանոթ, «հայկական» ավանդույթները այլ բան են ասում: Մանավանդ երկրորդական քաղաքների ու քաղաքատիպ ավանների ազգաբնակչության զբաղվածության կամ, ավելի շուտ, չզբաղվածության ներկայիս վիճակը երբեմն անգամ հուսահատեցնող է: Ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս մարդկանց պիտի ապահովի աշխատանքով, արդար աշխատավարձով:

Մեկ անգամ չէ վարչապետը բարձրաձայնել երկրում համահարթեցմանՙ համաչափ զարգացման խնդրի մասին: Ակնկալելի է ուրեմն, որ այդ «համաչափ զարգացման» համար կարեւոր գումարներ ներդրվեն: Որտեղի՞ց: Կառավարության վերջին նիստին 10 մլրդ դրամ հատկացվեց մարզերին: Նույնիսկ միջազգային նպատակային վարկերի, դրամաշնորհների եւ այլեւայլ օգնությունների պայմաններում այդ գումարն ինձ թվում է խիստ անբավարար եւ, կարծում եմ, դեռեւս ֆինանսական մեծ միջոցներ են պետք մարզերում իսկական առաջխաղացում արձանագրելու համար: Այդ մարզերից ոմանք այնքան թերի են զարգացած, ենթակառույցներն այնպես են շարքից դուրս եկել, որ ծակ աման են հիշեցնումՙ լցնում-լցնում ես ու տակը բան չի մնում: Անշուշտ այստեղ դեր ունի նաեւ տեղական տզրուկներիՙ իշխանիկների ու նրանց քավոր-սանիկների գործոնը, որը քիչ տեղ է թողնում վստահության, հույսի: Բացի այդ, ոչ մի ենթակառուցվածք, որքան էլ զարգացած, չի կարող մարդկանց ապահովել աշխատանքով, եթե մասնավոր ներդրումներ չլինեն տեղերում: Նման պայմաններում կարելի՞ է վստահել «բյուջետային միջոցների տեղաբաշխման արդյունավետությամբ» հարցը լուծելուն:

Իսկ ի՞նչ է, լքելո՞ւ ենք Երեւանն իր բազմաթիվ խնդիրներով: Մայրաքաղաքն իր հախուռն կառուցապատման, վտանգավոր կուտակումներով, տրանսպորտային, էկոլոգիական, ենթակառուցվածքային եւ այլ հարցերով նոր չի սկսել ծանր քարի նման կախված մնալ երկրի փեշերից, արգելակելով համընդհանուր զարգացման յուրաքանչյուր քայլ: Առանց այդ հարցերի կարգավորման վարչապետն ու իր կառավարությունն ինչպե՞ս են պատկերացնում լուծել երկրի «համընդհանուր զարգացման» առավել բարդ հարցերը:

Վարչապետը գիտի՞ արդյոք, որ մեր տեղական ինքնակառավարման մարմինները, քիչ բացառությամբ, վերածվել են ամենափակ հիմնարկների: Այնինչ, հասկանալի է, ազգաբնակչությանը ամենաշատը հետաքրքրում են դրանց գործունեությունըՙ տրանսպորտ ու ճանապարհ, աղբահանություն, կոյուղի, ջրամատակարարում, էլեկտրական հոսանք, դպրոց, մանկապարտեզ եւ այլն: Մամուլը չի կարողանում թափանցել ու հետեւել, ասենք, թաղապետարանների գործունեությանը, եթե... թաղապետի գովեստն անելու նպատակ չունի:

Նման պայմաններում խոսել միջազգային զարգացմանը համընթաց շարժվելու մասինՙ երազային է թվում: Վարչապետ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ունի՞ բավարար քաղաքական կամք այդ երազն իրականության վերածելու:

Նմանապես, կառավարությունն օրերս հայտարարեց 2008-ի հունվարի 1-ից կենսաթոշակները 60 տոկոսով ավելացնելու մասին, ինչը չբավարարեց վարչապետին: Նա ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին հանձնարարեց էլ ավելի առաջ գնալ եւ ուղիներ գտնել 2008-ի պետական բյուջեում լրացուցիչ միջոցներ նախատեսելու, միջին ամսական կենսաթոշակները ոչ միայն 20 հազարի, այլ ավելի բարձրացնելու համար: Անշուշտ, սա հուսատու քայլ է, որից, սակայն, առաջին տպավորությամբ պոպուլիզմի հոտ է գալիս, մանավանդ եթե հիշենք վերջին նախընտրական շրջանին ոմանց խոստում-պահանջները եւ դրանց տրվող խիստ եւ սթափ պատասխանները: Եվ իսկապես, որտեղի՞ց է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը «լրացուցիչ միջոցներ» հայթայթելու այդ բարենպաստ գործի համար: Այդ միջոցները նո՞ր են, թե՞ նոր են հայտնաբերվելու: Կարելի՞ է ենթադրել, որ մեր օլիգարխներն ինչ-որ հրաշքով պարկեշտ հարկատուներ են դառնալու առաջիկա մի քանի ամսվա ընթացքում: Դա արդեն համակարգային փոփոխություն կլինի: Կարելի՞ է ենթադրել, որ կառավարությունը եւ իշխանության մյուս մարմինները բեռնաթափելու են այն ծանր եւ ուռճացված մեքենան, պետական ապարատը, որը հավելյալ բեռ է դարձել հարկատուների ուսերին:

Չմոռանանք նաեւ կարեւոր մեկ այլ հանգամանքՙ հասարակ մարդկանց շատ քիչ են հետաքրքրում հայկական դրամի արժեւորման, տնտեսական աճի երկնիշ ցուցանիշների եւ առաջանցիկ քայլերի մասին հայտարարությունները: Հասարակ մարդը, միջին քաղաքացին ունի ի՛ր չափորոշիչըՙ անսխալականըՙ իր գրպանի պարունակությունը, որը հազիվ է բավարարում կամ չի բավարարում ծայրը ծայրին հասցնելու: Այո, դրամը արժեւորվում է դոլարի նկատմամբ, իսկ ապրանքի նկատմամբՙ ոչ:

Իսկ ի՞նչ է մտածում վարչապետը երիտասարդության ընտանիքավորվելու խնդիրների մասին, երբ Հայաստանում, հատկապես Երեւանում, բնակարանների գներն ու վարկերը անմատչելի են նորակազմ ընտանիքների համար: «Էլիտար» կոչվող շենքերն ու բնակարանները այդ եւ նման հարցեր լուծելու համար չեն, որքան բարձր են դրանց գները, այնքա՜ն խաբուսիկ է դրանց թողած դրական տպավորությունն ամբողջ երկրի ֆոնին:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այո, շատ են խնդիրները, այս եւ բազմաթիվ այլ հարցեր սպասում են իրենց լուծմանը: Չեմ ասում արագ լուծմանը, քանզի դրանք արագ լուծվող հարցեր չեն: Բայց մեր հասարակությունն իրավունք ունի դրանց լուծման ուղիների ու միջոցների մասին հստակ, անկեղծ խոսակցություն լսելու, պատասխանատո՛ւ մարդկանց կողմից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4