«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2007-09-06 | #162, 2007-09-07 | #163, 2007-09-08


ՄԻԱԿ ՄԵՂԱՎՈՐԸ ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴՆ Է

Քաղաքականներն այդպես են գտնում

Բազմաբանախոս էր Մամուլի ազգային ակումբի երեկվա հանդիպումը, չնայած հրավիրյալներից երկուսն ի վերջո չէին ներկայացել քննարկելու երկրի ներքաղաքական իրավիճակն ու հնարավոր զարգացումները: Ներկա չորս բանախոսներն էլ իրավիճակի մեղավորությունը տեսնում են ժողովրդի ոչ պահանջկոտության մեջ եւ այլակարծություն ապահովում լավատեսության չափի առումով:

ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Թաթուլ Մանասերյանն հավատացած է, որ ժողովրդի ներքին պահանջկոտության բացակայության պատճառով նախագահական ընտրություններն էլ կկայանան քաղաքական առկա ներկապնակից եւ անգամ լավագույն ծրագրով ներկայացող քաղաքական գործիչն էլ չի հաջողի, քանի որ արտահանել ենք ուղեղներ եւ կորցրել հասարակության որակ: Անկախ դրանից Մանասերյանը գտնում է, որ թեեւ ուշացել է ընդդիմությունը, բայց պետք է գործի գոնե հանուն նամուսի եւ լեզու գտնի չծախվող անձանց հետ:

ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Արամ Մայիլյանի կարծիքով էլ մեր երկրում իրականությունից դուրս է մղվել քաղաքականություն կոչվածն ու նախագահական ընտրություններն էլ կայացել են խորհրդարանականի հետ մեկտեղՙ 2007 թվականի մայիսի 12-ին: Եվ իշխանության եկած ուժն այնքան հաստատվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններում թեկնածու հանդես գալն անգամ կկարողանա փոքր տատանումներ ապահովել, բայց ոչ համակարգի ցնցում: Ըստ բանախոսի, հարկավոր է լիովին նոր եւ անգամ ոչ շատ հայտնի քաղաքական դեմք, որը կարողանա հուզական հիմքով լեզու գտնել ժողովրդի հետ, քանի որ ընդդիմության համախմբումն անհնար է:

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն էլ հոռետեսներին հորդորեց քաղաքականությամբ չզբաղվել եւ մեծ լավատեսությամբ վստահեցրեց, որ Հայաստանն առանց ցնցման կգնա իշխանափոխության, եւ հասարակությունն էլ պատրաստ է այդ քայլին: Ընդդիմության միասնական թեկնածուի խնդիրը դժվար լուծելի է, բայց 10 լուրջ քաղաքական ուժի առկայությունը Հայաստանում բանախոսն իրական համարեց ու լավատեսորեն վստահություն հայտնեց, որ նրանց միասնական գործելու եւ հասարակության ակտիվության դեպքում իշխանական կուսակցությունը չի համարձակվի կեղծելՙ կունենանք Հայաստանը բնականոն զարգացման ուղիով տանելու հնարավորություն:

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն, ինչպես միշտ, խոսեց կուսակցության անունիցՙ վստահեցնելով, որ հանդես են գալու նախագահի սեփական թեկնածուով եւ եթերի հավասարազոր պայմաններում վստահ են ժողովրդի ճիշտ ընտրությանը:

Եվ այսպես, կրկին անցյալի համար գործող անձ ու մեղավոր ճանաչվեց ժողովուրդը եւ ապառիկով էլ ապագայի համար, չնայած զլացող չեղավ եթեներով ապագայում սեփական հաղթանակների վստահություն հայտնելու հարցում: Կրկին իրենք ասացին, իրենք լսեցին ու ժողովրդին իսկի չհարցրեցին:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4