Գրեթե մեկ տարի առաջ ՌԻԱ գործակալությունը հաղորդեց, որ հանգանակություն է սկսվում Ցոլակ Մնացականյանի բուժման նպատակով: «Ազգը» նույնպես մասնակցեց օգնության կազմակերպմանը: Տղան գլխուղեղի ուռուցք ուներ եւ շատ ծանր վիճակում էր, փաստորեն կոմայի մեջ: Մի շարք վիրահատությունների էր ենթարկվել Տուշինոյի հիվանդանոցում, առողջապահության վարչության գիտագործնական կենտրոնում, ռենտգենաճառագայթաբանության կենտրոնի մանկական բաժանմունքում: 2006-ի հուլիսին ենթարկվել էր քիմիաթերապիայի: Ծագել էին բարդություններ. շաքարախտից վատացել էր Ցոլակի տեսողությունը: Նա չէր կարողանում քայլել, խոսել եւ ինքնուրույն ուտել:
Բայց ամենակարեւորն այն էր, որ ուռուցքը նվազել էր, եւ ենթադրվում էր բուժման վերջին ու գլխավոր փուլըՙ ճառագայթային բուժումը Մոսկվայի ռենտգենառադիոլոգիայի կենտրոնում: Հայաստանում համապատասխան սարք չկար:
Տարբեր հիվանդանոցներում կատարված բուժումներից հետո Ցոլակի ծնողների մոտ դրամ գրեթե չէր մնացել: Տղայի հարազատները վաճառեցին իրենց ամբողջ ունեցվածքը եւ հավաքեցին 16 հազար դոլար: Այդ գումարը ծախսվեց Մոսկվա մեկնելու եւ բուժումների համար: Ցոլակն ապաքինվելու լավ հեռանկար ուներ. մնում էր հաղթահարել ծագած բարդությունները: Հետո նա հայտնվեց կոմայի մեջ, բայց բուժումը շարունակվում էր: Անցկացվեցին քիմիաթերապիա եւ ճառագայթահարում:
Երբ բուժումն ավարտվեց, հարկավոր էր դուրս գրվել: Բայց այլեւս գնալու տեղ չկար: Ծնողներին առաջարկեցին երեխային տեղավորել անկելանոցում: Նրանք լսել անգամ չէին ուզում, բայց ուրիշ ելք չկար: Բժիշկներն ասում էին, թե երեխային ապրելու հաշված օրեր են մնացել:
Բայց մի քանի ամիս անց տեղի ունեցավ հրաշք. Ցոլակը դուրս եկավ կոմայից: Ուրախությունն աննկարագրելի էր: Անկելանոցում ամեն ինչ արվում էր Ցոլակի վիճակը բարելավելու համար: Հայաստանից եկավ նրա կրտսեր եղբայր Աշոտը: Ցոլակի կողքին էին հարազատները, որոնք բերում էին թարմ մրգեր, նվերներ: Տղան ոտքի կանգնեց, սկսեց քայլել: Բուժքույրերը նվիրեցին թենիսի ռակետ եւ գնդակ:
Օրերս Ցոլակը դուրս եկավ անկելանոցից, որտեղ մնացել էր 10 ամիս: Նրան օգնություն էր հատկացվել «Աղետյալ երեխաներ» նախագծի շրջանակներում: Ցոլակի հայրըՙ 50-ամյա Վարդանը, վերջին մեկուկես տարում շփվել է բազմաթիվ բարի մարդկանց հետ, որոնք կամովին նյութական կամ այլ կարգի օգնություն էին ցուցաբերում:
Այժմ Ցոլակը 14 տարեկան է, բայց հասուն մարդու աչքեր ունի. նա այնքան փորձություններ է տեսել, որքան ուրիշները չեն տեսնում ամբողջ կյանքում:
Ցոլակը եւ հայրը խոստացել են անպայման վերադառնալ Ռուսաստան, որպեսզի մեկ անգամ եւս հանդիպեն փորձանքի պահին իրենց օգնած մարդկանց:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ