«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2007-09-06 | #162, 2007-09-07 | #163, 2007-09-08


«ԱՐՄՄՈՆՈ» ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՄԻ ՔԱՆԻ «ՀԱՄԼԵՏ»

Թբիլիսիի Ռուսթավելու անվան պետական ազգային թատրոնի «Տրակտատ թաշկինակի մասին» բեմադրությամբ (հեղ.` Կարինե Խոդիկյան, բեմ.` Հակոբ Ղազանչյան) սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին պատանի հանդիսատեսի թատրոնում կբացվի մոնոներկայացումների 5-րդ «Արմմոնո» միջազգային շեքսպիրյան թատերական փառատոնը: Ծրագրում ընդգրկված է Կիեւի Ի. Ֆրանկոյի անվան ազգային թատրոնի «...Լինել» ներկայացումըՙ նվիրված տաղանդաշատ հայ դերասանուհի Սիրանույշի ծննդյան 150-ամյակին: Գլխավոր դերում հանդես կգա Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Լարիսա Կադիրովկան: Փառատոնի հյուրերը Երեւանի դրամատիկական թատրոնում կդիտեն «Մակբեթ» ներկայացումը:

Երեկ հրավիրած մամլո ասուլիսում փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը տեղեկացրեց, որ ունեն պատվավոր հյուրերՙ աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, մոնոթատրոնի միջազգային ֆորումի նախագահ Վալերի Խազանովը, մոնոթատրոնի միջազգային շարժման հիմնադիր, Չիկագոյի ու Վրոցլավի (Լեհաստան) հնագույն մոնոներկայացումների միջազգային փառատոների տնօրեն Վեցլավ Գերասը, Քիլի (Գերմանիա) մոնոներկայացումների «Թեսպիս» միջազգային փառատոնի տնօրեն Նինա Մազուրը, Կիեւի մոնոներկայացումների միջազգային 2 փառատոների տնօրեններըՙ «Վիդլունյա» փառատոնի տնօրեն Նինա Մազուրը եւ «Մարիա» փառատոնի տնօրեն Լարիսա Կադիրովան:

Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել դերասաններ Իոլանտա Յուսկեւիչըՙ Ավստրալիայից, Էրվին Գաազըՙ Ռուսաստանից, Նինո Կասրաձեն, Դավիթ Դարչիան եւ Մալխաս Քվրիվիշվիլինՙ Վրաստանից, Քշիշտոֆ Գորդոնըՙ Լեհաստանից, Գաբբի Շելլըՙ Գերմանիայից, Մոյտինա Յուրցերըՙ Սլովենիայից, Լարիսա Կադիրովանՙ եւ Լիդիա Դանիլչուկըՙ Ուկրաինայից, Արինե Սուքիասյանըՙ Իրանից: Հայ դերասաններից կմասնակցեն Իշխան Ղարիբյանը (ՊՀԹ), Կարինե Ջանջուղազյանը (երաժշտական կամերային թատրոն), Ժենյա Ներսիսյանը, Մարիամ Ղանչյանը («Բեմական խաչմերուկ» ՄԿ) Հրանտ Խաչիկյանը (պետական կոնսերվատորիա), Դավիթ Հովսեփյանը, Ալլա Սահակյանը (Համազգային թատրոն), Ջուլիետ Ստեփանյանը («Գոյ» թատրոն-լաբորատորիա), Հայկ Զորիկյանը:

Փառատոնը հովանավորել է հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը, աջակցությամբ Երեւանի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության:

Փառատոնի փակման օրըՙ սեպտեմբերի 18-ին, պատանի հանդիսատեսի թատրոնում կցուցադրվի «Համլետ» ներկայացումըՙ Հայկ Զորիկյանի դերակատարմամբ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4