Համոզված է մի հաղորդումից սրտնեղած մեր ընթերցողը
Սեպտեմբերի 4-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ուշ երեկո» հաղորդման ժամանակ հնչած «տարօրինակ տեսակետներից» հետո «Ազգ»-ի ընթերցողներից Արեգ Մանասյանը վրդովված մի նամակ է ուղարկել խմբագրություն` խնդրելով անդրադառնալ դրան: Պետական եւ մունիցիպալ կառավարման 24-ամյա մասնագետը, որը պատրաստվում է աշխատանքի ընդունվել արտաքին գործերի նախարարությունում, ցավով նշում է, որ այսօր արհեստավարժ, գիտակ եւ կրթված դիվանագետների, պետական կառավարման մասնագետների, քաղաքականագետների, իրավունքի մասնագետների եւ քաղաքական վերլուծաբանների լուրջ սով կա Հայաստանում: Ընթերցողը նկատում է նաեւ, որ Հայաստանում եւ Արցախում արտաքին քաղաքականության, ազգային, պետական շահերի, տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների քննարկումներ եւ կլոր սեղաններ գրեթե չեն կազմակերպվում:
Կազմակերպվող եզակի հավաքներից մեկը, որ հավանաբար կանխավ ուրախացրել է Արեգ Մանասյանին, «Արմենիա» հեռուստաընկերությամբ սեպտեմբերի 4-ին ցուցադրված «Ուշ երեկո» հաղորդումն է եղել, որին մասնակցել են քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը, կրթության եւ գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանը եւ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Հաղորդման ժամանակ Աշոտ Բլեյանի եւ Ռոբերտ Սահակյանցի հնչեցրած մտքերը, մեղմ ասած, սարսափելի են թվացել մեր նամակագրին: Դրվատանքով արտահայտվելով Արմեն Այվազյանի մասնագիտական կարողությունների մասին, նա զարմանքով նշում է, թե ինչպիսի մտքեր էին արտահայտում մյուս երկուսը` թույլ չտալով արտահայտվել Արմեն Այվազյանին:
«Ինչո՞ւ այսօր պետք է ստացվեր այնպես, որ իրենց գլխավերեւում նստած աղջիկների փեսացուները պետք է կանգնեն սահմանին եւ, օրինակի համար, չլինեն իրենց ընտրյալների կողքին», Բլեյանի հոգեցունց եւ, կարելի է ասել, նաեւ զգայացունց մտքերից մեկի վրա մեր ուշադրությունն է հրավիրում նամակագիրը: Մեկ այլ «վրձնահարված» էլ ներկայացնում է Սահակյանցի մտքերից` մեկնաբանությունները թողնելով ընթերցողներին. «Ես ուրախանում եմ, որ հանդիպում եմ երջանիկ ռումինահայերի, Լեհաստանի հայերի, որոնք այլեւս չեն գիտակցում իրենց հայ լինելը, որ ժամանակին իրենց պապերն Անիից են հեռացել այդ երկրներ եւ այսօր շատ երջանիկ են»: Այս ամենի կողքին հեռուստադիտողին, մեր ընթերցողին նյարդայնացրել էր նաեւ հաղորդավարների անտարբեր պահվածքը, ովքեր չեն միջամտել այդ «հրաշալի» մտքերի արտահայտման ընթացքին:
«Այս չակերտավոր մտավորականների փոխարեն հաղորդավարները պետք է հրավիրեին ազգի նվիրյալ մտավորականությանը, ինչու չէ, նաեւ Առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչներին: Իսկական մտավորականը պետք է բարձրացնի ազգի հոգին», ամփոփում է մեր նամակագիրը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ