«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2007-09-06 | #162, 2007-09-07 | #163, 2007-09-08


ՎԱՐՈՒԺԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ. «ԿԱՇԽԱՏԵՆՔ ՄԵՆՔ ԷԼ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՃԱՌԵԼ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԻՆ»

Այսօր ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը կանցկացնի Չեխիայի իր հասակակիցների հետ: Մրցակիցն իրոք ուժեղ է: Բավական է նշել, որ Չեխիայի հավաքականը հուլիսին Կանադայում կայացած մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել է արծաթե մրցանակակիրՙ եզրափակիչում 1-2 հաշվով զիջելով Արգենտինայի ընտրանուն: Աշխարհի փոխչեմպիոնի կոչումը նվաճած ֆուտբոլիստներն էլ ներկայում Չեխիայի երիտասարդական հավաքականի կորիզն են կազմում: Հանդիպումը կսկսվի ժամը 17-ին: Մուտքը մարզադաշտ ազատ է:

Խաղի նախօրեին «Հանրապետական» մարզադաշտում նախ իրենց պարապմունքն անցկացրին Չեխիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները, ապա մրցասպարեզը տրամադրվեց Հայաստանի հավաքականին: Մինչ մեր հավաքականի մարզումը, գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը լրագրողներին ներկայացրեց Չեխիայի հավաքականի հետ հանդիպման նախապատրաստության ընթացքը, անդրադարձավ հուզող հարցերին:

Գլխավոր մարզիչը նշեց, որ ընդհանուր առմամբ ուսումնամարզական հավաքը նորմալ է անցնում: Ֆուտբոլիստներն օրական երկու պարապմունք են անցկացրել: Մարզիչը որոշակի մտահոգություն ունի որոշ ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստությունից, խաղային պրակտիկայի պակասից: Հիմնականում գրեթե հաջողվել է տեսադաշտում ունեցած բոլոր ֆուտբոլիստներին ընդգրկել ուսումնամարզական հավաքում, բացառությամբ վնասվածք ունեցող Էդուարդ Կակոսյանի: Որոշ ֆուտբոլիստների լավ ճանաչելով, Վարուժան Սուքիասյանն ինքն է ընդգրկել հավաքականում, որոնք նախորդ գլխավոր մարզչի ցուցակում բացակայում էին: Նրանց թվում են Վահե Մեհրաբյանը, Գեւորգ Նռանյանը, Միխեիլ Սիմոնյանը:

Ըստ Վարուժան Սուքիասյանի, կան ֆուտբոլիստներ, որոնք այս մեկ ամսում վատացրել են մարզավիճակը, ոմանք բարելավել: Օրինակ, Միխեիլ Սիմոնյանը խաղային պրակտիկայի պակաս ուներ: Մարզիչը զանգահարել է Հունաստան, խոսել ֆուտբոլիստի հետ, որը սկսել է այնտեղ մարզվել: Երեւանում էլ գլխավոր մարզիչը նրա հետ անհատապես պարապել է: Ամեն դեպքում, ըստ Վարուժան Սուքիասյանի, Սիմոնյանի պես բարձրահասակ ֆուտբոլիստներն անհրաժեշտ են մեր հավաքականին, քանի որ մրցակցի կազմում նմանատիպ խաղացողների քանակը գերակշռում է: Անցկացրած երկկողմանի խաղը հնարավորություն է ընձեռել հավաքականի մարզիչներին գրեթե 95 տոկոսով որոշել մեկնարկային կազմը:

Անդրադառնալով մրցակցին, Սուքիասյանը նշեց, որ դիտել է Գերմանիայի հավաքականի հետ հանդիպման տեսագրությունը եւ մեծ տպավորություն ստացել չեխերի խաղից: Նրանք գնդակի հետ վարման լավ տեխնիկա ունեն, բարձրահասակ են, արագաուժային ֆուտբոլ են դավանում: Ամբողջ դժվարությունը նրանում է, որ այդ խաղին մասնակցած ֆուտբոլիստներից ընդամենը երկուսն են նախապատրաստվում հայերի հետ հանդիպմանը: Իսկ հավաքականի կորիզը կազմում են աշխարհի փոխչեմպիոն դարձած ֆուտբոլիստները, որոնց խաղի մասին տեղեկություն չունենք, ուստի չեխերի հետ հանդիպման մարտավարությունն ընտրելիս որոշակի դժվարություններ կծագեն: Չեխերի կազմում 7 ֆուտբոլիստ 1986 թ. ծնված է, 7-ըՙ 1987 թ., 2-ըՙ 1988 թ., 3-ըՙ 1989 թ.: Նրանցից մեկը հանդես է գալիս անգլիական «Տոտենհեմում», մյուսներըՙ Չեխիայի առաջատար թիմերում: Ճիշտ է, մեր հավաքականում էլ կան 21 տարեկան ֆուտբոլիստներ, բայց համեմատաբար ավելի երիտասարդ են, քան մրցակիցը:

Վարուժան Սուքիասյանի համոզմամբ ընտրական 2-րդ խումբը, որտեղ ընդգրկված է ՀՀ երիտասարդական հավաքականը, «մահվան» խումբ է: Նա այդպիսի եզրակացության է եկելՙ դիտելով խաղերի տեսագրությունները: Նա նշեց, որ ՀՀ հավաքականն Ուկրաինայում 0-4 հաշվով զիջեց տանտերերին, ընդ որում ուկրաինացիները գոլային նույնքան պահեր էլ չօգտագործեցին: Իսկ թուրքերին հաջողվեց մրցակցի դաշտում 2-1 հաշվով պարտության մատնել ուկրաինացիներին, ինչը վկայում է վերջիններիս ուժի մասին: Իսկ ընտրական մրցաշարում նոր մեկնարկող չեխերի աշխարհի փոխչեմպիոն դառնալն արդեն իսկ խոսում է նրանց բարձր կարգի, ներուժի մասին:

Վարուժան Սուքիասյանն ավելացրեց, որ տղաներին նաեւ հոգեբանորեն է նախապատրաստում չեխերի հետ մրցախաղին. «Մեր ազգային հավաքականի հաջող մրցելույթներից հետո պետք է երիտասարդներն էլ կարողանան ուրախություն պատճառել իրենց երկրպագուներին: Թե որքանով դա կհաջողվի նրանց, ցույց կտա վաղվա հանդիպումը: Իմ մարզչական կարիերայում երբեք կանխագուշակում չեմ արել: Սպասենք վաղվա հանդիպմանը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ոչ-ոքի արդյունքն էլ չեխերի հետ խաղում պետք է հաջողություն համարել»:

Անդրադառնալով հանդիպումը ժամը 17-ին սկսելու նպատակահարմարությանը, Վարուժան Սուքիասյանը նշեց, որ դա նախկին գլխավոր մարզչի ցանկությամբ է կատարվել, որը գուցե մտածել է, որ շոգը կնպաստի մեր թիմի հաջողությանը, որոշակի առավելություն կտա մեր ֆուտբոլիստներին: Ինքը մշտապես կողմնակից է եղել խաղերը զով եղանակին անցկացնելուն (այդ պատճառով, օրինակ, Սոլիգորսկի «Շախտյորի» հետ «Արարատի» հանդիպումը նշանակվել էր ժամը 20-ին): Ամեն դեպքում հանդիպման ժամն արդեն նշանակված է եւ պետք է պատրաստ լինել շոգ եղանակին խաղալուն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4