«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2007-09-06 | #162, 2007-09-07 | #163, 2007-09-08


ԱՌԱՋԱՏԱՐԸ ՓՈԽՎԵՑ

Ստամբուլի շախմատի մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրն անվանեց նոր առաջատարին: Մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով գլխավորեց Թուրքիան ներկայացնող Միխայիլ Գուրեւիչը, որը սպիտակներով պարտության մատնեց միանձնյա առաջատար Էլդար Հասանովին: Վերջինս մինչ այդ պարտիան ընթանում էր առանց միավորի կորստի` տանելով 7 անընդմեջ հաղթանակ: Հասանովն անդրանիկ պարտությունը կրեց, որը կարող է ճակատագրական լինել նրա համար` զրկելով առաջին տեղը գրավելու հնարավորությունից: Ավարտական տուրում նա կհանդիպի 7 միավոր ունեցող Գադիր Հուսեյնովի հետ: Իսկ Միխայիլ Գուրեւիչի մրցակիցը կլինի եւս 7 միավոր ունեցող Գեորգի Մարգելաշվիլին:

Մրցաշարին մասնակցող հայ շախմատիստներից լավագույն ցուցանիշն ունեն Արման Փաշիկյանը, Գեորգի Արզումանյանն ու Դավիթ Հարությունյանը, որոնք մի խումբ շախմատիստների հետ վաստակել են 6,5-ական միավոր: Արզումանյանը ոչ-ոքի ավարտեց մրցախաղը Ստանիսլավ Սավչենկոյի հետ: Իսկ ահա Փաշիկյանն ու Հարությունյանն իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին` պարտության մատնելով համապատասխանաբար Դավիթ Ջոջուային եւ Սալոմե Մելիային:

Տուրը հաջող էր նաեւ մեր մյուս շախմատիստների համար: Դավիթ Քալաշյանը պարտության մատնեց Նոնա Դաթուշվիլուն, իսկ Լեւոն Բաբուջյանն առավելության հասավ Պովան Դոցկամի նկատմամբ: Նրանք վաստակեցին 6 միավոր: Հաղթանակ տարավ նաեւ Աղասի Ինանցը` պարտության մատնելով Բուրկու Պապմազելին: Ինանցի օգտին 5 միավոր է գրանցված:

Ավարտական տուրում Արզումանյանը սեւերով կհանդիպի Հարությունյանի հետ, Փաշիկյանը կրկին սեւերով կխաղա Վալերի Շալիմովի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4