Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան, երգիչ Փոլադ Բյուլբյուլօղլին Հայաստան ու Ղարաբաղ կատարած իր ուղեւորությունից հետո ունեցած բազմաթիվ հարցազրույցներից մեկում այն միտքն էր հայտնել, որ արեւմտյան առաջատար տերությունները միլիարդների ներդրումներ են արել երկրի նավթագազային համակարգում, հետեւաբար երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանը պատերազմի մեջ մտնի Հայաստանի հետ:
Դիվանագետի այս հայտարարության ֆոնի վրա հատկապես տաղտկալի են դառնում Իլհամ Ալիեւիՙ Ռուսաստանի մամուլում վերջին ժամանակներս հաճախակի հանդիպող հոխորտանքները Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Ալիեւի ռազմատենչությունն առաջին հերթին հենվում է ֆինանսական գործոնի վրաՙ Ադրբեջանի բյուջեի ռազմական հատվածը պիտի գերազանցի Հայաստանի պետական բյուջեն: «Հայաստանում պիտի հասկանան, որ կոնֆլիկտի ձգձգումը կարող է շատ ավելի ծանր հետեւանքների հանգեցնել»ՙ Ալիեւի այս վերջին հայտարարությունը մեկնաբաններն ընկալում են որպես խոր դժգոհություն բանակցային գործընթացից:
Ըստ ադրբեջանցիների վերջին տվյալների, իրենց բանակն ընդգրկում է 75.000 մարդ, այն մարտունակ է, հագեցած ժամանակակից զենքով ու սպառազինությամբ եւ պատերազմի դեպքում հարձակողական գործողություններ կծավալի ոչ միայն Ղարաբաղի եւ մյուս «օկուպացված» տարածքների ուղղությամբ, այլեւ Հայաստանի հետ ողջ սահմանի երկայնքով: Վերակառուցվում է ռազմաարդյունաբերական համալիրը:
Ռուսաստանում արձագանք են գտնում Ալիեւի, ինչպես ասվեց, քրոնիկական դարձած նմանատիպ սպառնալիքները: Հարկ կհամարեի ուշադրություն դարձնել մի ռուս ռազմական փորձագետի եւ մի քաղաքականագետի կարծիքներին, որ հրապարակվել են մամուլում:
Զինվորականն, անշուշտ, հաշվի առնելով Ադրբեջանի ֆինանսական գերազանցությունն, այդուհանդերձ կասկած է հայտնում, թե այդ երկիրն իրոք ստեղծել է այնպիսի ռազմական կարողություն, որն ի վիճակի լինի հաղթանակ շահել Ղարաբաղում: Նա հիշեցնում է, որ Ադրբեջանն անդրկովկասյան մյուս պետությունների հետ ԺԿԹհժ-ի անդամ է եւ Հայաստանի նկատմամբ լուրջ առավելության հասնելու համար պիտի դուրս գա այդ պայմանագրից, որ դյուրին գործ չէ:
Իսկ Ադրբեջանի քարոզչական ակտիվության ենթատեքստը քաղաքագետներից մեկն այլեւայլ «հոգեբանական ու զգացմունքային» պահերի հետ մեկտեղ բացատրում է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկումից հետո Ադրբեջանը տուրք է տալիս իր նշանակալիությանն Արեւմուտքի առջեւ եւ, Ուկրաինայի օրինակով փորձում է որպես արդյունահանող ու տարանցիկ երկիր, այդ պարագան դարձնել շանտաժի գործիք: Ընդ որում, դա արվում է բավականին ցուցադրաբար ու ամենայն անողոքությամբ: Զգացվում է, որ Ադրբեջանը խնդիր է դրել Ղարաբաղի խնդիրը մտցնել Արեւմուտքի «օրակարգի» մեջ:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա