ՄԱԿ-ում օրակարգային կետերը դեռ չունեն բանաձեւային նախագծեր, թեկուզ ադրբեջանական
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նաեւ տարբեր միջազգային կառույցներ բազմիցս ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա ձեւաչափից դուրս նախաձեռնությունները բնավ չեն նպաստում հարցի լուծմանը, ավելին, որոշ դեպքերում կարող են խոչընդոտել խաղաղ բանակցություններին:
Մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անդրադարձել են ՄԱԿ-ում, այսպես կոչված, սառեցված հակամարտությունների առնչությամբ ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախաձեռնությանը, ընդգծելով, որ ներկա ձեւաչափն առայժմ ընդունելի է կողմերի համար եւ ենթակա չէ փոփոխության, իսկ ղարաբաղյան հարցի կարգավորման կապակցությամբ զուգընթաց հնարավոր քննարկումներն այլ կառույցներում ու կազմակերպություններում կարող են միայն վնասել կարգավորման առկա գործընթացին:
Ադրբեջանական մամուլն արդեն որերորդ օրն ամենայն հրճվանքով լուրեր է տարածում, թե, այսպես կոչված, ադրբեջանական գրավյալ տարածքների առնչությամբ հարցն ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի օրակարգ: «Ազգը» տեղեկացրել է, որ 62-րդ նստաշրջանի շրջանակներում քննարկումները նախատեսվում են սեպտեմբերի 25-ին: Այդ առնչությամբ Ադրբեջանի նախագահական գրասենյակը հայտարարել է «Ադրբեջանի արտաքին քաղաքականության հաջողության» մասին:
Հետաքրքրական է, որ Ադրբեջանն անգամ նախագահի գրասենյակի մակարդակով ապատեղեկատվության հերթական դրսեւորումն է մատուցել հանրությանը` ամենից առաջ ՎՈՒԱՄ նախաձեռնություն հանդիսացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգային հարց դարձած կետի ընդգրկումը քննարկումներում դարձնելով սեփական արտաքին քաղաքականության հաջողություն, երբ դա, անկախ ամեն ինչից, բնավ էլ միայն Ադրբեջանին չի վերաբերում:
Եվ ընդհանրապես, եթե դիտարկելու լինենք ՄԱԿ-ի շրջանակների գործընթացները, ապա ցայսօր բնավ էլ հստակ չէ, առավել եւս ամրագրված չէ որեւէ նախագծային, օրինագծային տարբերակում, թե ինչ է ՎՈՒԱՄ հիշյալ նախաձեռնությունը: Մինչդեռ ադրբեջանական կողմն իրավիճակը ներկայացնում է որպես Բաքվի «մեծագույն ջանքերի գործադրման» արդյունք-հաջողություն:
Իրականում դեռեւս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված էին երկու կետեր, որոնք ուղղակի առնչություն ունեին ղարաբաղյան հակամարտության հետ, որպես այդպիսին` մեկը ներկայացրել էր Ադրբեջանը, մյուսը` ՎՈՒԱՄ-ը: Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ներկայացմամբ, նշյալ հարցերից որեւէ մեկը դեռեւս չի քննարկվել ԳԱ 61-րդ նստաշրջանում եւ, ըստ ԳԱ ընթացակարգերի, դրանք ներառվում են հաջորդ նստաշրջանի նախատեսվող օրակարգի կետերի շարքում:
Օրակարգի կետերը ներառված են համարվում հաջորդ նստաշրջանի օրակարգում միայն համապատասխան բանաձեւի կամ որոշման դրույթի առկայության կամ տվյալ նստաշրջանում ժամանակ Գլխավոր ասամբլեայի համապատասխան որոշման դեպքում, որը կարող է վիճարկել յուրաքանչյուր անդամ երկիր: Քվեարկությամբ տապալվելու դեպքում հարցը չի մտնում օրակարգ:
Կարապետյանի մեկնաբանմամբ, ադրբեջանական կողմի ձգտումներըՙ առկա բուն բանակցային շրջանակից դուրս բերելու հակամարտության կարգավորման քննարկումները, բացասաբար են անդրադառնում այդ գործընթացի վրա եւ խոսում են նրանց կողմից խնդրի տեւական լուծմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության մասին:
Ինչեւէ, ՄԱԿ-ի ԳԱ 62-րդ նստաշրջանում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունը: Ադրբեջանական կողմը թերեւս նույնպես ներկա լինի արտգործնախարարի մակարդակով այն դեպքում, երբ Վրաստանը կներկայացնի երկրի նախագահը, որի պարագայում այդօրինակ մոտեցումը լիուլի հասկանալի է:
Իսկ ինչ վերաբերում է մոտ մեկ շաբաթից մեկնարկող նստաշրջանում Ադրբեջանի ներկայացրած «գրավյալ տարածքներում» իրավիճակի հարցին, ապա հիշեցնենք, որ այսօրինակ վերտառությամբ կետ արդեն իսկ ընդգրկված է եղել ու քննարկվել 60-րդ նստաշրջանում` Ղարաբաղի հարակից տարածքներում հրդեհների պատճառների բացահայտման առնչությամբ: Ամեն դեպքում, ներկա դրությամբ այս ձեւակերպմամբ կետը որեւէ ուղղակի առնչություն, առավել եւս մեղադրանք չի ներառում Հայաստանի կապակցությամբ:
ՎՈՒԱՄ-ի նախաձեռնություն եւ մեր տարածաշրջանի հակամարտություններին վերաբերող կետը, որով փորձ է արվում ընդհանրական մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան, մերձդնեստրյան, հարավօսական եւ աբխազական խնդիրներին, եւս չի բանաձեւվել որեւէ օրինագծի նախագծով:
Նախորդ նստաշրջանում ներկայացված լինելով հանդերձ, այս հարցը մնաց առանց ուշադրության, քանի որ, ըստ էության, դրանում շահագրգիռ էր Ռուսաստանը: Հայաստանի դիրքորոշումն էլ չի փոխվել եւ լիովին համընկնում է հստակ տրամաբանությանն այն առումով, որ եթե Կոսովոյի կարգավորումը նախադեպ չի կարելի դիտարկել որեւէ այլ հակամարտության դեպքում, ապա նույն հարթության ու չափորոշիչների սահմաններում էլ չի կարելի դիտարկել Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Արցախի հակամարտությունները: Այսօր աշխարհում առավել ընդունելի մոտեցման համաձայն, յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է եւ չի կարող նույնացվել մեկ այլ խնդրի հետ:
Ժխտել, թե Հայաստանի համար բացարձակապես միեւնույն չէր այսպիսի հարցերի ներառումը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանային օրակարգում, անհեթեթ է: Սակայն, մյուս կողմից, ադրբեջանական դիվանագիտությունը եւս պիտի ընդունի սեփական անճարակությունն ու աշխարհաքաղաքական շահերի գերակայությունը, ինչը մեծապես որպես մեղադրանք է ներկայացվում Հայաստանին:
Եթե մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը բանաձեւի որեւէ նախագիծ չներկայացրեց հիշատակված կետերի առնչությամբ, ինչի հետեւանքով էլ դրանք ուղղակի ինքնաբերաբար հայտնվեցին 62-րդ նստաշրջանի օրակարգում, ապա դիվանագիտական «հաջողությունների» մասին փողհարելու որեւէ անհրաժեշտություն չկա:
Թեեւ կարիք չկա զարմանալու. առաջին անգամ չէ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ