«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2007-09-08 | #164, 2007-09-11 | #165, 2007-09-12


ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿԱՅԱՆ ԱՎԱՆԻ ԴՊՐՈՑԸ ԿԿՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԻՆԴԼԻՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ

Արդեն 81 տարի գործող Պոլսի հայերի օգնության միությունը 1988 թվականից ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն պոլսաբնակ հայությանը, այլեւ գործունեություն է ծավալել Հայաստանում: Ձեռնարկումներից մեկն էլ երկրի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների բարեկարգումն է: Միության եւ սոցիալական հիմնադրամի համագործակցության շնորհիվ Հայաստան-Ադրբեջան սահմանագծին գտնվող Կայան ավանի 78 աշակերտներն արդեն երկու տարի սովորում են նորակառույց երկհարկանի շենքում: Նոր դպրոցը կառուցվել ու կահավորվել է նշված երկու կազմակերպությունների ֆինանսական միջոցներով եւ Հայ օգնության ֆոնդի անմիջական մասնակցությամբ: Պոլսի հայերի օգնության միությունն այժմ էլ դպրոցի հովանավորումը ավարտված չի համարում: Սեպտեմբերի 5-ին տեր եւ տիկին Պերճ եւ Արմինե Արազներն ու Տիգրան եւ Դիանա Հաջաթյաններն այցելեցին Կայան ավանՙ դպրոցի անվանակոչության առնչությամբ: Դատարկաձեռն չէին, դպրոցինՙ գորգ, աշակերտներից յուրաքանչյուրին պայուսակ ու գրենական պիտույքներ էին բերել: Կայան ավանի միջնակարգ դպրոցն արդեն կրում է պոլսահայ մտավորական, մանկավարժ Հովհաննես Հինդլիյանի անունը:

Կայանի աշակերտներն արդեն տեղյակ են, որ Պոլսում 1909 թվականից մինչեւ 1950 թվականը գործած Հինդլիյանի դպրոցը եղել է հայապահպանության ու մարդ կրթելու դարբնոց, որը գործել է եվրոպական «Նոր դպրոցի» մեթոդներով: Հինդլիյանի դպրոցում կարեւորվել է անձն ու աշակերտներից յուրաքանչյուրն արժանացել է տնօրենի հոգածությանն ու ուշադրությանը:

«Ճաշի ժամին պարոն Հինդլիյանը սովորություն մը ուներՙ հացն իր ձեռքով կկտրեր եւ ամենուս մեկիկ-մեկիկ բարի ախորժակ կմաղթեր, ցուրտ օրերին երկար ճամփա կտրած աշակերտին սառած ոտքերը իր ձեռքերուն մեջ կջերմացներ: Հինդլիյանը շատ լուսավոր մարդ մըն էր: Զինքը բոլորս կսիրեինք ու միշտ սիրով կհիշենք», պատմեց Արմինե Արազը, որ աշակերտել է Հովհաննես Հինդլիյանի դպրոցում եւ հավատարիմ է իր ուսուցչի պատգամինՙ «Վարքովդ պատիվ բեր ինծի»:

Կայանի միջնակարգ դպրոցում էլ արդեն այս կարգախոսը սեփական է, չնայած հանգամանքների բերումով ամեն ինչ չէ, որ հնարավոր է եղել փոխառել Հովհաննես Հինդլիյանի մանկավարժական արդյունավետ փորձից: Երբ դպրոցը դեռ նախակրթարան, ճաշարան, հանդիսասրահ, սպորտային գույք, գրադարան չունի, անգամ խոսք լինել չի կարող յուրաքանչյուր դասարանի մշակմանը հանձնված հողակտորի եւ հողագործությամբ զբաղվելիս դասական երաժշտություն լսելու մասին, ինչպես ընդունված էր Հինդլիյանի 5-ամյա դպրոցում: Հիմա անհրաժեշտ է նորոգել դպրոցին կից շենքը, ստեղծել դպրոցական գրադարան, որն այսօր ընդամենը դասագրքեր ունի եւ սեպտեմբերի 5-ին հարստացավ նաեւ անգլերենի ուսուցման դասագրքերով, որոնք նվիրաբերեցին Պերճ եւ Արմինե Արազները:

Նախորդ ուսումնական տարվա կայանցի 12 շրջանավարտներից 7-ը արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունների սաներ են, ու թերեւս իրավացի էր դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանը պնդելով. «Մեր դպրոցում մասնավոր պարապմունքների պրակտիկա չկա: Արդեն իսկ յուրաքանչյուր դասարանում գործ ունենք, լավագույն դեպքում, 5-6 աշակերտի հետ եւ յուրաքանչյուրն արժանանում է ամենօրյա ուշադրության»:

«Մեր դպրոցից մի քիչ դժգոհ եմՙ դասարանում 6 աշակերտ կա ու ամեն օր բոլորիս դաս են հարցնում: Բայց սովորել սիրում եմ, հատկապես մաթեմատիկան, հայերենը ու ... պրծավ», անկեղծորեն պատմեց 4-րդ դասարանցի գեղեցկատես ու սլացիկ կեցվածքով Անտոնյան Տիրանը: 3-րդ դասարանցի պնդակազմ ու թմբլիկ Մելիքյան Գոհարն էլ 5 դասընկեր ունի. «5 աղջիկ ենք, մի տղա, համ խաղում ենք, համ էլ էդ մի տղին ամբողջ օրը թակում ենք, հլա ես մի քիչ թեթեւ եմ խփում»:

Կայանի աշակերտների մի մասը գալիս է հարեւան Այգեհովիտից ու Ազատամուտից: Ուսուցչական կազմն էլ ամբողջական է հենց այս երկու գյուղերի մասնագետների շնորհիվՙ 23 ուսուցչից 20-ը ամեն օր 4 կիլոմետր կտրում է Կայան հասնելու համար: Այս ուսումնական տարում Կայանի առաջինցիները ինն են:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4