«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2007-09-08 | #164, 2007-09-11 | #165, 2007-09-12


ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԿՏՐՎԱԾ ՉԵՆ ԼԻՆԻ

Թբիլիսիի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Գեորգի Խուբուան նկատել է, որ վրաց գիտնականները կարոտախտ ունեն իրենց հայ գործընկերների հետ շփվելու, ուսումնասիրություններ կատարելու, կրթական ու գիտական հարցեր քննելու: Ներքին նույն մղումը երեկ հայտնաբերել էր Երեւանումՙ պետական համալսարանի մի շարք ամբիոնների ղեկավարների հետ շփվելիս, նրանց հարցադրումներն ունկնդրելիս: Գեւորգի Խուբուան ընդամենը 5 ամիս առաջ է ընտրվել ռեկտորի պաշտոնում ու չի կամեցել ավելի հետաձգել առանց այն էլ արդեն ուշացած պայմանագրի ստորագրումը: Խոսքը Երեւանի պետական համալսարանի հետ վաղուց անհրաժեշտություն դարձած համագործակցություն հաստատելու մասին է, որն ի վերջո իրականություն դարձավ հենց երեկՙ Հայաստան կատարած իր առաջին այցի ժամանակ: «Կարծում եմ, այս պաշտոնը ղեկավարող ամեն ոք առաջինը պիտի այցելի Հայաստան, որովհետեւ այսքան մոտ լինելով հանդերձ, մենք շատ քիչ բան գիտենք միմյանց պատմության, մշակույթի եւ ավանդույթների մասին: Այս պայմանագիրը հույս է տալիս, որ նոր սերունդը կլրացնի այդ բացը եւ առաջիկա տարիներին մեր 2 բուհերի ուսանողներն ու դասախոսները հաճախակի կհանդիպեն եւ իրենց մտահոգող բազմաթիվ հարցերի պատասխանները կստանան: Փաստորեն մենք փորձում ենք վերակենդանացնել հայ-վրացական հարաբերությունները: Լավ կլիներ, եթե կարողանայինք միասին ստեղծել տարածաշրջանային կրթական կենտրոն», ասաց Խուբուան:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես համոզված է, որ մեկ տասնյակից ավելի կետերից բաղկացած պայմանագիրը ոչ միայն թարմ շունչ կբերի պետական 2 բուհերին, այլեւ կհալեցնի հայ-վրացական գիտամշակութային կյանքում վերջին տարիներին գոյացած մերկասառույցը: Նախատեսվում են ուսանողների փոխանակման ծրագրեր, գիտական աշխատանքների համատեղ պաշտպանություններ, այդ թվումՙ հայագիտության եւ վրացագիտության վերաբերյալ, մանավանդ որ բազմաթիվ թեմաներ առ այսօր կարոտ են ուսումնասիրության:

Խուբուայի գլխավորած պատվիրակության կազմում են համալսարանի հայագիտության բաժնի ղեկավար, հայագետ Զազա Ալեքսիձեն, միջազգային տնտեսական դպրոցի տնօրեն Էրիկ Լիվնին եւ նույն դպրոցի ներկայացուցիչ Մզիա Միքելաձեն: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, պատմության ամբիոնի դեկան Հայկ Ավետիսյանը, վրացագիտության կենտրոնի ղեկավար Հրաչ Բայրամյանը, տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:

«Կարծում եմ, համատեղ քննարկումները թույլ կտան աշխուժացնել հայ-վրացական ուսումնասիրությունները, իսկ միջազգային տնտեսական կենտրոնի հետ կապերը օգտակար կլինեն համատեղ կադրեր պատրաստելու եւ տնտեսական նոր ծրագրեր իրականացնելու առումով», հավելեց Սիմոնյանը:

Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորն այսօր կհանդիպի ԵՊՀ դասախոսական կազմի հետ, որից հետո կայցելի Մատենադարան եւ Էջմիածին: Իսկ երեկվա ծրագրում ընդգրկված էր նաեւ ուղեւորություն Գառնի, Գեղարդ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4