Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականին այսօր նոր փորձություն է սպասում: Ժամը 17-ին «Հանրապետական» մարզադաշտում մեր երիտասարդ ֆուտբոլիստները Եվրոպայի 2009-ի երիտասարդական առաջնության ընտրական հերթական խաղում ուժերը կչափեն Ուկրաինայի հավաքականի հետ: Հանդիպումը կսպասարկի Հունաստանի մրցավարական բրիգադը Խրիստոֆորոս Զոգրաֆոսի գլխավորությամբ: Ուկրաինայի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարն սկսել է այս տարվա հունիսի 1-ին: Այդ օրը սեփական հարկի տակ ուկրաինացիները հյուրընկալել էին Թուրքիայի հավաքականին: Դաշտի տերերը պարտություն կրեցին 1-2 հաշվով: Իսկ Հայաստանի ընտրանին նախորդ օրը Երեւանում մեկնարկային խաղում 1-0 հաշվով առավելության էր հասել Լիխտենշտեյնի իր հասակակիցների նկատմամբ:
Հունիսի 6-ին ուկրաինացիները հյուրընկալեցին հայ ֆուտբոլիստներին: Ցավոք, մեր երիտասարդ ֆուտբոլիստներին չհաջողվեց լրջորեն դիմադրել մրցակցին: Մեր հավաքականը 0-4 խոշոր հաշվով պարտություն կրեց, ընդ որում ուկրաինացիները դեռ 4-5 գոլային իրական պահեր էլ չկարողացան օգտագործել:
Բնական է, որ այսօր մեր հավաքականը պետք է ձգտի անպայման ռեւանշի հասնել: Կարծում ենք, որ դրա նախադրյալները կան: Մի քանի օր առաջ աշխարհի փոխչեմպիոն չեխերի հետ երեւանյան մրցախաղը ցույց տվեց, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը մեծ ներուժ ունի եւ կարող է հաջողությամբ մրցակցել եվրոպական առաջատար ընտրանիների հետՙ ոչնչով հետ չմնալով ազգային հավաքականի իրենց ավագ խաղընկերներից: Կասկածից վեր է, որ այսօրվա խաղում էլ Վարուժան Սուքիասյանի սաները հաջողության հասնելու համար կներդնեն իրենց ողջ ուժերն ու հնարավորությունները:
Նշենք, որ Հայաստանի եւ Ուկրաինայի երիտասարդական հավաքականները մեկ անգամ չէ, որ մրցել են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում: Ցավոք, հայ-ուկրաինական ֆուտբոլային այդ դիմակայությունում առայժմ առավելությունը մրցակցի կողմն է: Անցկացված 9 հանդիպումներում դեռեւս մեր երիտասարդական հավաքականին չի հաջողվել գեթ մեկ հաղթանակ տոնել: Ընդամենը 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի արդյունք, իսկ 7 անգամ հաջողության են հասել ուկրաինացիները: Ընդ որում չորս անգամ ուկրաինացիները հաղթել են խոշոր հաշվով (1997-ինՙ 7-0, 1998-ինՙ 8-0, 2003 եւ 2007-ինՙ 4-0):
Ուկրաինայի երիտասարդական հավաքականը գլխավորում է խորհրդային տարիների Ուկրաինայի լավագույն նախկին ֆուտբոլիստներից մեկըՙ Ալեքսեյ Միխայլիչենկոն, որը ժամանակին հանդես է եկել Կիեւի «Դինամոյում» եւ ԽՍՀՄ հավաքականում: Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը Միխայլիչենկոն հավաքական է հրավիրել 18 ֆուտբոլիստի: Ուկրաինացիները Երեւան են ժամանել խաղի նախօրեինՙ երեկոյան մարզվելով «Հանրապետական» մարզադաշտում: Ի դեպ, խաղը ցուցադրվելու է նաեւ Ուկրաինայում, ինչը վկայում է այսօրվա հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրասիրությունը երկու երկրներում: Մնում է հուսալ, որ ինչպես չեխերի հետ մրցախաղում, այսօր էլ մեր ֆուտբոլիստներն իրենց կդրսեւորեն լավագույն կողմերով, աչքի կընկնեն մարտական բնավորությամբ ու արժանապատիվ խաղ կցուցադրեն: Եթե մեր հավաքականին հաջողվի հաղթել ուկրաինացիներին, ապա հայ ֆուտբոլիստները 4 խաղից հետո կվաստակեն 7 միավոր եւ կգլխավորեն ընտրական 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:
Այսօր մրցասպարեզ կելնեն նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնք ընկերական մրցախաղում ուժերը կչափեն Մալթայի ընտրանու հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ