Էստոնիայի ֆուտբոլի առաջնության 2-րդ խմբում հանդես եկող Տալլինի «Արարատը» երկրորդ տարին անընդմեջ նվաճեց երկրի «Փոքր գավաթը», որը խաղարկվում է ցածր խմբի թիմերի միջեւ: Սովորաբար այդ թիմերը սիրողական են: Այս տարի գավաթի խաղարկությանը մասնակցեց 47 թիմ:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, եզրափակիչում «Արարատը» 1-0 հաշվով հաղթել է Տալլինի «Անժիին», որում հիմնականում հանդես են գալիս դաղստանցիները: Խաղի ելքը վճռած միակ գոլի հեղինակն Ավետիս Հարությունյանն էր, որը 35-րդ րոպեին դիպուկ հարվածով եզրափակեց թիմի ավագ Վահագն Հարությունյանի փոխանցումը:
«Այդ հաղթանակն առանձնապես չնշեցինք, միայն մեկական գավաթ կոնյակ ըմպեցինք: Գավաթի նվաճումը կնշենք սեպտեմբերի 21-ինՙ Հայաստանի անկախության օրը», նշել է ակումբի նախագահ Ալբերտ Ստեփանյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ