«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2007-09-11 | #165, 2007-09-12 | #166, 2007-09-13


ԻՍԼԱՄԸ ՈՐՊԵՍ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՄԻՋՈՑ

Թուրքիայում տեղի ունեցած «իսլամական հեղափոխությունը» չէր կարող վրիպել ռուսական մամուլի ուշադրությունից: Բանն այն է, որ Անկարան լուրջ ազդեցություն ունի Ռուսաստանի մուսուլմանաբնակ տարածաշրջաններում, որտեղ նա ակտիվորեն գործում է «լուսավորական», կրոնական, տնտեսական բնագավառներում, բնականաբար, այդ քողի տակ իրականացնելով նաեւ քայքայիչ ու հետախուզական գործունեություն:

Անշուշտ Էրդողան-Գյուլ երկյակի հաջողությունն առաջին հերթին տնտեսական հիմք ունի: Չորս տարում կառավարությանը հաջողվեց կրկնապատկել երկրի համախառն ներքին արտադրանքը (մինչեւ 400 միլիարդ դոլար), եռակի կրճատել ինֆլյացիան (տարեկան մոտ 10 տոկոս), միայն վերջին տարում օտարերկրյա ուղղակի ներդրումները հասցնել 20 միլիարդի, ապահովել բազմահազար աշխատատեղեր, էկոնոմիկան դարձնել արտահանականՙ մրցունակ արտաքին շուկայում եւ այլն:

Սակայն Ռուսաստանում հատուկ քննության առարկա է նաեւ բուն իսլամական գործոնի դերը, իսլամ-քաղաքականություն-էկոնոմիկա յուրօրինակ առնչությունների փոխներգործությունների հանգամանքը: Օբյեկտիվորեն, ինչքան էլ Էրդողանի «Արդարություն ու բարգավաճում» կուսակցությունը համարվի իսլամական, այդուհանդերձ, երբեք չես համեմատի մուսուլմանական աշխարհում գործող իսլամիստական ուժերի հետ: Ռուսական թերթերից մեկը նույնիսկ համարել է Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատների իսլամական նմանակը:

Էրդողանը փաստորեն ստեղծել է նոր տիպի կուսակցություն, որի ծրագրում, օրինակ, մարդու իրավունքներն ու դեմոկրատիան հռչակվում են որպես... իսլամի կարեւորագույն տարրեր, կրոնական արժեքներ: Կառավարության մեջ, իշխանության բոլոր օղակներում ընդգրկվում են բարձրակարգ մասնագետներՙ սակայն իսլամական բարոյական սկզբունքներին համախոհ (Գյուլն, օրինակ, մի քանի տարի աշխատել է զանազան միջազգային ֆինանսական հաստատություններում, նաեւ որպես Զարգացման իսլամական բանկի փոխնախագահ):

Իսլամը դարձնելով երկրի բարգավաճման ուղեցույց գաղափարախոսություն, կառավարությունը բավականին հաջողությամբ կրոնական բարոյականության շատ սկզբունքներ կիրառում է տնտեսական հարաբերություններում, բիզնեսում: Լավ վճարվող աշխատանքը համարվում է «կրոնական պարտք»: Արտադրություն բացելը համարվում է նույնքան աստվածահաճո գործ, ինչքան աղոթքը: Կապիտալի անարդյունավետ օգտագործումը (ասենք, բանկում սառեցնելը) ընկալվում է որպես «մեղք» եւ այլն:

Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը մեծ աշխատանք է տանում առավելագույնս թեթեւացնելու բյուրոկրատական արգելքները բիզնեսի համար, ձգտում է էկոնոմիկայում ստեղծել բարենպաստ պայմաններ եւ, որ շատ կարեւոր է, անվտանգություն գործարար մարդկանց համար: Այսինքն, «իսլամական» բիզնեսի համար բարոյական բարձր հատկություններ եւ բարձրակարգ տեխնոլոգիաները միատեսակ պարտադիր են: Եվ ստեղծված հարկային ու գործարար շահեկան մթնոլորտի առկայության դեպքում թուրքական բիզնեսը բարոյական պատասխանատվություն է վերցնում սոցիալական ոլորտում: Երկրի խոշորագույն գործարար հանրություններն ակտիվորեն զբաղվում են բարեգործությամբ, ֆինանսավորում են առավել տաղանդավոր երիտասարդների ուսումը արեւմտյան հեղինակավոր հաստատություններում, ստեղծում են ենթակառույցներ եւ այլն: Ավելին, իսլամական «համերաշխությանը» չմասնակցելը դառնում է անընդունելի. նման մարդու հետ ոչ ոք չի ուզենա գործ ունենալ:

Ի դեպ, բարոյական պատասխանատվությունը հեշտացնում է նաեւ պետության գործը. անհրաժեշտություն չի զգացվում պահպանելու ուռճացված վերահսկիչ մարմիններ:

Էրդողանն իսլամը նույնքան հաջողությամբ է օգտագործում նաեւ ներպետական հարաբերություններում: Քրդերն, օրինակ, դրականորեն են արձագանքել ազգամիջյան խնդիրները ոչ թե ազգայնական, այլ կրոնական հիման վրա լուծելու փորձերին:

Էրդողանի առաջարկած իսլամական տնտեսական մոդելը բարեհաճությամբ են ընդունում նաեւ նույնահավատ շատ պետություններ, որոնք նախկինում խեթ էին նայում Թուրքիայի «գերաշխարհիկ» պետական կառուցվածքին: Ուրիշ հարց է, որ ինչպես բուն Թուրքիայում, այնպես էլ դրսում բոլորին չէ, որ ձեռնտու է այդ երկրի խաղաղ ու բուռն զարգացումը, եւ անակնկալների կարելի է սպասել: Սակայն այս վերջին ընտրությունները պարզորոշ ցույց տվեցին, որ Թուրքիայի բնակչության մեծ մասը գերադասում է ապրել իսլամական արդյունավետ տնտեսական մոդելի պայմաններում, քան նվազ արդյունավետ աշխարհիկ իշխանության շրջանակներում:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4