«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2007-09-11 | #165, 2007-09-12 | #166, 2007-09-13


ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸՙ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Ազգային ժողովի միջանցքներում զրուցելով մեծամասնական պատգամավորներից շատերի հետ եկանք այն եզրակացության, որ Աղվան Հովսեփյանն առանց բարդությունների Ազգային ժողովից նորից դուրս կգա գլխավոր դատախազ դարձած, բայց չի կարողանա շրջանցել այն բազմաթիվ տհաճ հարցերը, որոնցից հաճախ խուսափում է` հաջողացնելով միայն երկու-երեք լրատվամիջոցի ընտրովի հանդիպել: Եվ երեկ նա, գլխավոր դատախազության աշխատանքը 20 րոպեի չափ ներկայացնելուց հետո, այդպիսի հարցերի պատասխանեց, այսօր եւս նրան հարցախեղդ կանեն` գրանցվել էին երկու տասնյակից ավելի պատգամավորներ: Որպես երկրի նախագահից առաջադրված թեկնածու, ում բարեփոխված սահմանադրությամբ պետք է նշանակի Ազգային ժողովը, երեկ Ա. Հովսեփյանն իր ելույթն սկսեց Հայաստանի դատախազության հիմնադրումից` 18 թվականից եւ մեր օրերի դատախազությունը նկարագրեց որպես միջազգային չափորոշիչներին եւ Եվրոմիության երկրների դատախազական համակարգերի կարգավիճակին հարմարեցված կառույց: Փորձությունների եւ փոփոխությունների ենթարկված դատախազական համակարգն այնպես է աշխատել վերջին տարիներին, որ նպաստել է օրինականության հաստատմանը, հանցավորության մակարդակի նվազեցմանը, պետական շահերի պաշտպանությանը եւ այլն: Ճիշտ է, սակայն, անհանգստացնող թերություններ ու բացթողումներ եւս նշվեցին` առանձին անձանց ու խմբավորումների մեջ անպատժելիության հոգեբանության ձեւավորումը, հանցավորության դեմ պայքարի անկատարությունը. թերությունները հետեւանք են առանձին աշխատողների ցածր պրոֆեսիոնալիզմի, իրենց բարձր դիրքի կոչման ոչ լիարժեք գիտակցման: Դատախազությունը սկզբունքորեն ազատվել ու ազատվելու է նման աշխատողներից` վերջին մի քանի տարին դատախազության 15 աշխատակից հեռացվել է աշխատանքից, 26-ը ենթարկվել կարգապահական տույժերի:

Վերջին տարիներին հանցագործության մակարդակը երկրում կայուն է եւ տատանվում է տարեկան 10-12 հազարի սահմաններում, ընթացիկ 8 ամիսներին այդ տվյալները մտահոգիչ չեն, նախորդ տարվա համեմատ հանցագործությունները նվազել են 13 տոկոսով: 110-ով նվազել են ծանր, 300 դեպքով` քրեական հանցագործությունները, 3-ով նվազել է սպանությունների թիվը եւ 21-ով` կողոպուտների ու ավազակային հարձակումների: Թեեւ շարքային քաղաքացուն այդ թվերով հազիվ թե համոզես, որ մեր երկրում հանցավորությունը պակասել է:

Հովսեփյանը շարունակում է. ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրների հետ համեմատած` հանցավորության ցուցանիշները բարվոք են: Տարեկան քննվում է 7-8 հազար քրեական գործ:

Զեկուցումը մարսելը թողնելով պատգամավորներին, անցնենք Ա. Հովսեփյանի տված պատասխաններին` այս օրերին հասարակությանն անհանգստացնող հարցերի:

Այսպես` Լոռու մարզի դատախազի սպանության գործի քննության խորթ մեթոդներին անդրադառնալով` Ա. Հովսեփյանը նախ շոու անվանեց Վանաձորում տեղի ունեցողը` կապված վկաներից ծեծուջարդով խլված ցուցմունքների բարձրաձայնման հետ, ասելով, թե կան մարդիկ, ում ձեռնտու չէ այդ հանցագործության բացահայտումը, հենց նրանք են կարծիք ձեւավորում, թե քննչական խումբը պատահական մարդկանց բռնում-տանում է հարցաքննության. «Բազմաթիվ անգամ ստուգվում է նրանց առնչությունը, նոր հարցաքննվում են»: Ա. Հովսեփյանն այս գործն ամեն մեթոդով բացահայտելու հակված չէ, բայց հակված է բացահայտելու: «Անթույլատրելի մեթոդներով ձեռք բերված ապացույցները, մեկ է, դատարանում պայթելու են», ասաց նա: Եվ նշեց մի ականատես աղջկա ի հայտ գալը, որը հավատացնում էր, թե տեսել էՙ ովքեր եւ ինչպես սպանեցին Ալբերտ Ղազարյանին, մինչդեռ դա ընդամենը քննությունը շեղելու փորձ է եղել: Եվ հաստատեց, թե ինքը հետեւում է, որ խորթ մեթոդներով ցուցմունքներ չկորզվեն: Բայց վկաների իրականությունն այլ է, դատախազական իրականությունն` այլ, եւ հենց Ազգային ժողովի դռների մոտ վանաձորցի շատ հարգարժան մի մարդ (անունը չենք նշում) պնդեց անթույլատրելի մեթոդներով ցուցմունք կորզելու պատմությունը:

Իսկ ինչպես եղավ, որ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը մի քանի օր առաջ երկարաձգվեց, ապա անսպասելիորեն փոխվեց: Ա. Հովսեփյանի պատասխանն ի տեղի եւ ժամանակի էր. ԱԱԾ-ի հարուցած գործի համար հիմք է ծառայել դրածո մարդկանց միջոցով Ռուսաստանի Դաշնությունից գումարներ ուղարկելու եւ ստանալու փաստը, իրականացվել են օրինական գաղտնալսումներ, հարցաքննվել են Հայաստանում գումար ստացած 9 դրածոները, որոնցից ոչ մեկն այդ գումարների հետ կապ չի ունեցել, դրանք ի վերջո հասցրել են հասցեատիրոջը: Ռուսաստան են մեկնել հայկական 2 քննչական խմբեր, եւ քանի դեռ երկրորդ քննչական խումբը չէր վերադարձել, խափանման միջոցը չէր կարելի փոխել, դրա համար էլ երկարաձգել են: Իսկ խմբի վերադառնալուն պես, երբ պարզվել է, որ բոլոր քննչական գործողությունները կատարված են, եւ արդեն ՌԴ-ում պետք է ռուսական կողմը գործողություններ կատարի, տնտեսվարող սուբյեկտներ ստուգվեն, դրա համար շատ ժամանակ է պահանջվում` այդ պահին էլ գլխավոր դատախազը խափանման միջոցը փոխել է: Գործը չի կարճվել` պարզելու համար, որ ուղարկված գումարները ոչ իրավական ճանապարհով են ձեռք բերվել. «Ոչ մեկը ծառայություն կատարելու համար 20 հազար դոլար չի ուղարկում», նկատեց դատախազը: Այս հարցն, այնուամենայնիվ, պատգամավորները վերակրկնեցին, երեւում է` գլխավոր դատախազի թեկնածուն չէր համոզել պատգամավորների մի մասին:

Խոսք եղավ, որ դատախազությունում ստեղծվելու է քննչական մարմին` բարձրաստիճան անձանց կոռումպացվածության դեմ պայքարելու համար: «Ժառանգությունից» Անահիտ Բախշյանի հետաքրքրասիրությունը` արդյոք ընտրվելուց հետո Գագիկ Ջհանգիրյանի հետ շարունակելո՞ւ է աշխատել (նա հղում արեց զինվոր -սպա հանցագործություններում միշտ մեղավոր դարձող եւ պատժվող զինվորներին), բավարարվեց այսպես. «Ոչ թե ես եմ նրա հետ աշխատում, այլ` ինքն ինձ հետ», եւ ավելացրեց. «Ես կողմնակից եմ, որ անմեղ մարդիկ չդատապարտվեն»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4