Երեկ ՀՀ Ազգային ժողով եւ կառավարություն ավանդական հարց ու պատասխանի ժամանակ հերթագրված պատգամավորների թիվը 3 տասնյակ էր: Հնչած հարց ու պատասխաններից հետաքրքրականները ներկայացնում ենք «Ազգ»-ի ընթերցողներին:
ՀՀ իշխանությունները տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել
«ԼՂՀ խնդրում որեւէ նոր զարգացում չկա: Այս շաբաթվա ավարտին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք հանդիպելու են ՀՀ եւ ԼՂՀ ղեկավարների հետ: Նոր զարգացումների պարագայում հանրությունը կտեղեկացվի: ԼՂՀ անվտանգությանը ոչինչ չի սպառնում այսօր, նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանի ընդհանուր զարգացումը նավթային գործոնի շնորհիվ», վստահեցրեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ի պատասխան պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցի: Վարչապետը հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարների ցանկությունները չեն իրականանում. «Նախանցյալ տարի Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ 2007-ին երկրի բանակը կունենա այնքան բյուջե, որքան Հայաստանի Հանրապետությունը, եւ խոսում էր միլիարդներից: Չհաջողվեց բնականաբար: ՀՀ կառավարությունը նպատակ ունի ՀՀ ԱԺ հետ 2008-ի համար ապահովել համարյա 2,5 միլիարդանոց բյուջե եւ պաշտպանության ծախսերը լինելու են մոտավորապես այնքան, որքան ՀՀ բյուջեն էր 1998 թվականին: Տեղեկություններ ունեմ, որ Ադրբեջանի 2008-ի բյուջեն լինելու է 6-6,5 մլրդ դոլարի սահմաններում եւ փորձում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 1 մլրդ դոլարի հավասար բյուջե»:
Սերժ Սարգսյանը նաեւ վստահեցրեց. «ՀՀ ղեկավարությունը ձեռնարկել է լրացուցիչ միջոցառումներ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահպանելու համար»: Վարչապետն ի վերջո հայտարարեց. «Հայաստանում կան անձինք ու քաղաքական ուժեր, որոնց համար ԼՂ խնդիրը քոռ կոպեկի արժեք էլ չունի եւ նրանք կարող են ուրախ լինել, եթե տարածաշրջանում սկսվի զինված բախում եւ, Աստված մի արասցե, մենք անհաջողություն ունենանք, բայց ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, որ նման բան չի լինի»:
Երկքաղաքացիություն կտրվի դեկտեմբերից
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հաստատվել է երկքաղաքացիության համար դիմելու կարգը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամանակացույցը, որը տեւելու է մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի առաջին տասնօրյակ: Ի պատասխան ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի հարցի, վստահեցրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նրա տեղեկացմամբՙ ժամանակացույցում ներառված է 13 ենթաօրենսդրական ակտ, աշխատանքն էլ ընթանում է ժամանակացույցի համաձայն: Արդեն մշակված եւ կառավարության հաստատմանն է ներկայացված հայերենի եւ սահմանադրության իմացության քննության կարգը: Երկքաղաքացիության համար դիմող անձանց կարգավիճակի առնչությամբ լրացում է կատարվել «Քաղաքացիության մասին» օրենքում, որով նախատեսվում է երկքաղաքացիներին տալ այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, բացառություններն էլ սահմանվելու են միջազգային պայմանագրերով եւ կոնկրետ օրենքներով:
Վերելակների ճակատագիրն անհույս չէ
Համաձայն հաշվարկների, Հայաստանի տարածքում բնակելի շենքեր սպասարկող 4 հազար 261 վերելակ կա, որոնցից 354-ը չի աշխատում, 38-ը լիովին փոխելու, 2 հազար 464-ն էլ հիմնանորոգելու անհրաժեշտություն կա: Վերջինի համար պահանջվող գումարն էլ 3 միլիարդ դրամ է կազմում: Հայթայթման մտահոգությունն էլ առկա է ՀՀ կառավարության գործնական ծրագրերում: Տեղեկացրեց տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ի պատասխան պատգամավոր Արման Սահակյանի հարցի:
ՀՀ պատմամշակութային հուշարձանները բանակցության առարկա չեն
Այս տարի Հայաստանի բնակիչները Խորավանք այցելելու պարագայում խախտած կլինեին Վրաստան-Հայաստան սահմանն ու կճանաչվեին օրինախախտներՙ պատժի կրմամբ: Սա վրացական կողմի կարծիքն է, որ բարձրաձայնեց պատգամավոր Արմեն Աշոտյանը: Այդ հեռանկարից խուսափելու համար մարդկանց արգելվել է ոտք դնել Ջիլիզակ գյուղից 10 կմ հյուսիս գտնվող Խորավանք: Մինչդեռ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցրեց. «Հայաստանի Հանրապետության պատմամշակութային որեւէ հուշարձան բանակցությունների առարկա չէ եւ չի կարող լինել»:
Պահպանենք ուսուցիչներին
Հայաստանի հատկապես լեռնային բնակավայրերում մեծ թվով դասարաններ են փակվել աշակերտներ չլինելու պատճառով: Միայն Սյունիքի մարզում փակվել է 150 դասարան, իսկ կրտսեր դպրոցի աշակերտները նախորդ տարվա համեմատությամբ քիչ են 1500-ով: Պատգամավոր Հեղինե Բիշարյանի այս կապակցությամբ առաջադրած հարցին կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ ուսուցիչներին չկրճատելու եւ մասնագետներ չկորցնելու նպատակով հանրապետության մանկավարժական բուհերում ստեղծվել են վերաորակավորման ֆակուլտետներ, որպեսզի ընդլայնելով ուսուցիչների մասնագիտացումը հնարավորություն տան վերջիններիս աշխատելու:
Երեւանի օրենքից հետո կանդրադառնան մետրոպոլիտենին
Երեւանի մետրոպոլիտենի շինարարության վերսկսումը մայրաքաղաքը հեշտորեն կազատի տրանսպորտային ծանրաբեռնվածությունից եւ զուգահեռաբար կկրճատի էկոլոգիական ակնառու խնդիրները: Հավատացած է պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Կառավարությունն ի դեմս տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, հավատացած է, որ մետրոպոլիտենի շինարարության վերսկսման եւ ընդհանրապես մայրաքաղաքի համար նրա դերի կարեւորության մասին նպատակահարմար կլինի խոսել Երեւանի նոր օրենքի ընդունումից հետո:
Եկող տարի 21 հազարից ավելի միջին կենսաթոշակ
1000-1500 դրամով կենսաթոշակի բարձրացմամբ շատերի ընտանեկան բյուջեն պակասեց 7000 դրամով: Մարդիկ զրկվեցին ընտանեկան նպաստ ստանալու հնարավորությունից: Այս իրականությունը հուզել էր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին, եւ համաձայն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի, այն կփոխվի 2008 թվականին. «Միջին կենսաթոշակը կհասնի 21 հազար 842 դրամի, որը, մեր կանխատեսումներով, կհամապատասխանի աղքատության գծին: Ավելանալու է նաեւ ընտանեկան նպաստը: Մենք 125 հազար նպաստառու աղքատ ընտանիք ունենք, բայց աղքատների թիվն ավելին է, իսկ 2008-ին աղքատների եւ նպաստառուների թիվը նույնն է լինելու»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ