«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2007-09-11 | #165, 2007-09-12 | #166, 2007-09-13


ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՇՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԸ

Կայան ավանից մինչեւ ադրբեջանական սահմանակից բնակավայր մի քանի տասնյակ մետր էՙ կիլոմետր էլ չի կազմում: Տավուշի մարզի այս բնակավայրի յուրաքանչյուր բնակիչ Կայանի գլխավոր փողոցով քայլող օտարականին զգուշացնում է, որ ճանապարհի վերջը Հայաստան-Ադրբեջան սահմանն է եւ շատ մոտ` լուսավորության հերթական սյունից սկսած: Սահմանագլխին նախկինում անցնող-դարձողին ողջունող հայուհու արձանը, որ տեղացիներն Արեւիկ են անվանում, այսօր միայն հեռվից է տեսանելի: Նույնկերպ հեռվից է նկատելի բույսերով ծածկված Հայաստան-Ադրբեջան ճանապարհը, որ եզրավորված է մոշի ու վարդի թփերով: Կայանցիներից մի քանիսը պատմեցին, որ այգիներում երկու կողմերին էլ լսելի են միմյանց ձայները, բայց անիրական` որեւէ խոսքի փոխանակումը: Սահմանի երկու կողմերում էլ ձգվող խաղողի այգիները բերրի են եւ ծանրաբեռնված շողշողացող բերքով: Չնայած դրան, Կայանում մշակման ենթակա հող չկա, ինչպես տարեցներից մեկն ասացՙ մնացել է սահմանից այն կողմ: Փոխարենը կայանցիներից ոմանք մշակահողեր են ստացել հարեւան Այգեհովիտի տարածքում: Սակայն եղածը ավանի բնակչությանը զերծ չի պահում սոցիալական ծանր խնդիրներից: Ի դեպ, Կայանը ծերացող բնակավայր համարելն էլ սխալ կլիներ. «Երիտասարդներ շատ կան գյուղումՙ չեն ամուսնանում: Աշխատանքի, սոցիալական խնդիրները շատ են, լուծումն էլ արտերկրում են փնտրում, գնում ու մնում են», տեղեկացրեց Կայանի միջնակարգ դպրոցի տնօրեն Լենա Վարդանյանը: Տավուշի փարթամ բնության գրկում, խորհրդային եղբայրական հանրապետությունների սահմանագլխին քաղաքատիպ բնակավայր ունենալը կարեւորելով, կառուցել են մի երկու տասնյակ խրուշչովկա եւ բնակիչներին աշխատանքով ապահովել տեղում գործող ծխախոտի գործարանում, որն այսօր ավերակ է ընդամենը:

Այսօր Կայան ավանի բնակիչները 370-ն են: Նրանցից գոնե մեզ հետ զրուցողները հպարտանում են իրենց օդ ու ջրով, բնության ու իրենց աշխատանքի պարգեւներովՙ պտուղներով, որոնք իրոք համեղ են եւ ոչ միայն. «Մեր մոշը ձեր շլորի չափ ա ու շատ համեղ, անտառն էլ լիքն ա պտուղներով: Էնա հավաքի ու ծախիՙ ափսոս, մեզ մոտ շատ էժան ա», պատմեց պատանի Տիգրան Երիցյանն ու անմիջապես հարցրեց. «Երեւան մոշն ի՞նչ արժե»: Թվերի տարբերությունը կրկնակիից էլ ավելի էրՙ թե Երեւանում 500-600, ապա Կայանում մոշի ամենից բարձր գինը 250 դրամ է: Տիգրանը չզարմացավ, միայն ափսոսաց: Ընտանիքը մեծ է, աշխատողը միայն հայրը, պայմանագրային զինծառայող է: Հետո պատանին հետաքրքրվեց, թե Երեւանում ոնց են ապրում, գործ կա՞, ու ինքն էլ պատասխանեց. «Դե, Երեւան գործ կինի, բայց անտառներ ու բաղեր կա՞ն»: Երեւանում ապրելու մասին հարցին Տիգրանը շատ շիտակ պատասխան տվեցՙ առանց պահ անգամ մտածելու. «Երեւան սկի եղած կա՞մ, որ գիտենամՙ կապրեմ, թե չէ: Մեր գյուղից էնա միջով Դիլիջան եմ քյացած: Իմ դպրոցը յոլա տանեմ, բաղերը անտեր չթողեմ, անտառ քինամ մոշի, պյանի, բայց դե ինստիտուտ կարայիՙ չէի բողոքի»:

Կայան ավանում իրադարձությունները քիչ են, վերջինը եղել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հաջորդն էլ կայանցիները վստահ են, որ կլինի նախագահական ընտրության ժամանակ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4