«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2007-09-11 | #165, 2007-09-12 | #166, 2007-09-13


ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՆ ՍԿՍՈՒՄ Է ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄԸ

Աճում են հայկական կոնյակի վաճառքի ծավալները

Սեպտեմբերի 15-ից Երեւանի կոնյակի գործարանը հայտարարում է 2007-ի այգեկութի սկիզբը: Այդ օրը խաղողի մթերումներ կիրականացվեն Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի եւ Բուրաստանի մթերման կետերում: Սեպտեմբերի 16-ին գյուղացիներից խաղող կընդունվի Արմավիրի, իսկ մի քանի օր անց Տավուշի մասնաճյուղերում:

Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում գործարանը ներկայացնող գործադիր տնօրեն Սեդրիկ Ռետայոն եւ արտադրության տնօրեն Ֆիլիպ Թիբոն տեղեկացրին, որ այս տարի գործարանը մտադիր է ավելացնել մթերվող խաղողի քանակը մինչեւ 28.700 տոննա, նախորդ տարվա 28.000-ի դիմաց: Ընդ որում, ընկերությունը նախորդ տարվա համեմատությամբ բարձրացրել է նաեւ 1 կգ խաղողի դիմաց վճարվող գումարըՙ 130 դրամի փոխարեն 133:

Ներկայացուցիչներն ընդգծեցին, որ մթերման ծավալների ավելացումը եւ գնի բարձրացումը հիմնված են նաեւ վաճառքի ցուցանիշների մեծացման վրա: Մասնավորապես հուլիսին եւ օգոստոսին «Արարատ» կոնյակի վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 11 տոկոս ավելի, նշված երկու ամսում կազմելով մոտ 420 հազար լիտր: Իսկ «Պեռնո Ռիկար» ընկերության ներմուծած ապրանքների վաճառքը կրկնապատկվել է:

Հետաքրքրական է, որ Երեւանի կոնյակի գործարանը «Վեդի ալկոյի» հետ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին կրկին շուկա կհանի Old Yerevan գինին, որ պատրաստվում է 100 տոկոս հայկական արենի տեսակի խաղողից: Գործարանի ներկայացուցիչների հավաստմամբ, մոտ ժամանակներս կլինեն նորություններ, որոնց մասին կտեղեկացվի:

Ինչ վերաբերում է «Վեդի ալկո» ընկերության հետ համագործակցությանը, ապա Սեդրիկ Ռետայոն պարզաբանեց, որ այստեղ մրցակցության առանձնակի հարց չկա, քանի որ «Վեդի ալկոն» մասնագիտացած է գինիների արտադրությամբ, իսկ Երեւանի կոնյակի գործարանըՙ կոնյակների: Եվ, որպեսզի գործարանը որակյալ գինիներ արտադրի, նախընտրել է համագործակցել մասնագետ գործընկերոջ հետ:

Լրագրողների հարցերին պատասխանելով, Ռետայոն պարզաբանեց, որ պայմանագրեր չունեցող գյուղացիների բերքի մթերում չի լինում, իսկ խաղողի նոր տեսակների Հայաստան բերելու հարցը սահմանափակված է օրենսդրորեն, որի համաձայն Հայաստանում թույլատրվում է օգտագործել 13 տեսակի խաղող կոնյակի արտադրության համար: Եվ եթե այդ օրենսդրական դրույթները փոխվեն, ապա ընկերությունը կաշխատի նոր տեսակների ուղղությամբ:

Կոնյակի հիմնական սպառումը սփյուռքահայերի շրջանում իրականացնելու ուղղությամբ Սեդրիկ Ռետայոն համաձայնեց, որ իսկապես հիմնական սպառումն իրականացվում է սփյուռքյան համայնքներում, բայց արդեն իսկ հետխորհրդային տարածությունում հատկապես միջոցառումներ են իրականացվում հայկական կոնյակի գովազդման ուղղությամբ: Բացի այդ, նմանօրինակ աշխատանքներ տարվում են նաեւ Մ. Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում:

Այն տեղեկությունները, թե «Պեռնո Ռիկարը» պատրաստվում է վաճառել Երեւանի կոնյակի գործարանը, Ռետայոյի հավաստմամբ, չեն համապատասխանում իրականությանը: Եվ քանի որ ընկերությունը մեծ ներդրումներ է անում հատկապես մասնաճյուղերում, զարգացնում է իր բիզնեսը, մյուս կողմից էլ աճում են հայկական կոնյակի վաճառքի ծավալները, ապա անտրամաբանական է կոնյակի գործարանը վաճառելու ցանկություն ունենալը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4