Գաղափարները, որ ընկած են «Ուղեւորություն արտաշխարհից դեպի ներաշխարհՙ ֆորմաներով եւ գույներով» աշխատանքների հիմքում, սեփական ինքնության ճանաչման որոնումներում նկարչուհի Ասիլվային հետեւող մտաձեւերի մի ողջ համակարգ է: Երեւույթների ու պատկերների բացահայտումների համար նա ընտրել է հայելինՙ իբրեւ խորհրդանիշ առարկա: Հայելին երեւույթի ֆիզիկական արտապատճենումից դուրս այլիմաստ նշանակություն է ձեռք բերել իր արվեստում: Նյութի երկարատեւ ուսումնասիրությունը նրան մոտեցրել է հոգեբանության, փիլիսոփայության, բնագիտության ասպարեզներին: Եվ տարիների իր ստեղծագործական աշխատանքների մեծ մասը կրում է դրանց ներգործությունը: Աշխարհը դիտել հայելու միջոցով եւ սեփական ինքնությունը փորձել ճանաչել հարթ ապակու արտապատճենման ֆիզիկական երեւույթից անդին: Անցում կատարել արտաշխարհից ներաշխարհՙ ֆիզիկայից մետաֆիզիկայինՙ հասնելով նուրբ սահմանագծին:
«Ես նայում էի իմ գիտակցության հայելու մեջ, որն արտացոլում էր այն, ինչ ես եմ իրականում, այլ ոչ թե ինչպիսին կուզենայի: Ե՛ս է, որ պետք է աշխատեմ ինձ վրաՙ մոտենալու համար այն կերպարին, որ կուզենայի տեսնել հայելու մեջ»: Իբրեւ խորհրդանիշ, հայելին ներաշխարհը պեղելու միջոցներից մեկը դարձնելովՙ հեղինակը ինքնամաքրումի, արդարամտության եզրեր է որոնում: Եվ երբ գտնում է բանալինՙ մտքի հստակության ու անկեղծության, այնժամ բառերն անիմաստ են դառնում: Ու գործի է դրվում գույնի ու պատկերաձեւերի միջոցը: Արվեստը ինքնաճանաչման գերագույն խնդրին ծառայեցնելը, շատ տրորված արահետ է, բայց եւ վստահելի: Ու սա արդարացված է, երբ արվեստագետը անկեղծ է իր ու իր հորինվածքի հետ: Ներքին ինքնախնամքն ու ճշտապահությունը բերում են մտքի հանդարտությանն ու մաքուր վիճակին, որն է յուրաքանչյուր անձի կատարյալ ներդաշնակության գլխավոր գրավականը:
Մտային այս ուղեւորությունները երկրաչափական ֆիգուրատիվ արտահայտություններ են ստացել Ասիլվայի այն աշխատանքներում, որ նա երեկ ներկայացրեց Ազգային պատկերասրահում: Նյութի զանազան միջոցների (թուղթ, կարդոն, ֆոլգա) գործածմամբ եւ խառը տեխնիկայով (ապլիկացիա, գրաֆիկա, ջրաներկ եւ այլն) արված այս գործերում պատկերի ճշգրիտ զգացողություն կա, ֆորմաների ճաշակՙ գույների «խիստ» կարգապահությունՙ սեւի ու արծաթափայլի, կարմիրի, ճերմակի, դարչնագույնի համադրությամբ:
Ասիլվան արմատներով պոլսեցի է, գեղարվեստական կրթությունը ստացել է Փարիզում, այժմ ապրում ու ստեղծագործում է Ֆրանսիայի մայրաքաղաքում: Նախապես հետեւորդն է եղել կերպարվեստի ավանդական մեթոդների, ակադեմիական ոճի: Բայց 25 տարի արդեն աբստրակտ արվեստի մոդեռն ոճի մեջ է իր գաղափարներն իրացնում:
«Գաղափարները աբստրակտ ոճով տալը ավելի դժվար է: Աբստրակտ կամ ֆիգուրատիվՙ տարբերություն չկա: Մարդը կտեսնե ան, ինչին վարժված է: Երբ առարկա մը հակառակը դարձնես, մարդը չի ճանչնար: Աչքը, ուղեղը վարժված են որոշ ձեւով մը առարկաները տեսնել, աբստրակտը աչքեն այդ վարժությունը կհանե: Ես ֆիգուրատիվ նկար մը ունեիՙ մարդըՙ ձեռքերը պարզած, երբ նկարը հակառակ դարձուցի, որեւէ մեկը չհասկցավ, որ նույն նկարն է»:
Գեղանկարչության, արվեստի արդի մոտեցումները ավելի հաճախ են անտրամաբանական ու անհեթեթ դրսեւորումներ ստանում, սա մեզ փորձում է թույլ հուշել, թե արվեստն անելիք չունի այլեւս: Միանգամայն հակառակ ուղղությամբ է Ասիլվայի հայացքը: «Այսօրվա գեղանկարչությունը շատ տարբեր ճամփու վրա է: Ամեն բան փոխված էՙ մեր մտածելակերպը, ապրելակերպը, նկարիչներու գործերն ալ փոխված են: Չենք կրնար հինին կապվելովՙ ետ քալել, ստիպված ենք առաջ երթալ: Իսկական նկարիչները իրենց ժամանակեն միշտ ալ առաջ են գացած: Նկարչության ճամփան բաց է: Գիտությունը, ճիշտ է, կա, շատ հառաջացած է, բայց մենք միշտ երազելու պետքությունը ունինք: Այս նկարներուն եթե նայիք, ձեզի կառնեն, ուրիշ աշխարհ կտանին»:
Փարիզեցի հայ նկարչուհին հույս ունի, որ մի օր էլ Երեւանն է նկարիչներին դեպի իրեն ձգելու, որ քաղաքները արվեստագետ չեն ստեղծում, եւ որ «արվեստագետը ինքն իր մեջ կըլլա»:
Ներկայացնենք արվեստաբան Շահեն Խաչատրյանի կարծիքը. «Ֆրանսիայից եկած հայ նկարչուհին մեզ ցույց տվեց ամեն բանից առաջ բարձր ճաշակ: Այս ցուցահանդեսը տեսնելուց հիշեցի Վիկտոր Հյուգոյի այն խոսքը, որ ճաշակը տաղանդի բանականությունն է: Այստեղ ոչ միայն զգում ենք բարձր ճաշակ, այլեւ տեսնում պատկերի կառուցման առանձնահատկություններ, արդիական ձեւերի, գույների այնպիսի ներդաշնակություն, որ ստեղծում է արվեստի ազնիվ մթնոլորտ, որ մղում է մաքրության, ճշտության, մտածումի: Սրանք արվեստագետի համար բացառիկ արժանիքներ են, եւ պետք է գնահատել: Առանձնապես ուրախ եմ այն բանի համար, որ իր մեջ ապրում է սքանչելի մի հայուհի, մեկը, որ կարող է Ֆրանսիայից գալ ու Հայաստանի որբանոցի երեխաների ճակատագրով մտահոգվել, նրանց հետ ժամանակ անցկացնել, մի խոսքով սրտի պարտք կատարել»:
Ցուցահանդեսի առիթով Փարիզում հրատարակվել է ֆրանսերեն, հայերեն եւ անգլերեն ճաշակավոր կատալոգ, արվեստաբան Յուրի Խաչատրյանի խմբագրությամբ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ