Շաֆաքը դառնում է Թուրքիայի մեծ գրողներից մեկը
Փարիզի «Լը կանար անշենե» երգիծաթերթը տեղեկացնում է, որ «Ֆեբուս» հրատարակչությունը լույս է ընծայել 36-ամյա թրքուհի Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» վեպըՙ թարգմանված անգլերեն բնագրից: Նշվում է, որ տվյալ գրքով հեղինակն ընդվզում է Թուրքիային առնչվող բոլոր քարացած պատկերացումների դեմ:
Վեպն արկածների, կրքի, մոլեգնության եւ հումորի յուրօրինակ խառնուրդ է: Նախաբանի հեղինակ Ամին Մաալուֆը գրում է, որ գիրքը թուրքերի «անհանգստության» մասին է: Իսկ վերջաբանում «անզուսպ» Շաֆաքը պատմում է, որ քիչ էր մնացել Թուրքիայում իրեն 3 տարվա բանտարկության դատապարտեին գրքում թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու համար (ՔՕ 301-րդ հոդված):
Ըստ փարիզյան թերթի, «Ստամբուլի բիճը» վեպն անտարբեր չի թողնում ընթերցողին, քանզի գրված է մեծ վարպետությամբ: Խոսքը մի տարօրինակ մենամարտի մասին է, որին մասնակցում է երկու ընտանիք: Մեկի անդամներն ամերիկահայեր են, մյուսինըՙ ստամբուլցի թուրքեր: Ամեն էջում առկա են ծիծաղ, լաց, զարմանք եւ այլն:
Ստամբուլի Կազանչի ընտանիքում միայն կանայք են. տղամարդիկ շատ արագ անհետանում են կամ լքվում: Այդ ընտանիքում տիրում է իսկական թուրքական միջավայրՙ իր տարօրինակություններով եւ ժամանակավրեպ սովորույթներով: Ընտանիքի մայրըՙ Գյուլսումը, իշխում է 4 դուստրերի վրա, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ է:
Կրտսերըՙ 19-ամյա Զելիհան, սկանդալի պատճառ է դառնում: Նա անսանձ է, ականջին հագցված օղակ է կրում, չափազանց կարճ շրջազգեստ է հագնում եւ բարձր, սուր կրունկով կոշիկներ: Հենց առաջին գլխում Զելիհան Ստամբուլում շրջում է վիժեցում կատարելու նպատակով, չմոռանալով հընթացս ձեռք բերել թեյի հերթական սպասքը: Տուն վերադառնալովՙ նա քույրերին եւ մորը սառնորեն հայտարարում է, որ ինքը չի ազատվել անցանկալի հղիությունից, եւ որ աղջիկ երեխա է ծնվելու: «Նա բիճ կլինի: Դու ընտանիքի խայտառակությունն ես: Ահա թե ինչ է պատահում, երբ հագնվում են պոռնիկի պես», բղավում է մայրը:
Բիճն անվանակոչվում է Ասյա եւ դառնում է վեպի հերոսուհին: 20 տարեկանում նա հաճախում է «Կունդերա» սրճարան, որտեղ հավաքվում են Հայոց ցեղասպանության թեմայից խուսափող թուրքերը: Ասյան դիմավորում է Ամերիկայից եկած մի հեռավոր ազգականուհուՙ Արմանուշին, որին Ամի են անվանում: Վերջինս Թակմախյան ընտանիքից է, բայց աներըՙ Մուստաֆան, Կազանչի տոհմից է: Ստամբուլում իրեն հյուրընկալողների մոտ հասնելուն պես Ամին բարձրաձայն հայտարարում է, որ ինքը հայուհի է:
Սկսվում է մեծ առճակատում հայոց անցյալի կապակցությամբ: Բանավեճերի կենտրոնում ցեղասպանության թեման է: Եվ Էլիֆ Շաֆաքը չի վախենում թուրքական միջավայրում սուր հարցադրումներ անելուց: Առճակատումը հետաքրքրական է, ուժգին: Հայուհի Ամին եւ թրքուհի Ասյան ընկերանում են եւ հնարավոր դարձնում անսպասելի մերձեցումները:
Շաֆաքը ողբերգական թեմայի շուրջն իսկական վեպ է հյուսում մեկը մյուսից տարօրինակ կերպարներով եւ անսպասելի հանգուցալուծումներով: Վեպը գրված է ամեն ինչ սրբող-տանող թեթեւությամբ:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ