Այսօր Մեխիկոյում կտրվի շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկը: Ութ ուժեղագույն գրոսմայստերները, որոնց թվում է եւ Հայաստանի շախմատիստների անվիճելի առաջատար Լեւոն Արոնյանը, երկու շրջանից բաղկացած մրցաշարի արդյունքներով կորոշեն շախմատային թագի դափնեկրին: Մեխիկոյում Լեւոն Արոնյանի (2750) մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (2792), աշխարհի ներկայիս չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (2769), Ալեքսանդր Մորոզեւիչը (2758), Պետեր Լեկոն (2751), Պյոտր Սվիդլերը (2735), Բորիս Գելֆանդը (2733) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (2726): Չեմպիոնը հայտնի կդառնա սեպտեմբերի 30-ին: Եթե մեկից ավելի մասնակիցներ վաստակեն հավասար միավորներ, ապա նրանց միջեւ արագ շախմատի կանոններով լրացուցիչ մրցախաղ կանցկացվի:
Մրցաշարի մասնակիցների մեջ 5-րդ վարկանիշն ունեցող Լեւոն Արոնյանն իր մարտավկա Գաբրիել Սարգսյանի հետ մեկ շաբաթ առաջ է մեկնել Մեխիկո, ինչը կօգնի նրան կլիմայափոխվելու, ընտելանալու ժամային գոտիների փոփոխությանը: Մրցախաղը սկսվելու է տեղական ժամանակով 14-ին (Երեւանի ժամանակով` 24-ին): Սեպտեմբերի 17-ը, 22-ը եւ 26-ը հանգստյան օրեր են մասնակիցների համար:
24-ամյա հայ գրոսմայստերը շախմատային փառահեղ ուղի է անցել եւ հուսանք, որ նրա նվաճումների գագաթնակետը կլինի աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալը: Մասնագետներից շատերը շախմատային թագը նվաճելու Արոնյանի հնարավորությունները բարձր են գնահատում` գտնելով, որ հայ գրոսմայստերն արդեն պատրաստ է գրոհելու շախմատային օլիմպոսը: Այդ են վկայում վերջին տարիներին նրա կայուն ելույթները եւ նվաճումները միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում: Բուքմեյքերներն աշխարհի չեմպիոն դառնալու Արոնյանի հնարավորությունները գնահատել են 1:5 հարաբերությամբ: Եկեք վերհիշենք Լեւոնի հաղթական նվաճումները: 2005-ին Խանտի Մանսիյսկում Լեւոնը դարձավ աշխարհի անդրանիկ գավաթակիրը: Հաջորդ տարի առաջին անգամ մասնակցելով Լինարեսի գերմրցաշարին, Արոնյանը հաղթող ճանաչվեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների մրցավեճում: Այնուհետեւ Թուրինում գլխավորելով Հայաստանի հավաքականը, իր թիմակիցների հետ փառահեղ նվաճման հասավ շախմատային օլիմպիադայում` մեծապես նպաստելով օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալների նվաճմանը: Մայնցում 5-3 հաշվով հաղթելով ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, հայ շախմատիստը նվաճեց Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, տարեվերջին էլ Մոսկվայում առաջին տեղը գրավեց Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Արոնյանը հաղթանակով սկսեց նաեւ մրցաշրջան-2007-ը: Հունվարին հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում անցկացված ավանդական մրցաշարում Արոնյանը Թոփալովի եւ Ռաջաբովի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը` վաստակելով 8,5 միավոր: Ընդ որում, այդ մրցաշարում Լեւոնն անպարտելի էր: Նա մեծ վերելքով անցկացրեց նաեւ մայիսին Երեւանում աշխարհի ներկայիս չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ կայացած արագ շախմատի մրցախաղը: Առաջին պարտիայում անհաջողության մատնվելուց հետո հայ շախմատիստն այնուհետեւ 3 անընդմեջ հաղթանակ տարավ եւ մրցախաղը շահեց 4-2 հաշվով: Իսկ օգոստոսին Մայնցում հաղթելով Անանդին, պահպանեց Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Իսկ ինչպիսի՞ն են Արոնյանի անձնական ցուցանիշները մրցաշարի մասնակիցների հետ դասական շախմատի մրցախաղերում: Հայ շախմատիստը դրական արդյունքի է հասել Լեկոյի (+3=7-1), Սվիդլերի (+3=10-2) եւ Գրիշչուկի (+2=3-1) հետ մրցախաղերում: Կրամնիկի հետ արդյունքը հավասար է (+3=6-3), իսկ ահա Անանդի (+2=8-3), Գելֆանդի (+2=10-4) եւ Մորոզեւիչի (+1=3-4) հետ մրցախաղերում առայժմ հայ շախմատիստի հաշվեկշիռը բացասական է: Բայց իհարկե այս վիճակագրությունն առանձնակի նշանակություն չունի: Մեխիկոյում առաջին պլան կմղվեն շախմատիստների ներկայիս մարզավիճակը, հոգեբանական եւ ֆիզիկական պատրաստությունը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ